կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-15 15:55
Առանց Կատեգորիա

Հովհաննես Քաջազնունու ճակատագիրը Խորհրդային Հայաստանում

Հովհաննես Քաջազնունու ճակատագիրը Խորհրդային Հայաստանում

Հովհաննես Քաջազնունին լայն հասարակայնությանը հայտնի է որպես 1918-1920թթ. Հայաստանի հանրապետության առաջին վարչապետ, Բաքվի հայկական սբ. Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարի ճարտարապետ և «Դաշնակցությունը անելիք չունի այլևս» հանրահայտ գրքի հեղինակ, սակայն քչերին է հայտնի, թե ինչ ճակատագրի արժանացավ մեծանուն հայը` հայրենիք վերադառնալուց հետո: Ընթերցողին ներկայացնում ենք մեծ հայի կյանքի Խորհրդային Հայաստանում ապրած տարիների չլուսաբանված էջերը:

1923թ. ապրիլի 7-ից մինչև մայիսի 19-ը Վիեննայի մեջ գումարվում է Հ.Յ.Դ. Արտասահմանյան մարմինների արտակարգ խորհրդաժողովը (կոնֆերանս): Խորհրդաժողով հրավիրվում է և Հ.Քաջազնունին, սակայն վերջին պահին նա հրաժարվում է մասնակցել և իր զեկուցումը, որը վերնագրված էր «Հ.Յ.Դաշնակցությունը անելիք չունի» ուղարկում է փոստով: 1923թ. հուլիսին Հ.Քաջազնունին իր զեկույցը կուսակցական շարքային ընկերներին ավելի մատչելի դարձնելու նպատակով հրապարակում է առանձին գրքույկով, ինչը մեծ աղմուկ է բարձրացնում թե ՀՅԴ կուսակցության մեջ և թե Սփյուռքի գաղութներում: Նույն թվի օգոստոսի 15-ին Հ.Քաջազնունին նամակ է գրում Կարպատների մեկուսի կոմիտեին (ՀՅԴ կուսակցության այն շրջանի ղեկավարությանը, որի մեջ գտնվում էր Հ.Քաջազնունին,-Հ.Մ.), որով հայտնում է, որ դուրս է գալիս ՀՅԴ կուսակցության շարքերից: Այնուհետև Հ.Քաջազնունին 1924թ. մարտի 15-ին դիմում է Բեռլինի Խորհրդային իշխանության ներկայացուցչության Անդրկովկասյան Խորհրդային Հանրապետությունների առևտրական ներկայացուցչին` խնդրելով թույլտվություն տալ վերադառնալ Խորհրդային Հայաստան: 1924թ. սեպտեմբերի 25-ին Անդրերկրկոմի խնդրանքով և Ալ. Մյասնիկյանի զեկուցումով ՀամԿ(բ)Կ կետկոմի քաղբյուրոն թույլտվություն տվեց և վերադարձի որոշում ընդունեց Հ.Քաջազնունու համար: 1924թ. դեկտեմբերի վերջերին Հ.Քաջազնունին հասնում է Բաթում, որտեղից անցնում է Թիֆլիս, իսկ 1925թ. հունվարի 19-ին նա արդեն Երևանում էր: Եվ իրապես մեծ հույսերով ու նպատակներով Հ. Քաջազնունին վերադարձավ Երևան:

Պատանեկան խանդավառությամբ նա անցավ գործի իր մասնագիտական գիտելիքները ի նպաստ դնելու հանուն նոր Հայաստանի կերտմանը: Այդ տարիներին Հայաստանում ընթանում էին մեծ ծավալի շինարարական աշխատանքներ և ճարտարապետների խիստ կարիք էր զգացվում: Եվ Քաջազնունու բարձր պրոֆեսոնալիզմը և խորը գիտելիքները մեծ դեր խաղացին երիտասարդ Հանրապետության հասարակական և ճարտարապետական կյանքում: 1925թ. Հ.Քաջազնունին ,գալով Երևան, ընտրվում է ՀՍՍՀ Պետպլանին կից Տեխնիկական խորհրդի անդամ և կարճաժամկետ ծառայությունից հետո մարտի սկզբից ստանձնում է Հայբամբակկոմիտեի շինարարական բաժանմունքի վարիչի պաշտոնը, որը զբաղեցնում է մինչև 1927թ. մարտ ամիսը: Լինելով բարձրակարգ ճարտարապետ` նա հաճախ էր հրավիրվում տարբեր հանձնաժողովների աշխատանքներին և տալիս նախագծերի եզրակացություններ: 1926թ. Հ.Քաջազնունին մասնակցում է կառուցվելիք ժողտան (օպերայի և բալետի շենքի) հայտարարված մրցույթին (նախագիծը ցավոք չի պահպանվել,-Հ.Մ.): 1927-29թթ. Քաջազնունու նախագծերով և նրա անմիջական ղեկավարությամբ Երևանում և Սարդարապատում կառուցվեցին բամբակամշակման գործարաններ (չեն պահպանել,-Հ.Մ.), նույն թվականներին կառուցում է ձեթ-օճառի գործարանը Երևանում, իր բոլոր օժանդակ կառույցներով, բնակելի ավան աշխատողների համար:

Դրանք կառուցվեցին «Գրախտ» ընկերության կողմից և հանդիսացան Խորհրդային Հայաստանի առաջին արդյունաբերական շինությունները: Իսկ բնակելի ավանի շինարարությունը գործարանի տարածքի մոտ Հայաստանում առաջին փորձերից է հանդիսանում: Այն հետապնդում է որոշակի նպատակ. աշխատողների բնակեցման շրջանները անմիջականորեն աշխատավայրին մոտեցնելը: Այդ միտումը բնորոշ է 20-ական թվականների հայկական ճարտարապետությանը: 1926թ. Գյումրու սարսափելի երկրաշարժից հետո Հ.Քաջազնունին մշտապես գտնվել է այնտեղ, ուսումնասիրել քանդված տների բնույթը, առաջարկել շենքերը ճիշտ կառուցելու ուղիներ: 1927թ. հանդես է եկել զեկույցով Լենինականում իրականացվող վերականգնողական շինարարական աշխատանքների բնույթի վերաբերյալ:

Հետագայում 1935թ. Հ.Քաջազնունին Լենինականում նախկին Բուլվարնայա (Կիրովի) և 27-րդ փողոցների խաչմերուկում կառուցում է բնակելի նոր շենք: Այս կառույցը մինչև օրս կանգուն է և դիմակայել է անգամ 1988թ. ավերիչ երկրաշարժը, համարվում է Հ.Քաջազնունու լավագույն գործերից մեկը: 1927թ. մարտից Հ.Քաջազնունին աշխատել է շինարարական նախագծերի հսկողության ոլորտում, սկզբում` Տնտխորհրդին կից Շինարարա-Տեխնիկական կոմիտեում, ապա Պետպլանին ԷԿՕՍՕ-ին կից Շինարարա-Տեխնիկական կոմիտեի նախագահի տեղակալ (մինչև 1931թ.):

1932-37թթ. եղել է ՀՍՍՀ Կոմունալ տնտեսության ժողկոմիսարիատի խորհրդի գիտ. քարտուղարը: Միաժամանակ Հ.Քաջազնունին ակտիվորեն մասնակցում է հասարակական գործունեությամբ: Հայաստանի Տեխնիկական ընկերության նախագահության անդամ էր, ապա` նախագահ: 1928թ. Հ.Աճառյանի, Գ.Հակոբյանի, Ա.Տերյանի հետ համահեղինակությամբ Հ. Քաջազնունին իր տեխնիկական և գրական գիտելիքների մեծ պաշարով մասնակցում է «Շինարարական կառույցների ռուս-հայերեն բառարանի» ստեցծմանը: Այդ բառարանը բաղկացած էր 7560 բառ-հոդվածներից: 1929թ. նոյեմբորի 1-ից հանդիսանում էր «Կորչի անգրագիտությունը» ընկերության անդամ: 1926թ. աշնանից մինչև 1931թ. գարունը Հ.Քաջազնունին դասավանդում է Երևանի Համալսարանի նոր կազմակերպված տեխնիկական ֆակուլտետում (շինարարական արվեստ), ապա Շինարարական ինստիտուտում (ճարտարապետական նախագծում) առարկաները: 1930թ. փետրվարի 9-ին ՀՍՍՀ Լուսժողկոմատի կոլեգիայի որոշմամբ Հ.Քաջազնունու շնորհում են Պրոֆեսորի գիտական կոչումը: 1930թ. Հ.Քաջազնունին կառուցում է Ապարանի շրջխորհրդի երկհարկանի շենքը, որի ծավալի մեջ ընդգրկված են նաև ճաշարան և հյուրանոցը, իսկ 1936թ. մարտի 8-ին նա «Աշխատանքային պայմանագիր» (Трудовое соглашение) է կնքում Բերիայի անվան Բարձրագույն կոմունիստական գյուղատնտեսական դպրոցի տնօրեն Ս.Խաչատրյանի հետ, որով պարտավորվում է վերանախագծել և շարունակել այդ շինության կենտրոնական մասի և աջ թևի կառուցումը: Այդ շենքը այժմյան Տերյան փողոցի վրա գտնվող Պոլիտեխնիկական ինստիտուտի այժմյան ռեկտորատն է, որը Ա.Թամանյանի հանձնարարությամբ են սկսել առաջին նախագծային և շինարարական աշխատանքները: Ըստ Ճարտարապետ Լ.Դոլուխանյանի այդ շենքի վերաբերյալ բացի հիշյալ «Աշխատանքային պայմանագրից» որևէ փաստաթուղթ չի պահպանվել, և հեղինակի հարցը մտորումների տեղիք է տալիս:

Հասցրե՞լ է արդյոք, Քաջազնունին իրականացնել այդ պայմանագիրը` մնացել է անհայտ: Միաժամանակ պետք է նշել, որ Հ.Քաջազնունու կյանքը Խորհրդային Հայաստանում այնքան էլ հեշտ չի անցել: Հայրենիքում նա մշտապես գտնվել է ՆԿՎԴ-ի գործակալների մշտական հսկողության տակ, ենթարկվում զանազան ճնշումների, հասարակության կողմից հաճախ մեղադրվում էր իր լոյալության համար, պիտակավորվելով` որպես «ծպտված հեղափոխական և սաբոտաժնիկ»:

1930թ. Հ.Քաջազնունին Խորհրդային Հայաստանի 10 ամյակին նվիրված մի հոդված է պատրաստում տպագրել (որն այդպես էլ չի տպագրվում), սակայն այս հոդվածը մեծ աղմուկ է բարձրացնում ուսանողության շրջանում, որոնք ծանոթանալով հոդվածի բովանդակությանը Հայաստանի ինժեներ-տեխնիկների և գյուղատնտեսական մասնագետների համագումարում, դիտարկում են օտար գաղափարախոսության առկայություն Հ.Քաջազնունու հոդվածի բովանդակության մեջ և ընդունում պարսավանքի բանաձև: Այդ համագումարում ելույթ է ունենում ՀԿ(բ)Կ Կենտկոմի 1-ին քարտուղար Ա.Խանջյանը: «Խորհրդային Հայաստան» թերթը անրադառնում է այդ համագումարի և Ա.Խանջյանի ճառին: Իր խոսքում Ա. Խանջյանը անրադառնալով Հ.Քաջազնունուն մասնավորապես ասում է. «…Քաղաքացի Քաջազնունին, չնայած իր ծերունի հասակին, երիտասարդի պես ոգևորվում է մեր շինարարությամբ, մեր կուլտուրական վերելքով: Սակայն նա և նրա նմանները չեն ուզում կամ չեն կարողանում հաշտվել այդ շինարարության սոցալիստական իմաստի ու բովանդակության հետ, շարունակելով զարդարված մնալ սոսկ լոյալության փետուրներով»: 1931թ. աշնանը Հ.Քաջազնունին չդիմանալով այդ աննախադեպ քննադատությանը ու ճնշմանը դուրս է գալիս Շինարարական ինստիտուտից և այլևս գիտա-կրթական գործունեությամբ չի զբաղվում: Հետաքրքրական է, որ ականատեսնի վկայությամբ Հ.Քաջազնունին հանդիպում է խնդրում ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահ՝ Սահակ Տեր Գաբրիելյանի հետ և բողոքում, որ իրեն մեղադրում են որպես հակահեղափախական, «ծպտված Դաշնակցական, սաբոտաժնիկ և անգամ Չեկան ստիպում է մամուլի մեջ դաշնակցությանը վարկաբեկող հոդվածներ գրել, սակայն նա մերժում է` պատճառաբանելով, որ Դաշնակցության մասին իր ասելիքը արդեն ասել է արտասահմանում և անգամ խնդրում, որ եթե իր ներկայությունը անբաղձալի է և վնասակար է Հայրենիքում, կամ թույլ տալ վերադառնալ արտասահման, կամ աքսորել Սիբիր: Իհարկե Քաջազնունուն արտասահման վերադառնալ թույլ տալ չէր կարող Սահակ Տեր-Գաբրիելյանը, բայց խոստանում է, որ նման ելույթներ Քաջազնունու հանդեպ այլևս չեն լինի: Այս խոսակցությունից հետո Սահակ Տեր-Գաբրիելյանը ափսոսանքով ասում է. « Մեր այս յիմար լրբերը փոխանակ գնահատելու եւ օգտըւելու այս մեծ մարդուց եւ հայրենասէրից, իրենց ելոյթներով ցոյց են տալիս միայն իրենց տգիտութիւնն ու հոգու փոքրութիւնը»: Բնականաբար, Քաջազնունին ներքուստ վերաիմաստավորելով իր Խորհրդային Հայաստանի հանդեպ, ընդունում է, որ սխալվել է և այդ մասին խոստովանել իր դստեր՝ Մարգարիտայի առջև:

1950թ Մարգո Քաջազնունին պատմաբան Դ.Մուրադյանի հետ ունեցած իր անկեղծ զրույցում վկայել է. «Երբ 1936թվին՝ Աղասի Խանջյանի սպանությունից հետո, սկսվեցին զանգվածային բանտարկությունները, հայրս խիստ շփոթվել էր և տխուր էր: Նա հավատացած էր, որ իրեն ևս կբանտարկեն: Մտերիմ ընկերներն ասում էին, որ ճպետք էր գար Հայաստան, բայց հայրս պատասխանում էր՝ պետք է գայի, բայց այդ գիրքը չպետք է գրեի: Նա ասում էր՝ ես խիստ զղջում եմ: Խոսակցության վերջում Մարգո Քաջազնունին ավելացրեց. «Հայրս շատ էր ափսոսում, որ գրել է այդ գիրքը»: Վերը հիշատակված Հ.Քաջազնունու մեղադրական գործի եզրակացության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 1931թ. Հ.Քաջազնունու և մի խումբ մարդկանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն և մեղադրվել անտնտեսվարության մեջ, սակայն հանցակազմ չգտնելով 1931թ. փետրվարի 26-ի որոշումով այդ գործը կարճվում է: 1937թ. որոշակի դադարից հետո Խորհրդային ՆԿՎԴ-ն չէր կարող աննկատ թողնել Հ.Քաջազնունուն: 1937թ. հուլիսի վերջերին Հ.Քաջազնունին հանգստանում էր Ստեփանավանում և իր աղջկան` Մարգարիտային ուղղված նամակում հիշատակում է, որ մտադիր է մնալ այնտեղ մինչև օգոստոսի 6-ը, սակայն Հ.Քաջազնունու վիճակված չէր երկար հանգստանալու, քանի որ հուլիսի 28-ին ՆԳ Ժողկոմիսար Խ.Մուղդուսու ստորագրությամբ տրվում է օրդեր թիվ 6/41 Հ.Քաջազնունու բնակարանը խուզարկելու և ձերբակալելու վերաբերյալ: Հուլիսի 29-ին նա Ստեփանավանում ձերբակալվում է ՀՍՍՀ ՆԿՎԴ-ի կողմից:

Հետաքրքրական է, որ Հ.Քաջազնունու ձերբակալելու և մեղադրանք ներկայացնելու հիմք հանդիսացել է նրա որդի Կարեն Քաջազնունու ցուցմունքը-մատնագիրը, որտեղ նա հայտնում է, որ իր հայրը` Հովհաննես Քաջազնունին հանդիսանում է համոզված դաշնակցական, «կատարյալ բուրժուաե, «խորհրդային կառավարության թշնամի», բացի դա հիմք է հանդիսացել ձերբակալելու համար որոշ օպերատիվ տվյալները: Ժամանակակիցները, ովքեր եղել են Չեկայի նկուղներում և տեսել են Հ. Քաջազնունուն և հետագայում հրաշքով կարողացել են դուրս գալ Խորհրդային կայսրության սահմաններից պատմել են, որ Հ.Քաջազնունին բանտարկված է եղել թիվ 17 խցիկում և մեղադրվել «լրտեսությանե մեջ, իբր «գողացել և օտար պետության է տրամադրել ինչ-որ գծագրեր»: Եվ որպեսզի ստիպեն նրան խոստովանել իր արարքը Քաջազնունին ենթարկվել է զանազան կտտանքների և կուրացվել է 3500 մոմանոց էլեկտրական լամպերի միջոցով: Ի հարկե դժվար է ասել որքանով են համապատասխանում ժամանակակիցների պատմածները, սակայն դրանք հեռու չեն իրականությունից և բոլշևիկները ընդունակ էին կտտանքների միջոցով ստանալ իրենց ուզած ցուցմունքը: Իրականությունն այն է, որ Հ. Քաջազնունու մեղադրական գործում միակ հարցաքննությունը կատարվել է 1937թ. նոյեմբերի 16-ին: Հարցաքննության ժամանակ Հ.Քաջազնունին չի հերքել, որ ինքը մինչև Խորհրդային կարգերի հաստատումը վարել է ակտիվ դաշնակցական գործունեություն, բայց միաժամանակ նշել, որ Խորհրդային Հայաստան վերադառնալուց հետո հակապետական գործունեությամբ չի զբաղվել: Ընդ որում, առաջադրված մեղադրանքներում Քաջազնունին իրեն մեղավոր չի ճանաչել։ Ա Հ. Քաջազնունու մեղադրական գործը 2016թ. հայտնաբերել է հայտնի պատմաբան՝ Արարատ Հակոբյանը և տպագրել «Վեմ» ամսագրի 2016 և 2017թթ համարներում: Իր հոդվածներում ուսումնասիրելով ողջ արխիվային գործը, պատմաբան Ա. Հակոբյանը գրում է. «Եռյակը 1937 թ. դեկտեմբերի 5-ին մեղադրյալ Հ. Քաջազնունու հանդեպ կայացրել է գնդակահարության դատավճիռ՝ անձնական գույքի բռնագրավմամբ։ Առողջական խնդիրների պատճառով նա պառկած է եղել Երևանի բանտային հիվանդանոցում։ Սակայն նախկին վարչապետի առողջական վիճակի հետագա սրացումը (պաշտոնական վարկածով՝ ծերունական թուլություն, տուբերկուլյոզ և գրիպ) հանգեցնում է նրան, որ նա մահանում է բանտային հիվանդանոցում 1938 թ. հունվարի 15-ին, 70 տարեկան հասակում ։ Հազարավոր այլ բռնադատվածների հարազատների նման իր հորը արդարացնելու նպատակով Մարգո Քաջազնունին 1955 թ. հունիսի 22-ին ընդարձակ, հիմնավորումներով լի դիմում-հայց է ուղղել Հայկ. ՍՍՌ ՊԱԿ-ի նախագահ Գ. Բադամյանցին, սակայն այն մերժվեց: Արդարացման հարցը հետաձգվեց, և ի վերջո խնդիրը լուծվեց միայն ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո։ Անկախ Հայաստանի դատախազությունը, ուսումնասիրելով Հ. Քաջազնունու քր. ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանը 1992 թ. դեկտեմբերի 12-ի. «Որոշեց Հովհ. Քաջազնունու նկատմամբ քր. գործը կարճել հանցակազմի բացակայության պատճառով, նրան համարել արդարացված և ռեաբիլիտացված»։

Մինչև 1990-ական թվերը թե´Մարգարիտային և թե´ հանրությանը անհայտ էր թե որտեղ է ամփոփված Հ. Քաջազնունու աճյունը: Քաջազնունու մարմինը ամփոփված է եղել ներկայիս ժամացույցի գործարանի տարածքում գտնվող «Կոզերե կոչվող գերեզմանատանը, սակայն այդ տարածքում ժամացույցի գործարան և դպրոցի շենք կառուցելու նպատակով հողին է հավասարեցվում ողջ գերեզմանատունը, իսկ Հ. Քաջազնունու և մյուս երևելի մարդկանց աճյունները անհետ կորչում են: Հոր հիշատակը վառ պահելու նպատակով Մարգարիտա Քաջազնունին «Թոխմախյան լճի» գերեզմանատանը Հովհաննես Քաջազնունու անունով հիշատակաքար է կանգնեցնում:

Անուրանալի է Հովհաննես Քաջազնունու ծառայությունները Հայաստանի Առաջին հանրապետության կերտման գործում, նա իր ողջ գիտակից կյանքը, կարողությունը և գիտելիքները նվիրեց հանուն Հայաստանի հանրապետության բարօրությանը:


Հայկ Մարտիրոսյան
ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի ասիստենտ