Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ծաղկեպսակ ու թարմ ծաղիկներ Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ, ճարտարապետ, պրոֆեսոր, քաղաքական, հասարակական գործիչ, ՀՅԴ անդամ Հովհաննես Քաջազնունու գերեզմանին. ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր՝ հունվարի 15-ին, հարգանքի տուրք մատուցեցին 82 տարի առաջ այս օրն իր մահկանացուն կնքած հայորդու հիշատակին՝ հայտնում է Yerkir.am-ը:
Ազգային և պետական մտածելակերպ ունեցող մարդ ու անհատ, պետական ու քաղաքական, նաև արվեստի ու մշակույթի գործիչ էր Քաջազնունին: Մեր երկրի համար ծանր ու բախտորոշ ժամանակաշրջանում՝ 1918 թ.-ին՝ Մայիսյան հերոսամարտերից և Հայոց ազգային խորհրդի կողմից Առաջին Հանրապետության հռչակումից հետո, Քաջազնունին դարձավ Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետը:
«Ժողովրդային ղեկավար ու առաջնորդ լինելն էր Քաջազնունու առաջին բնութագիրը: Մարդ, որ իր ամբողջ կյանքն ապրեց ազգային, հեղափոխական, այնուհետև նաև պետական գործունեություն իրականացնելով»,- նշեց ՀՅԴ անդամ, հրապարակախոս Արտաշես Շահբազյանը:
«Քաջազնունին ոչ միայն հայրենասեր ու նվիրյալ էր, այլև ազգային ու պետական շահը անձնականից վեր դասող գործչի վառ օրինակ: Բավական է նշել մեկ փաստ. նրա երեք որդիները՝ Աշոտը, Արամը, Ռուբենը մարտնչել են թուրքերի դեմ և զոհվել Առաջին Հանրապետության շրջանում, այսինքն այն շրջանում, երբ հայրը՝ Հովհաննես Քաջազնունին, երկրի ղեկավար էր կամ ազդեցիկ դեմքերից մեկը», - ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Ջավախքի Գանձա գյուղում 1868 թ. ծնված Իգիթխանյան-Քաջազնունին Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ակտիվ անդամ էր: Պապը՝ Տեր-Հովհաննեսը, եղել է Գանձա գյուղի քահանան:
Ա. Շահբազյանը ներկայացրեց Քաջազնունու կարճառոտ կենսագրականը. 1914 թ. աշխատել է Ազգային բյուրոյում, 1918թ. եղել Անդրկովկասի սեյմի անդամ: Քաջազնունին մասնակցել է Թուրքիայի հետ Տրապիզոնի և Բաթումի բանակցություններին, Անդրկովկասյան Սեյմում՝ Գեգեչկորիի և Չխենկելիի կառավարությունների կազմում եղել նախարար: Հայաստանում սկիզբ առած սովի դեմն առնելու նպատակով վարչապետ Քաջազնունին դիմել է դաշնակիցների օգնությանը՝ ուղևորվելով Եվրոպա և ԱՄՆ: Երկրի վարչապետը կարողացել է լուծել Հայաստանի պարենավորման հարցը՝ ԱՄՆ-ից մեկ միլիոն 300 հազար փութ ալյուր, մեծ քանակությամբ հացահատիկ և պահածո բերելով:
Քաջազնունու համառ ու վճռական քայլերի, տևական բանակցություների արդյունքում Հայաստանում կանխվել է ոչ միայն սովը, այլև՝ համաճարակը:
Խորհրդային կարգերի հաստատումից հետո, 1921 թվականից Քաջազնունին գտնվել է վտարանդիության մեջ՝ ապաստանել Թեհրանում, Բոմբեյում, Կահիրեում, Կոստանդնուպոլսում, Բուխարեստում: 1924թ. դիմել է Խորհրդային Հայաստանի կառավարությանը` հայրենիք վերադառնալու խնդրանքով:
Ցավոք, հայ քաղաքական մտքի տարեգրության մեջ Հովհաննես Քաջազնունու անունը երբեմն նույնացվել է ոչ թե Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետի՝ ավելի քան պարտավորեցնող իրողության, այլև 1923-ին Բուխարեստում հրատարակած «Հ.Յ.Դաշանկցութիւնը անելիք չունի» գրքույկի հետ։
Yerkir.am-ը նախորդիվ առաջին և երկրորդ մասերով ներկայացրել է ականավոր պատմաբան, պ.գ.դ., պրոֆեսոր Արարատ Հակոբյանի ծավալուն անդրադարձը՝ նվիրված Հայաստանի Առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհ. Քաջազնունու «Հ.Յ.Դաշանկցութիւնը անելիք չունի» աղմկահարույց հրապարակման ի հայտ գալու դրդապատճառներին:
Զուտ գիտական փաստերի և եզրակացությունների հիման վրա շարադրված նշյալ աշխատանքը տալիս է բոլոր հարցերի պատասխանները, հիմնովին մերկացնում Խորհրդային, իսկ այնուհետև՝ վերանկախացած Հայաստանի տերպետրոսյանական իշխանությունների շահարկումները և վերջակետ դնում այս թեմայով ծավալվող էժանագին քննարկումների ընթացքին:
«Քաջազնունուն կարելի է «մեղադրել» դյուրահավատության մեջ: Նա ասում էր՝ բոլշևիկներն էլ մարդ են, հայ են՝ ի վերջո: Այսօր մենք հակադրություն մեջ ենք, վաղն իրենք կփոխվեն և կդառնան իսկական ազգային իշխանություն, և վերադառնալով Հայաստան՝ ակտիվորեն լծվեց պետականաշինության գործին»,- փաստեց Արտաշես Շահբազյանը:
1937թ. հուլիսի 29-ին Քաջազնունին ձերբակալվեց:
«Տվյալներ կան՝ երկար հարցաքննություն են իրականացրել, շատ բարձր լարման լույսը աչքերի մեջ գցելով, ինչից կուրացել է: Դատավճիռը ևս կայացված էր՝ մահապատիժ»,- նշեց Ա. Շահբազյանը՝ փաստելով, որ խորհրդային իշխանությունները որքան էլ փորձեցին ջնջել Քաջազնունու հետքերը, այդուհանդերձ, և՛ մարդկանց հիշողության մեջ, և՛ պատմության պահոցներում, և՛ նյութական հուշարձանների տեսքով ապրեց Քաջազնունին, մինչև որ եկան նրան արդարացնելու, նրա վաստակը գնահատելու և ըստ պատշաճի արժևորելու ժամանակները:
«Փաստենք, որ նա ոչ միայն խոշոր պետական գործիչ էր, այլև հմուտ ճարտարապետ, ում նախագծած շենքերն ու պատմաճարտարապետական հուշարձանները զարդարել են Բաքուն, Ալեքսանդրապոլ-Լենինականը և այլ քաղաքներ», - եզրափակեց խոսքը Արտաշես Շահբազյանը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը, ով ևս ներկա էր Երևանի Կենտրոնական գերեզմանատանը տեղի ունեցած հիշատակի արարողությանը, փաստեց. «Քաջազնունու նախագծած հոյակերտ շենքերից մեկն այսօր Գյումրու կենտրոնում գտնվող հայտնի «Լոդկա» շենքն է, որն այսօր ներառված է Գյումրու պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում և ծառայում է որպես ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդարան: Իմ պաշտոնավարման շրջանում մենք նախաձեռնեցինք Քաջազնունու անունը մատնանշող հուշատախտակ փակցնել շենքի պատին, և, չնայած փակցնելու պահին ես արդեն հրաժարական էի ներկայացրել, այդուհանդերձ՝ չափազանց ուրախ եմ, որ մեծավաստակ գործչի պատկառելի ավանդը վերստին արժևորվեց նաև Գյումրի քաղաքում»:
Արժևորո՞ւմ են ներկա իշխանությունները անցյալի մեծերին․ հիշատակի արարողությանը ներկա ԿԳ նախկին փոխնախարար, ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը ցավում է՝ Քաջազնունու կերտած արժեհամակարգի նկատմամբ որևէ վերաբերմունք այսօրվա իշխանություններից չի զգացել: Ըստ նրա՝ այսօրվա իշխանությունը կարծես մերժում է իրենից առաջ եղած ամեն ինչ, մերժում է ազգայինը, պետականը: Մերժում է ոչ միայն Առաջին, այլև նորանկախ Հայաստանի Հանրապետության բոլոր ձեռքբերումները:
«Ուրանալով անցյալը, ապագա կերտել չես կարող: Մարդկանց թվում է, թե իրենք եկել են հայ ժողովրդի պատմությունը մաքուր թղթից սկսելու համար և իրենք են առաջինները: Սա, իհարկե, շատ ցավալի երևույթ է, որովհետև եթե դու անցյալդ չես ճանաչում, չես կարող նաև ապագա ունենալ: Դրա համար մենք այս վայրիվերումների մեջ ենք, այս րոպեի մեր շահը, մեր իշխանության, մեր խմբակցության կամ կուսակցության շահը սա է պահանջում՝ մենք սա կասենք, վաղը դրա հակառակը կասենք: Սա ընդհանրապես ավելի խորը հարց է, ոչ թե Քաջազնունուն և նրա արժեհամակարգը չգնահատելու, այլ իրենց արժեհամակարգի բացակայության խնդիր ունենք մենք»,- նշեց Բագրատ Եսայանը:
Թե ինչ արժեհամակարգով է առաջնորդվում այսօրվա իշխանությունը՝ Բագրատ Եսայանի համար տեսանելի չէ: Նա համոզված է՝ միայն նախորդ իշխանությանը մերժելով՝ դու արժեհամակարգ չես ստեղծում:
«Ավելին, մարդիկ ասում են՝ մեր ուժը մեր իզմ-երի բացակայության մեջ է, մենք արդեն 3-րդ հազարամյակում ենք՝ 21-րդ դարում, մենք մերժում ենք որևէ իզմ, չկա իզմ: Սա մեկ բան է ասում՝ նրանք չունեն գաղափարախոսություն, որովհետև գաղափարախոսություն ունենալն է արժեհամակարգ ենթադրում: Նրանք չունեն արժեհամակարգ, սա իսկապես ցավալի է և, կարծում եմ, որ լավ տեղ չի հասցնի», - ասաց նա:
Օրվա խորհրդի համատեքստում Բագրատ Եսայանը ներկայացրեց, թե ինչ ասել է արժեհամակարգ. «Ես, օրինակ, արժեհամակարգ ասելով հասկանում եմ, թե ինչպես է ապրել Քաջազնունին՝ լինելով երկրի առաջին վարչապետը. տղաները զոհվել են հայ-թուրքական պատերազմի ժամանակ, ինքը հնամաշ վերարկուով փողոցներում ման էր գալիս և որևէ անձնական առավելության, շքեղության չէր ձգտում: Այսօրվա իշխանության ներկայացուցիչները իշխանության գալու առաջին տարում հանդես գալով բարձարագոչ հայտարարություններով՝ թաքուն բարձրացնում են առաջինը իրենց աշխատավարձը և բարձրացնում են 2.5-3 անգամ, իջեցնում են իրենց վճարելիք հարկերը: Երբ որ խոսում են նրանք, մի բացատրություն ունեն՝ պետական պաշտոնյան պետք է բարձր աշխատավարձ ստանա, պետք է արժանապատիվ ապրի: Իսկ ահա Քաջազնունու ժամանակակիցները մտածում էին ոչ թե պետական պաշտոնյայի լավ ապրելու մասին, այլև առհասարակ հայ ժողովուրդի ապրելու մասին»:
«Այս անձնազոհության գիտակցումը չկա, այս արժեհամակարգը չկա, այս ողնաշարը չկա այսօրվա իշխանության մեջ, դրա համար մենք ունենք այսօր խարխափող, դեգերող, չգիտենք որ ուղղությամբ շարժվող մի իշխանություն»,- եզրափակեց Բագրատ Եսայանը:
Նշենք, որ Հովհաննես Իգիթխանյան-Քաջազնունու մահապատիժն այդպես էլ չիրականացվեց, քանի որ նա ծանր հիվանդ էր:
Հայ մեծավաստակ գործիչն իր մահկանացուն կնքեց 1938 թ. հունվարի 15-ին: