կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-16 19:58
Տնտեսական

Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գիծը պայմաններ կստեղծի Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան միջանցքի ձևավորման համար

Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գիծը պայմաններ կստեղծի Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան միջանցքի ձևավորման համար

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է USAID առաքելության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորել է տիկին Դեբորա Գրիզերին՝ Հայաստանում USAID-ի գործունեության 25-ամյակի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այսուհետ ևս համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի։ Բարձր գնահատելով կառույցի դերը տնտեսության տարբեր ոլորտների զարգացման գործում՝ Աշոտ Մանուկյանը հյուրերին ներկայացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող երկու՝ Հայաստանի երկրաբանական ֆոնդի արխիվի թվայնացման և էլեկտրաէներգետիկական ազատ շուկայի բրոքերների պատրաստման ծրագրերի ընթացքը։ Նշվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան և առանց խոչընդոտների։ 

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև էներգետիկայի ոլորտի մի շարք այլ ծրագրերի։ Քննարկվել են մասնավորապես ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցման SCADA համակարգի ներդրման հետ կապված հարցեր։

Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ այժմ ընթանում են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման աշխատանքներ։ Այդ ընթացքում որոշում կկայացվի նոր ատոմային էներգաբլոկի վերաբերյալ։ Անդրադառնալով Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցման ծրագրին՝ Աշոտ Մանուկյանն ընդգծել է, որ այն առաջնահերթություն է Հայաստանի համար և անպայման կիրականացվի։

«Գծի կառուցումը պայմաններ կստեղծի Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան տարածաշրջանային միջանցքի ձևավորման համար»,- ընդգծել է նախարարը։

Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են նաև այլ հարցերի։

 

Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին