Միասին կարող ենք
կարևոր
574 դիտում, 59 րոպե առաջ - 2026-05-18 10:49
Աշխարհ

Ինչո՞ւ Թբիլիսին չի միացել Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության հարցով Հատուկ տրիբունալի ստեղծման համաձայնագրին

Ինչո՞ւ Թբիլիսին չի միացել Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության հարցով Հատուկ տրիբունալի ստեղծման համաձայնագրին

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին բացատրել է, թե ինչու Թբիլիսին չի միացել Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության հարցով Հատուկ տրիբունալի ստեղծման համաձայնագրին, գրում է Vector News-ը։

««Վրաստանի նկատմամբ որոշ անդամ պետությունների և Եվրամիության անդամ երկրների վերաբերմունքը մեզ հնարավորություն և «շքեղություն» չի տալիս ընդունելու որոշումներ, որոնք մեր երկրի համար կստեղծեն լրացուցիչ ռիսկեր և սպառնալիքներ և կարող են Վրաստանին կանգնեցնել աճող ռիսկերի ու մարտահրավերների առաջ», - հայտարարել է Բոճորիշվիլին։

Խոսքը վերաբերում է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության հարցով Հատուկ տրիբունալին, որի ստեղծման գործընթացը հաստատվել է մայիսի 15-ին Քիշնևում՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստում։

Համաձայնագրին միանալու մտադրություն են հայտնել 36 պետություն և Եվրամիությունը։ Նրանց թվում են ԵՄ երկրների մեծ մասը, ինչպես նաև Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Մոլդովան, Ավստրալիան և Կոստա Ռիկան։

Տրիբունալը պետք է զբաղվի հենց Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության իրավական գնահատմամբ։ Եվրոպայի խորհրդում նշել են, որ հաջորդ փուլը կլինի ֆինանսավորման և լիարժեք գործունեության ապահովումը։ Տրիբունալի նախնական փուլը Հաագայում կհյուրընկալի Նիդերլանդները։

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ «Հատուկ տրիբունալը դարձել է իրավական իրականություն»։

Ռուսաստանը շարունակում է չճանաչել այն միջազգային դատական մարմինների իրավասությունը, որոնց աշխատանքին ինքը չի մասնակցում։

Համաձայնագրի մասնակիցների հրապարակված ցանկի համաձայն՝ միացած երկրների թվում, բացի Վրաստանից, բացակայում են նաև Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Բուլղարիան, Մալթան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Հունգարիան, Սլովակիան և Բոսնիա և Հերցեգովինան»։