կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-04 17:25
Տնտեսական

Կառավարությունը ձախողել է 2019 թվականի գյուղատնտեսական ծրագրերը

2019 թվականի հիմնական խնդիրը կառավարման արդյունավետությունն էր։ Կառավարությունը չունի թիմ, ծրագիր, որը թույլ կտա առավել արդյունավետ կառավարել տնտեսությունը, պետական համակարգը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ ամփոփելով նախորդ տարին։

Տնտեսագետի կարծիքով իշխանություններն ուղղակի չեն տիրապետում իրավիճակին, իսկ եթե տիրապետում են, ապա չունեն քաղաքական այն կամքը, որպեսզի այդ ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնեն, քանի որ դրա հետևանքով, ըստ Սուրեն Պարսյանի, կարող է նրանց ռեյտինգը նվազել, ինչին իշխանությունները պատրաստ չեն։

«Դրա լավագույն օրինակը սպանդանոցային մորթն է։ Այն դրական պրոցես է, պետք է իրականացվեր համակարգված, ծրագրված, բայց հանրային պահանջի պայմաններում նրանք անմիջապես հետ նահանջեցին։ Դա խոսում է այն մասին, որ նրանք ոչ թե նախապատրաստվել էին հունվարի 15-ին, այլ սպասել էին։ Կառավարությունը չէր նախապատրաստվել, մարդիկ տեղյակ չէին, սպանդանոցները պատրաստ չէին դրան»,-նկատեց տնտեսագետը, ում պնդմամբ կառավարման անարդյունավետությունը շարունակվում է մինչ օրս։ Այդ մասին են խոսում հատվածական այն քայլերն ու որոշումները, որոնք հաճախ միմյանց հակասում են։

Սուրեն Պարսյանը գտնում է, որ սպանդանոցի միջոցով մորթի իրականացումը լուծում է նախ սննդի անվտանգության խնդիրը, իսկ հետո նաև ստվերի խնդիրը, քանի որ սպանդանոցներից դուրս եկած միսը չի կարող ստվերային շրջանառության մեջ գտնվել, սակայն այս ոլորտում լուրջ խնդիր ունենք. «Այս սպանդանոցների ծառայությունների արդյունքում ծախսերը կարող են գնաճ առաջացնել, որի արդյունքում տնտեսվարողները կարող են տուժել։ Նրանք չեն կարողանա մրցակցել ներմուծվող մսամթերքի հետ։ Հիմա ներմուծում ենք մեծ քանակությամբ խոզի, տավարի միս, որոնք կարող են մեր տնտեսվարողներին դուրս թողնել շուկայից»,-ասաց տնտեսագետը, ով նշեց՝ գյուղատնտեսության ոլորտի խնդիրները կառավարությունը պետք է լուծի սուբսիդավորման, աջակցման ծրագրերի միջոցով։

Դիտարկմանը, որ սպանդանոցային մորթի իրականացումը հետաձգվել է մինչև հուլիսի 1, որպեսզի ուսումնասիրվեն սուբսիդավորման ծրագրերը, վարկերը, Սուրեն Պարսյանն ասաց՝ չի կարծում մինչև հուլիսի 1-ը կկարողանան իրականացնել այդ աշխատանքները, քանի որ դրանք բազմաբնույթ են՝ կազմակերպական, տեղեկատվական. «Եթե հանրային պահանջը մեծ լինի, դարձյալ կհետաձգեն։ Դրան է գումարվելու նաև ներդրողների անվստահությունը։ Սպանդանոցների սեփականատերերը կամ նրանք, ովքեր ցանկանում են այս ոլորտում գործունեություն սկսել՝ տեսնելով, որ հանրային ճնշման դեպքում կառավարությունն ընկրկում է, կարող են այդ բիզնեսը չսկսել»,-ասաց Սուրեն Պարսյանը՝ ընդգծելով, որ սա նույնպես անորոշություն է ստեղծում, քանի որ ներդրումային տեսանկյունից կարևոր է ունենալ կանխատեսելի, վերահսկելի ներդրումային միջավայր, հարկային օրենսդրություն, վարկային քաղաքականություն. «Նույն այս կառավարությունը չկարողացավ ամբողջ ծավալով իրականացնել 2019 թվականի իր գյուղատնտեսական ծրագրերը։ Ձախողել է բոլոր ծրագրերը։ Չկա գյուղատնտեսական մի ծրագիր, որ 100 տոկոսով իրականացված լինի»,-նշեց տնտեսագետը։

Վերջինս արձանագրեց նաև 2019 թվականի ընթացքում տեղի ունեցած դրական երևույթները, այդ թվում ուսուցիչների, զինվորականների, ԱԻՆ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը, ինչպես նաև մի քանի ուղղություններով նպաստների բարձրացումը, որոնք, սակայն, տնտեսագետի կարծիքով այս ուղղություններով կատարված քայլերը համահունչ չէին կառավարության որդեգրած ընդհանուր տնտեսական քաղաքականության հետ. «Մի կողմից կառավարությունը որոշում կայացրեց հարստացնել հարուստներին, միևնույն ժամանակ որոշակի սոցիալական ծրագրեր իրականացրեց՝ մեղմելով հանրային բողոքը։ Սակայն այդ սոցիալական ծրագրերը հանրային սպասումները չեն բավարարել։ Իշխանափոխությունից հետո հանրությունն ավելի մեծ սպասումներ ունի և դա պայմանավորված է նրանով, որ նույն այս իշխանությունը բավականին շռայլ խոստումներ է տվել»,-ընդգծեց Սուրեն Պարսյանը։