կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-14 14:20
Տնտեսական

Կառավարությունը 74 տոկոսով ձախողել է կապիտալ ծախսերի ծրագիրը. Սուրեն Պարսյան

Կառավարությունը 74 տոկոսով ձախողել է կապիտալ ծախսերի ծրագիրը. Սուրեն Պարսյան

Տնտեսական հեղափոխությունը սկսվեց ու ավարտվեց տնտեսական հեղափոխության մասին հայտարարությամբ. այսօր՝ հոկտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսում նշեց տնտեսագետ, ՀՅԴ փորձագետ Սուրեն Պարսյանը:

«Պետք էր  հեղափոխական քաղաքականություն վարել, նոր մոդելներ առաջարկել, բայց առ այսօր նման նոր մոտեցումներ, նոր մոդելներ չեն ներկայացվել: Հին հատակագծով նոր քաղաք չես կառուցի: Մեր կառավարությունը, եթե ցանկանում է նոր տնտեսություն կառուցել, պիտի նոր տնտեսական մոդել առաջարկի, մինչդեռ՝ այն շարունակում է աշխատել նախորդ՝ նեոլիբերալ տնտեսական մոդելով, որը ենթադրում է, որ հարուստները պիտի ավելի հարստանան, որ մնացածին պահեն: Նման ձևով որևէ երկիր չի զարգացել, և Հայաստանն էլ չի զարգանա, ու մենք պիտի մշակենք մեր ներառական տնտեսական պարտականությունները»,- ասաց նա:

Պարսյանի խոսքով՝  թեև կառավարությունն իր ծրագրում նշել է ներառական տնտեսական աճ, բայց  պետական տրամաբանությամբ այդ ներառականությունն այն է, որ հնարավորություն տան բոլորին տնտեսական գործընթացների մեջ ներգրավվելու: «Այսինքն՝ սա են միայն սահմանում ներառականության տակ, բայց իրականում այն արդյունքի արդարացի վերաբաշխումն է հասարակության լայն շերտերի միջև: Այսինքն՝ այն ամենը, ինչ ստեղծվում է հասարակության մեջ, պետք է բաշխվի հասարակության մեծ մասի միջև, չպետք է օգտվեն մի խումբ անձինք, այլ պետք է օգտվեն հասարակությունը, պետությունը»,- նշեց նա:

Ամենալավ օրինակը, ըստ տնտեսագետի, մեր տնտեսական ակտիվության ցուցանիշն է. վերջին 8 ամիսների կտրվածքով տնտեսական աճը 7 տոկոս է, սակայն այդ ակտիվությունից չի օգտվել հասարակության մի զգալի մասը. դարձյալ այն բաշխվել է մի խումբ անձանց կամ ոլորտների միջև, որը չի նպաստել, որ ընդհանուր կենսամակարդակի կտրուկ կամ միջնաժամկետ բարելավում լինի:

«Ցավոք, այս կառավարությունը գնաց պրոգրեսիվ հարկային քաղաքականությունից հրաժարվելու ճանապարհով, որը կարևորագույն գործիքներից մեկն էր. ըստ դրա՝ շատ ստացողը պիտի շատ վճարեր, քիչ ստացողը՝ քիչ: Այս մոդելից նրանք հրաժարվեցին և գնացին ավելի ծայրահեղական մոտեցումներով: Հարկային քաղաքականությամբ՝ 56 մլրդ վերադարձվեց խոշոր բիզնեսին. հայտարարեցին, որ 9000 բիզնեսի են վերադարձրել, բայց իրականում վերադարձվեց մի խումբ անձանց, որոնք զբաղվում էին արտահանմամբ, կամ հանքարդունաբերության, էներգետիկ համակարգերի կամ շինարարության ծրագրեր էին: Երբ կառավարությունը հայտարարում է, որ մենք գերակատարում ենք հարկերի հավաքագրումը, մոռանում է նշել, որ հարկաբյուջետային քաղաքականությունը միայն հարկերի հավաքագրումը չէ, այլ նաև ծախսերը: Այս կառավարությունն իր կապիտալ ծախսերի ծրագիրը, 6 ամսվա կտրվածքով, ձախողել է 74 տոկոսով, և դա դեռ շարունակվում է: Իսկ որո՞նք էին կապիտալ ծախսերը՝ դպրոցները, ջրամբարները, ճանապարհները, այսինքն՝ այն խոշոր, հիմնական միջոցները, որ պիտի ստեղծեին տնտեսական աճ ոչ միայն այս տարվա համար, այլև՝ հաջորդ տարիների: Սրանք կարևորագույն տնտեսական աճի աղբյուր են եկող տարիների համար: Մենք եթե դրանք չենք անում հիմա, հաջորդ տարիներին խնդիր ենք ունենալու, և այս գործընթացը որևէ ձևով չի կառավարվում, փորձ չի արվում ուղղել»,- ասաց նա:

Պարսյանի դիտարկմամբ՝ կապիտալ ծախսերի ծրագրերի ձախողմամբ պայմանավորված՝ տարեվերջին կտեսնենք, որ 220 մլրդ դրամը, որ նախատեսված էր, չի կատարվում: