կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-25 19:19
Քաղաքական

Ավագանին կողմ քվեարկեց Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրին

Ավագանին կողմ քվեարկեց Երևանի  զարգացման 2019 թվականի ծրագրին

Երևանի ավագանին կողմ քվեարկեց մայրաքաղաքի 2019 թվականի զարգացման ծրագրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասաց, որ ինչպես Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրում, այնպես էլ մեկնարկային 2019 թվականի զարգացման ծրագրում Երևանի քաղաքապետարանի գործունեության, ծրագրերի մշակման և իրականացման ուղենիշ լինելու է թափանցիկության և բնակչությանը լիարժեք հաշվետու լինելու ապահովումը, մարդու իրավունքների, հանրային տարածքների, շրջակա միջավայրի և պատմամշակութային ժառանգության պաշտպանության գերակա սկզբունքներով որոշումների կայացումը, քաղաքի մասնակցային կառավարման մշակույթի ձևավորումը, քաղաքի կառավարման ներառականության ապահովումը, իրավահավասար ու ներդաշնակ համակեցության մշակույթի հանրահռչակումն ու ձևավորումը:

«Ծրագիրը նպատակ ունի նախանշել և լուծել մայրաքաղաքի աղբահանության և ընդհանրապես, կենցաղային կոշտ թափոնների կառավարման հիմնախնդիրը: Ծրագրում կարևորվում է բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում էական փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը, արդյունավետության բարձրացումը: Նախատեսվում է տալ հասարակական տրանսպորտի համակարգային և ամբողջական արդիականացման մեկնարկը»,- ասաց նա:

Սարգսյանի խոսքով՝ ծրագրի գերակա ուղղություններից է ապօրինի կառուցապատման բացառումը: Հանրային կանաչ տարածքների ավելացումը, նոր հանգստի գոտիների և այգիների ստեղծումը ոլորտի առաջնահերթություններն են: Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի կարևորագույն ոլորտներից են սոցիալական ապահովությունը և առողջապահությունը: Կիրականացվեն հոգածության տարաբնույթ ծրագրեր: Կրթական որակի բարելավումը, երեխաների կրթության համար մեկնարկային հավասար պայմաններ ստեղծելը, հասանելիության բարձրացումը, կրթական հաստատությունների պայմանների և հարմարավետության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև ներառական կրթության համակարգի զարգացումը կարևորվում են Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրով:

«Ծրագրով նախատեսվում է նաև մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված նպատակային քայլերի իրականացում: «Խելացի Երևան» ծրագրի շրջանակում նախատեսվում է կառավարման օպտիմալացում ու ծառայությունների որակի բարելավում, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում: Քաղաքային տնտեսության զարգացման գործում կարևորվում է համայնք-մասնավոր հատված համագործակցության խրախուսումը և համատեղ իրագործվող ծրագրերի շրջանակի ընդլայնումը»,- հավելեց Երևանի փոխքաղաքապետը։