| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հյուսիսային Օսիայի արդյունաբերության և տրանսպորտի հարցերով նախարար Խայդարբեկ Բուտովը հանդես է եկել Վլադիկավկազի և Թբիլիսիի միջև ավիահաղորդակցության իրականացման նախաձեռնությամբ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա պնդմամբ՝ առաջարկվող ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ ավիափոխադրման գործարկման նախաձեռնությանն ավելի վաղ քննարկել ու աջակցել են օդանավակայանների, տուրիստական օպերատորների, Հյուսիսային Օսիայի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները:
Բուտովը լիահույս է, որ օդային հաղորդակցության վերականգնումը թույլ կտա թեթևացնել Վերին Լարսի հսկիչ-անցակետի ծանրաբեռնվածությունը, որը բավականին հաճախ է փակվում ձմռան ամիսներին՝ պայմանավորված եղանակային վատ պայմաններով:
Լրատվամիջոցը նկատում է, որ Վլադիկավկազի և Թբիլիսիի միջև թռիչքների բացումը դրական երևույթ է, բայց դրա համար նախևառաջ անհրաժեշտ է լիովին վերականգնել թռիչքները Ռուսաստանից։
Հիշեցնենք, որ դրանք արգելված են դեռևս 2018թ հուլիսի 8-ից:
«Եթե թռիչքները վերականգնվեն, իհարկե, դա կարող է դրական երևույթ համարվել, քանի որ այն շատ քաղաքացիների տեղաշարժման հնարավորություն կտա: Սակայն նման որոշում պետք է կայացնի Ռուսաստանի Դաշնությունը, ոչ թե Վլադիկավկազը: Եթե թռիչքները վերականգնվեն, ապա համապատասխան ավիաընկերությունները կորոշեն, թե որ քաղաքներից իրականացնեն թռիչքները»,- մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իրակլի Բերայան:
Պաշտոնյայի խոսքերին դրական են արձագանքել նաև ընդդիմադիր պատգամավորները՝ նշելով, որ տարբերություն չկա, թե Վրաստանի ուղղությամբ որ քաղաքից թռիչքներ կիրականացնեն ռուսական ավիաուղիների ինքնաթիռները: «Կարևորը, որ այն կարող է ծառայել զբոսաշրջության զարգացմանը»,- պարզաբանել են նրանք:
Հիշեցում
Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանի՝ հուլիսի 8-ից ռուսաստանյան ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվել է Վրաստան ավիափոխադրումներ իրականացնել: Նույն օրվանից ուժի մեջ է մտել դեպի Ռուսաստան վրացական ավիաընկերությունների չվերթների դադարեցման մասին Ռուսաստանի տրանսպորտի նախարարության որոշումը: Այն պայմանավորված էր Վրաստանում հուլիսի 20-ից խորհրդարանի շենքի մոտ պարբերաբար ծավալված բողոքի ակցիաներով՝ Ուղղափառ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի և Ռուսաստանի այլ պատվիրակների մասնակցության վերաբերյալ։
Վեհաժողովը կազմակերպվել էր վրացական խորհրդարանի պատերի ներսում։