Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՀ Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի վերջին լիագումար նիստում այսօր ձայների` 26 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ ընդունվել է «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:
Նախքան քվեարկությունը` ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Ալյոշա Գաբրիելյանը ներկայացրել է խմբակցության տեսակետը: Ելույթում նա ասել է.
«Մեծարգո նախագահ Արցախի Հանրապետության,
Հարգարժան գործընկերներ, կառավարության անդամներ,
Սիրելի հայրենակիցներ,
Անցած տարիների տնտեսական զարգացման միտումները գործադիր իշխանությանը հնարավորություն են ընձեռել նորովի վերանայելու երկրի 2019 թվականի սոցիալ-տնտեսական զարգացումների ու կանխատեսումների ծրագրերը, որն իր արտացոլումն է գտել այս տարվա ներկայացված պետական բյուջեի նախագծում:
Անհրաժեշտ է նշել, որ 2019 թ-ի բյուջեում պրոֆիցիտի առկայությունը նորություն է ընդհանրապես, որն իր հերթին ենթադրում է բյուջեի ծախսային մասում կատարելու ծրագրային նոր հավելումներ ու կանխատեսումներ:
Ոչ պակաս կարևորություն է ներկայացնում առաջին անգամ բյուջեն ուղեկցող փաստաթղթերում կապիտալ շինարարության ծրագրի առկայությունը: Փաստը գնահատելի է, քանզի այն հնարավորություն է տվել օրենսդիրին ոչ միայն հանդես գալու մեծաքանակ առաջարկություներով, այլև, որ ավելի կարևոր է, գնահատել կապիտալ շինարարության ծրագիրը՝ բովանդակության և նպատակաուղղվածության առումով:
Ողջունելի կարելի է համատեղ նաև որոշ ոլորտների աշխատողների և սոցիալական խմբերում ընդգրկվածների աշխատավարձերի, թոշակների և նպաստների բարելավմանը միտված գործընթացները՝ ակնկալելով, որ հետագա տարիներին այն իր արտացոլումը կգտնի նոր ոլորտների, կրթության ու մշակույթի, սոցիալական խմբերի վրա:
ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը կարևորում է նաև Արցախի ներդրումային հիմնադրամում կատարված բարեփոխումները, որոնք էական դերակատարություն կունենան հատկապես գյուղաբնակների կյանքի բարելավման և գյուղական բնակավայրերում նոր ներդրումային քաղաքականություն իրականացնելու համար: Գտնում ենք, որ համանման քաղաքականություն պետք է իրականացնել Գյուղի և գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում ևս:
Ընդհանուր առմամբ խմբակցությունը 2019 թվականի պետական բյուջեն գնահատում է իրատեսական՝ որպես երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող և սոցիալական առավել ուղղվածություն արտահայտող բյուջե: Սակայն ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ էլ «Դաշնակցություն»խմբակցությունը կարծում է, որ բյուջետային քաղաքականության հիմքում առաջին հերթին անհրաժեշտ է հաշվի առնել Արցախի անվտանգության բաղադրիչները և հենց այդ ենթատեքստում դիտարկել բյուջեի ծախսերի ուղղվածությունն ու տարվա կտրվածքով միջոցների հատկացումները:
Հարգելի գործընկերներ.
2018 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական արդյունքները և կանխատեսումները ցույց են տալիս, որ բյուջեի կատարողականի վրա էական ազդեցություն են գործում և դոմինանտ դերում են հադես գալիս տնտեսության մի քանի ճյուղեր: Մտահոգությունների տեղիք է տալիս հատկապես գյուղատնտեսության բնագավառը, գյուղմթերքների արտադրության ներկայիս պատկերը, փոքր և միջին ձեռներեցության թերզարգացվածության մակարդակը:
Արցախի հիմնահարցը միջազգային բեմահարթակներում առավել արդյունավետ և ազդեցիկ ներկայացնելու համար նպատակահարմար ենք գտնում ընդլայնել այլ երկրներում Արցախի ներկայացուցչությունները և դրանց հատկացվող բյուջետային միջոցները:
Մտորելու տեղիք է տալիս նաև բնակչության քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ տարվող քաղաքականությունը, բնագավառում տիրող վիճակը: Թեկուզև կառավարությունը, ընդառաջ գնալով խմբակցության առաջարկությանը, որոշակիորեն բարելավել է հատկացվող գումարի չափը, գտնում ենք, որ այս ուղղությամբ անելիքներ շատ կան: Մենք հույս ունենք, որ առաջիկայում այդ ոլորտում կորդեգրվի նոր քաղաքականություն:
Մեզ անհանգստացնում են նաև կապիտալ շինարարության ուղղությամբ գործադիր իշխանության կողմից ձեռնարկվող քայլերը և տարվող քաղաքականությունը: Առաջարկում ենք հետագա տարիներին առավել շրջվել դեպի գյուղական միջավայրը, առավել աջակցություն ցուցաբերել գյուղին և գյուղացուն:
Կարևորելով Արցախի վարչատարածքային միավորների համաչափ զարգացումը, գտնում ենք, որ միջոցների տրամադրումը ունի ռազմավարական նշանակություն և իր մեջ ներառում է ազգային անվտանգության բաղադրիչ: Ի դեպ, դրան ուղղված քայլերից մեկն էլ պետք է դառնա գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը: Նպատակահարմար է 2019թ. ամեն շրջանում ստեղծել մեկ կամ երկու նմանատիպ օրինակներով տնտեսություններ, որոնց դրական փորձը վարակիչ կդառնա նաև մյուսների համար:
Խմբակցությունը մտահոգված է նաև բնապահպանության ներկայիս վիճակով և նպատակահարմար է գտնում բարձրացնել պատկան մարմինների կողմից վերահսկողության գործառույթները:
Անհրաժեշտ է նաև փուլ առ փուլ իրականացնել բնակչության կողմից նախկինում բանկերում դրված ավանդների հետ վերադարձման գործընթացը՝ ՀՀ-ում գործող կարգին համահունչ:
Այս ամենով հանդերձ,
ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին և համոզմունք ունի, որ կառավարությունը լրջագույնս կմոտենա նախատեսված ծրագրերի իրականացմանը»: