Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը վերջին օրերին նկատում է բեյրության ցույցերի ոճի կտրուկ փոփոխություն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Շահան Գանտահարյանը նշեց, որ լիբանանյան ցույցերի ձեւափոխումը խաղաղից ոչ խաղաղ բնույթի բանաձեւումով չի սահմանափակվում միայն։
«Մինչեւ վերջին օրերին դրամատների կամ վաճառատների ցուցափեղկերի քանդումն ու իրավապահ մարմինների ուղղությամբ զանգվածային քարկոծումները, գործողությունները ընդհանրապես հատկանշվում էին խաղաղ, քաղաքակիրթ բնույթի եւ ներկա հեղափոխությունների համար օրինաչափ նկատվող միջոցների կիրառումով: Բողոքի գործողությունները ներկայիս ունեն մի քանի ուղղություն: Գործադուլի, երթերի, հավաքների, հետեւաբար սահմանադրական կարգի հարգումով հատկանշվող գործողություններ: Երկրորդ, Ճանապարհների փակում, ազատ տեղաշարժի արգելակում եւ մայրուղիների վրա անիվների հրկիզում եւ այդ բոլորի միջոցով բնականոն կյանքի սառեցում կամ պետական ու հասարակական կյանքի անդամալուծում: Երրորդը` խուլիգանական ակտերով բնորոշվող հարձակում` պետական հաստատությունների, կենտրոնական բանկի եւ մասնավոր դրամատների դեմ։ Այս վերջինը ընդհանրապես շուքի մեջ է թողել առաջին երկու ուղղությունները եւ, բախումնային իրավիճակներ ստեղծելով, գրավել ոչ միայն տեղական եւ շրջանային, այլ նաեւ միջազգային լրատվադաշտի ուշադրությունը»,- նշեց Գանտահարյանը:
Նա ընդգծեց, որ բողոքի նման ոճի գործողությունները այժմ թիրախավորել են խորհրդարանը, ինչը պարզ է դարձնում, որ նման գործողություններ հրահրողների նպատակը կենցաղայինից, քաղաքացիականից, սոցիալական խնդիրներից հեռու է գնում եւ նպատակադրել է արմատական համակարգային փոփոխություն, որի համար դիմվում է ծայրահեղ միջոցների։
«Մինչ քաղաքական գործիչները հնչեցնում են խորհրդարանի անդամների հրաժարման կոչեր կառավարությունից հետո լուծարված տեսնելու համար նաեւ օրենսդիրը, հանգուցալուծումը այս պահի դրությամբ չի երեւում։ Անգամ կառավարության կազմությունը պարզապես թայմ աութի իրավիճակ կարող է ստեղծել։ Տարածաշրջանի գլխավոր խաղացողների մոտ են պահվում դեպի հանգուցալուծում առաջնորդող փակ դռների բանալիները»,- ասաց Գանտահարյանը։