Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի առաջին հանրապետության առաջին շրջանի պատմությունը, իր դժվարին, բարդ ու հակասական իրադարձություններով հանդերձ, անխզելիորեն կապված է Հ. Քաջազնունու անվան հետ: Նա բարձր պետական մտածելակերպի տեր անձնավորություն էր և իր վարած խոհեմ, չափավոր և պրագմատիկ քաղաքականությամբ կարողացավ զերծ պահել Հայաստանի մանուկ հանրապետությունը թուրքերի, վրացիների և ադրբեջանցիների քաղաքական թակարդներից, և այդ իսկ պատճառով անուրանալի են նրա ծառայությունները Հայաստանի Հանրապետության կերտման գործում: 1918թ. հունիսից մինչև 1919թ. մայիսն ընկած ժամանակահատվածում հենց Հ. Քաջազնունուն էր վիճակված մասնակցել Հայաստանի Հանրապետության անդրանիկ կառավարության ձևավորման աշխատանքներին: Եվ պատահական չէր, որ Հ. Քաջազնունու կառավարությունն էր, որ դրեց պետության հիմքերը, ստեղծեց պետական մեքենա, բանակ, դատարան, խորհրդարան և դուրս բերեց երկիրը քաղաքական ճգնաժամից և հայ քաղաքական իրականության մեջ առաջինը ստեղծեց Հայ Ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) հետ կոլաիցիոն կառավարություն: Նրա կառավարությանն էր վիճակված պատերազմ մղել վրացիների դեմ և թույլ չտալ երկիրը բզկտել թշնամաբար տրամադրված զավթիչ հարևաններից: Եվ վերջապես, նրա կառավարությանն էր վիճակված երկրում մոլեգնող սովի և տիֆի դեմ պայքարելը և դիմակայելը, երբ օրական հազարավոր հայ գաղթականներ էին մահանում սովից, ցրտից և համաճարակներից: Այնուամենայնիվ Հ. Քաջազնունուն վիճակված չէր երկար մնալ վարչապետի պաշտոնում: Երկրի սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակը, 1918-19թթ. սոսկալի ձմեռը, վրաց-հայկական պատերազմը և դրա հետևանքով առաջացած շրջափակումը բացասաբար անդրադարձան Հ. Քաջազնունու դիրքի և հեղինակության վրա: Հ. Քաջազնունու վարած մեղմ և լոյալ արտաքին ու ներքին քաղաքականությունից գլխավոր դժգոհությունը արտահայտում էր ՀՅԴ արմատական թևը` հանձինս Ռ. Տեր-Մինասյանի, Ա. Ջամալյանի և Ա. Բաբալյանի: Դժգոհ էին նաև «ձախ» խմբակցությունները: Խորհրդի հունվարի 25-ի նիստում «ձախերը» բանաձև ներկայացրին Քաջազնունու խառը կաբինետին անվստահություն հայտնելու մասին: Նրանք պահանջում էին փոխել կառավարության կոշտ քաղաքականությունը հարևանների և ներքին թուրքերի նկատմամբ, վարել ավելի մեղմ ու զիջող քաղաքականություն: Սակայն բանաձևը մերժվեց ՀՅԴ և ՀԺԿ գերակշիռ ձայներով (1): Հաշվի առնելով այս իրավիճակը, ինչպես նաև երկրի սոցիալ-տնտեսական ծանր դրությունը, հայ-վրացական պատերազմի հետևանքով առաջացած շրջափակումը՝ 1919թ. հունվարի 27-ին Հայաստանի կառավարությունը, քննարկելով «մինիստր-նախագահի զեկուցումը օրինագիծը Եվրոպա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ մինիստր-նախագահի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկելու մասին», որոշեց «օրինագծին հավանություն տալ և ներկայացնել Հայաստանի խորհրդին` ի հաստատություն, հայտնելով շտապողականություն» (2): Հայաստանի խորհուրդը 1919թ. փետրվարի 4-ի նիստում որոշեց հանրապետության վարչապետ Հ. Քաջազնունուն գործուղել Եվրոպա և Ամերիկա` համաձայնության (Անտանտի) պետություններից և ԱՄՆ-ից խնդրելու օգնություն` պարեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ: Գործուղման ծախսերի համար հատկացվեց 550 հազ. ռուբլի (3):
Փետրվարի 13-ի լրացուցիչ օրենքով մինիստր-նախագահ Հ. Քաջազնունուն իրավունք տրվեց Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել «ամեն տեսակ պայմաններ, պայմանագրեր, պարտավորություններ, վարկային գործողություններ ու գործարքներ և այլ ակտեր, որոնք առնչվում են փետրվարի 4-ի օրենքով նրա վրա դրված առաքելության կատարման հետ, այլ անձանց վերավստահելու իրավունքով» (4): Վերը նշեցինք, որ Քաջազնունուն արտասահման գործուղելու գործում կային քաղաքական մոտիվներ. ՀՅԴ կուսակցության արմատական թևին այնքան էլ դուր չէր գալիս վարչապետի վարած լոյալ ներքին և արտաքին քաղաքականությունը: Քաջազնունին աշխատում էր կուսակցությանը հեռու պահել պետական կառավարման գործերին խառնվելուց: Այդ իսկ պատճառով էլ արտասահման գործուղելը դարձավ պատրվակ նրան հեռացնելու կառավարության գործնական ղեկավարի պաշտոնից: Այդ մասին իր հուշերում Ռուբեն Տեր-Մինասյանը անթաքույց գրում է. «1919-ից, Հայաստանի փաստական վարչապետը պիտի համարել Խատիսեանին, որ փոխարինեց Քաջազնունուն, նախ լինելով նրա տեղապահը նրա բացակայութեան ժամանակ: Քաջազնունու այս բացակայութիւնը-ըստ էութեան հեռացումը-կը նշանակէր Դաշնակցութեան ազդեցութեան ուժեղացումը» (5): Փաստացի ՀՅԴ կուսակցության մեջ տեղի էր ունենում երկու թևերի պայքար: Այդ մասին Ռուբենը իր հուշերում գրում է. «Գերազանցօրէն յեղափոխական այդ վայրկեաններում, մեր կուսակցութեան ծոցում իսկ սկսուած էին «պետական հասկացողութեան» մարմաջները: Այս հոսանքին գլուխը կանգնած Քաջազնունին, որի ոյժը եւ կարողութիւնը աւելի իր սպիտակ մօրուքի եւ մազերի մէջն էր քան ուղեղի եւ սրտի, ձգտում ունէր կղզիացնել Դաշնակցութիւնը, պետական ուժի վրայ միայն յենուիլ ու նրանից միայն մտաւոր եւ բարոյական սնունդ ստանալ-մի ոյժ, որը գոյութիւն չունէր եւ դեռ երկար ժամանակ էր հարկաւոր որ ստեղծուէր» (6): «Մյուս հոսանքը դա ՀՅԴ Բյուրոն էր,-գրում է պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը,-նրանք շեշտը դնում էին «հեղափոխական» գործունեության և կարգուկանոնի վրա և պնդում էին, որ կառավարության մեջ ծառայող բոլոր անդամները ենթարկվեն Բյուրոյի թելադրանքին: Ջղագրգիռ արտահայտվելով պետական պաշտոններ գրավող որոշ դաշնակցականների պահպանողականության դեմ, նրանք դժգոհում էին, որ դահլիճի ղեկավարները, մասնավորապես վարչապետ Քաջազնունին, լքել են իրենց հեղափոխական ժառանգությունը, վարկաբեկել և´ իրենց, և´ իրենց կուսակցությունը` չափից դուրս սիրախաղ անելով հայ բուրժուազիայի հետ» (7):
Իհարկե, ՀՅԴ-ի մեջ ծագող ճգնաժամը հազվադեպ էր բացահայտ պոռթկում, այն հաճախ հանդարտեցվում էր ներկուսակցական շրջանակներում կամ օրենսդիր մարմնի դաշնակցական ֆրակցիայի փակ դռների հետևում` գաղտնի խորհրդակցությունների ժամանակ: Տվյալ պարագայում Հ. Քաջազնունու գլխավորած չափավոր պահպանողական թևը, որը կողմնակից էր երկիրը կառավարել օրենքներով ու իրավական նորմերով, պարտվեց: 1919թ. փետրվարի 15-ին Հ. Քաջազնունին մեկնեց Թիֆլիս` այնտեղից արտասահման ուղևորվելու համար (8): Վրաստանում անգլիական ներկայացուցչության միջոցով համապատասխան դիմում հղվեց Անգլիայի կառավարությանը ճանապարհորդության համար պահանջվող փաստաթղթեր ստանալու համար, սակայն պատասխանը ձգձգվեց: Ինչպես հետո պարզվեց, բարդությունների առաջացման պատճառը Ս.Վրացյանի հանդեպ եղած կասկածներն էին: Լինելով Հ. Քաջազնունու գլխավորած պատվիրակության անդամ, ինչպես նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ և իբրև ձախ համոզմունքների տեր դաշնակցական՝ նա համարվեց անցանկալի անձ անգլիացիների համար: Հ. Քաջազնունին, խիստ վրդովված անգլիացիների նման պահվածքից և չուզենալով ուղևորվել առանց Ս. Վրացյանի, վերադառնում է Երևան: Ընդհանրապես Հ. Քաջազնունու պատվիրակության ուղևորության ամսաթվի թվագրության վերաբերյալ պատմագրության մեջ կան որոշակի անճշտություններ: Ս.Վրացյանը հիշատակում է, որ Հ. Քաջազնունին Թիֆլիսից Երևան վերադարձավ ապրիլի 2-ին, ստանձնեց վարչապետի պաշտոնը և միայն ապրիլի 16-ին մեկնեց արտասահման (9): Նույն միտքը կրկնում է նաև պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը (10): Իսկ ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը այս առթիվ գրում է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հովհ. Քաջազնունուն ուղարկում է Միացյալ Նահանգներ` ռազմական պիտույքների գնումներ կատարելու համար: Սա նրա երկրորդ ուղևորությունն էր 1919 թվականի ընթացքում: Հայաստանում ծայր առած սովի առաջն առնելու համար դեռ տարեսկզբին ՀՀ կառավարությունը որոշել էր վարչապետ Հովհ. Քաջազնունու գլխավորությամբ մի պատվիրակություն ուղարկել Եվրոպա և Ամերիկա` օգնության կարգով հացահատիկ բերելու համար: Ապրիլի կեսերին Հովհ. Քաջազնունու պատվիրակությունը, որի մեջ էին մտնում ելեմտական նախարար Ա. Էնֆիաջյանը, գյուղատնտես Հ. Փիրալյանը և սպա Ս. Մելիքխանյանը (պետք է լինի սպա Սուրեն Մելիքյան-Հ. Մ), մեկնեց արտասահման» (11): Մեկ այլ պատմաբան՝ Գեղամ Պետրոսյանը, Հ. Քաջազնունու պատվիրակության մեկնումը թվագրում է 1919թ. մայիսի 29-ին (12): Իրականությունն այն էր, որ Հ. Քաջազնունին չէր կարող մինչև ապրիլի 2-ը մնալ Թիֆլիսում, քանի որ նա Երևանում մարտի 28-ին հանդիպում է անգլիական գեներալ Թոմսոնի հետ, իսկ ապրիլի 1-ին մասնակցում է մինիստրների-խորհրդի նիստին, որտեղ հանդես է գալիս զեկույցով (13): Հ. Քաջազնունին Երևան է վերադարձել ավելի վաղ, նա շատ վրդովված էր, որ Թիֆլիսում նստած անգլիական դիվանագիտական ներկայացուցիչն է որոշում ինքնիշխան երկրի վարչապետի՝ մեկ այլ երկիր մեկնելու կամ չմեկնելու հարցերը: 1919թ. ապրիլի 2-ին Կ.Պոլսի բրիտանական գլխավոր շտաբ-բնակարանից հեռագրում են, որ Հ. Քաջազնունու և նրա միսիայի ուղևորության թույլտվության հարցը հանձնված է Լոնդոն՝ արտաքին գործերի նախարարությանը: Միաժամանակ թույլտվություն է տրվում Հ. Քաջազնունուն և նրան ուղեկցող անձանց անցնել Կ.Պոլիս այն պայմանով, որ պաշտոնական թույլտվություն չստանալու դեպքում նրանք պետք է վերադառնան Կովկաս, սակայն Քաջազնունին նպատակահարմար չհամարելով գնալ Կ.Պոլիս վերադառնում է Երևան (14): 1919 թ. փետրվարի 28-ին խորհրդարանում տեղի ունեցավ մի միջադեպ, որը երկրում ավելի խորացրեց քաղաքական ճգնաժամը: Այս մասին պատմաբան Արարատ Հակոբյանը գրում է. «Այդ օրը քվորում չլինելու պատճառով խորհրդարանի հերթական նիստը չկայացավ: Սակայն Էսէռների (սոցիալիստ-հեղափախականներ-Հ.Մ.) առաջարկով ընդդիմությունը որոշեց հրավիրել մասնավոր խորհրդակցությունն: Տեղեկանալով այդ մասին խորհրդարանի դահլիճում գտնվող հասարակայնության ներկայացուցիչները սպառնալիքների եւ ուժի գործադրման միջոցով ձախողում են խորհրդակցության կայացում (15): Եվ նկատի ունենալով այն հանգամանքը, որ երկրում չեն վարչապետ Քաջազնունին և խորհրդարանի նախագահ Ավետիք Սահականը, բժշ. Արտաշես Բաբալյանի գլխավորած ամբոխը՝ «Չե´նք ուզում այսպիսի խորհրդարան», «Մենք պահանջում ենք ընտրովի խորհրդարան», «Դու´րս ինքնակոչ պատգամավորներ» բացականչություններով մտնում են խորհրդարան և ձախողում խորհրդարանի աշխատանքը՝ փաստացի ցրելով այն: Ընդդիմադիր մամուլը հայտնում է, որ խորհրդարանի փոխնախագահ, Էսեռ Դ. Զուբյանը ուժով հեռացվում է ամբիոնից և երկու կողմնակի անձնավորություններ, նույնիսկ, մաուզեր են հանել, լիցքավորել ու պահել նրա վրա: Մի քանի պատգամավորների միջամտությունից հետո կրքերը հանդարտվում են և գրգռված հասարակությունը ցրվում է: Սրանով էլ ավարտւում է խորհրդարանր փետրվարյան միջադեպը (16): Այս միջադեպից հետո խորհրդարանը կանոնավոր աշխատանք չունեցավ և այդ իսկ պատճառով 1919թ. ապրիլի 27-ին խորհուրդն օրենք ընդունեց՝ իր աշխատանքները մեկ ամսով դադարեցնելու և այդ ընթացքում խորհրդարանի իրավունքները կառավարությանը հանձնելու մասին: Ինչպես ճիշտ նկատել է պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, այս քայլը, անկասկած, գոհացրեց նրանց, ովքեր երազում էին Հայաստանը տեսնել որպես կենտրոնացված ուժեղ իշխանություն: Փաստորեն, այն վերջ դրեց խորհրդի գործունեությանը (17): Իսկ ավելի ճիշտ, ՀՅԴ-ի ներսում վերջնական հաղթանակեց «հեղափոխական» թևը: Այս միջադեպից հետո Հ. Քաջազնունին, որն արդեն Թիֆլիսից վերադառնալուց հետո նորից ստանձնել էր վարչապետի պաշտոնը, Հայաստանի խորհրդի ապրիլի 11-ի նիստում ներկայացնում է իր հրաժարականը, սակայն 27 դեմ, 8 կողմ քվեարկության արդյունքով մերժվում է նրա հրաժարականի դիմումը և որոշվում է նրան տալ արձակուրդ հանգստանալու համար երկարատև ժամանակով (18)։ Մի քանի օր անց մինիստրներ-խորհրդի ապրիլի 13-ի նիստում մինիստր-նախագահ Հ. Քաջազնունին զեկուցում է այն մասին, որ ինքը մտադիր է արձակուրդ վերցնել 2 ամսով, իսկ իբրև տեղակալ առաջարկել Հայաստանի խորհրդին նշանակել Ալ. Խատիսյանին: Խորհուրդը Հ. Քաջազնունու առաջարկը ընդունում է ի գիտություն (19): Հայաստանի կառավարությունը Քաջազնունու պատվիրակության ուղևորության խնդրին նորից անդրադարձավ 1919թ. մայիսին: Մայիսի 7-ին քննարկվեցին Փարիզում գործող Հայաստանի պետական պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանից ստացված ապրիլի 22-ի և 27-ի հեռագրերը (որոնք վերաբերում էին Հ. Քաջազնունու մեկնելու թույլտվություն ստանալուն) (20) և կայացրեց որոշում. անհրաժեշտ համարել մինիստր-նախագահ Հ. Քաջազնունու ուղևորումը համաձայնության պետությունների երկրներ՝ վերապահելով նրան իր հետ երկու քարտուղար վերցնելու իրավունք (21): Հ. Քաջազնունուն հանձնարարվեց առաջիկա նիստին ներկայացնել ուղևորության ծախսերի նախահաշիվը և հաստիքները, իսկ նախարարներին` կազմել Հայաստանի համար անհրաժեշտ պարենամթերքների ցուցակը` Փարիզ ուղարկելու համար: Երկու օր անց՝ մայիսի 9-ին, Հայաստանի կառավարությունը, արձակուրդում գտնվող խորհրդի փոխարեն, օրենք ընդունեց Եվրոպա և Ամերիկա մեկնելու համար Հ. Քաջազնունու առաքելությանը 300.000 ֆրանկ տրամադրելու մասին (22): Հ. Քաջազնունին, իր հետ վերցնելով ֆինանսների նախարար Արտաշես Էնֆիաջյանին, տնտեսության և վիճակագրության մասնագետ Արտեմ (Հարություն) Փիրալյանին և երիտասարդ սպա, կապիտան Սուրեն Մելիքյանին, մայիսի 18-ին՝ վաղ առավոտյան, Երևանից ուղևորվեց Թիֆլիս (23): Մեր ձեռքի տակ է գտնվում Հ. Քաջազնունու գլխավորած պատվիրակության ֆինանսական հաշվետվությունը, որտեղ Քաջազնունին ամենայն մանրամասնությամբ պահել է իր ուղևորության ժամանակագրությունը և իր կատարած ծախսերը: Այս հաշվետվությունը մեզ հիմք է տալիս հստակ` ըստ օրերի և ամիսների, պատկերացում կազմել Հ. Քաջազնունու՝ արտասահմանում կատարած գործունեության մասին:
Մայիսի 20-ին Հ. Քաջազնունու գլխավորած պատվիրակությունը հասնում է Թիֆլիս, որտեղ նրանք մնում են 9 օր: Քաջազնունու՝ Թիֆլիսում 9 օր մնալու պատճառն այն էր, որ Փարիզից «Անատոլ» նավը, Հայաստանի համար 100. 000 ֆրանկ արժողությամբ ալյուրով բեռնավորված, հասել էր Բաթում: Դա արտասահմանից ստացված առաջին օգնությունն էր, և Հ. Քաջազնունին զբաղվեց, որպեսզի Հայաստանի համար այդքան սպասված ալյուրը ապահով հասցվի Երևան: Նախ՝ նա հանդիպումներ ունեցավ Վրաստանի կառավարության անդամների հետ, իսկ արտաքին գործերի մինիստր Գեգեչկորին խոստացավ տրամադրել բոլոր միջոցները, որպեսզի հնարավորինս շուտ ալյուրը Բաթումից տեղափոխվի Երևան (24): Միաժամանակ Հ. Քաջազնունու՝ Թիֆլիսում մնալու պատճառն այն էր, որ իր պատվիրակության համար կառավարության հատկացված գումարները բոներով էին, և նա խնդիր ուներ բոները Թիֆլիսում փոխել ֆրանկի (25): Այդ մասին նա նամակով տեղեկացնում է Ալ. Խատիսյանին: Հ. Քաջազնունուն մեծ դժվարությամբ հաջողվում է հավաքել նախատեսված 300. 000 ֆրանկի փոխարեն հազիվ 230-240. 000 ֆրանկ: Իհարկե, իր միսիայի համար նախատեսված այս գումարներ մի մասով նա Փարիզում փակում է Ահարոնյանի պատվիրակության կատարած ծախսերը: Հ. Քաջազնունին գրում է. «Միակ հույսս Էնֆիաճյանն է, որ խոստացավ Փարիզում մի քանի հազար ֆունտ ստեռլինգ փոխարինաբար տալ մեզ (Ահարոնյանին և ինձ) պայմանով, որ մեր կառավարությունը կվերադարձնե իրեն նույնպես ստեռլինգով (և ոչ բոնով)» (26): Քաջազնունու պատվիրակությունը մայիսի 29-ին դուրս է գալիս Թիֆլիսից, մայիսի 30-ին հասնում Բաթում, որտեղից հունիսի 5-ին հասնում են Կ.Պոլիս: 2 օր մնալով այնտեղ՝ հունիսի 7-ին դուրս են գալիս Կ.Պոլսից, ապա հունիսի 14-ին հասնում Մարսել, որտեղից և հունիսի 16-ին առավոտյան ժամանում են Փարիզ (27):
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո հաղթանակած Անտանտայի դաշինքի մեծ տերությունները պատերազմի արդյունքները ամփոփելու համար 1919թ. Փարիզում հրավիրեցին խաղաղության վեհաժողով: Այդ վեհաժողովին, որպես Անտանտայի փոքր դաշնակից, հրավիրված էր նաև Հայաստանը: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որը գլխավորում էր Ավ. Ահարոնյանը, հայ-վրացական պատերազմի պատճառով չկարողացավ ժամանակին հասնել Փարիզ, և միայն հունվարի 4-ից հետո Ավ. Ահարոնյանին հաջողվեց հասնել Փարիզ և մասնակցել վեհաժողովի աշխատանքներին: Փարիզում էր գտնվում նաև Ազգային պատվիրակությունը Պողոս Նուբարի գլխավորությամբ: Իհարկե, հայտնի է, որ հենց սկզբից Ազգային պատվիրակության և Հայաստանի Հանրապետության պատվիրակության միջև մի շարք հարցերի շուրջ ձևավորվել էին լարված փոխհարաբերություններ` չնայած երկուստեք ջանքեր էին գործադրում խաղաղության վեհաժողովի մեջ հանդես գալ միասնական ճակատով և կատարել միմյանց նկատմամբ հնարավորինս փոխզիջումներ: Հայկական երկու պատվիրակությունների միջև հիմնական տարաձայնությունը կապված էր Կիլիկիայի տարածքի հետ: Բանն այն էր, որ Հայաստանի Հանրապետության կառավարության հրահանգով նախատեսված Հայաստանի տարածքային պահանջների մեջ ներառված չէր Կիլիկիան, ինչն էլ առաջացրել էր Պողոս Նուբարի դժգոհությանը: Իհարկե, Ավ .Ահարոնյանը, գնալով զիջումների, շեղվել էր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրեն տրված հրահանգից և վեհաժողովում Հայաստանի ներկայացրած հուշագրում, որպես տարածքային պահանջ, ներառել էր նաև Կիլիկիան իր չորս սանջակներով, այնուամենայնիվ, Ավ. Ահարոնյանի և Պողոս Նուբարի հարաբերությունները մնում էին խիստ լարված: Այդ լարվածությունը ավելի խորացավ, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը անկախության տարելիցի օրը` մայիսի 28-ին, իրեն հայտարարեց միացյալ և անկախ Հայաստանի կառավարություն: Ահա այսպիսի լարված մթնոլորտ էր տիրում Փարիզում գործող երկու հայկական պատվիրակությունների փոխհարաբերությունների միջև, երբ հունիսի 16-ին Փարիզ հասավ Հ. Քաջազնունու գլխավորած պատվիրակությունը: Հ. Քաջազնունին արտասահմանում մնաց բավական երկար՝ չնայած մեկնել էր երկու ամսով: Հասնելով Փարիզ՝ Հ. Քաջազնունին անմիջապես ներգրավվեց Հայաստանի Հանրապետության պատվիրակության աշխատանքներին: Նա Ավ. Ահարոնյանի հետ հուլիսի 10-ին հանդիպում է Ռուսաստանի դեսպան Մակլակովի հետ (28): Միաժամանակ Հ. Քաջազնունին բանակցություններ էր վարում տարբեր առևտրական բանկերի ու կազմակերպությունների հետ ֆինանսական և տնտեսական օգնություն ձեռք բերելու ակնկալիքներով: Նրա վարած բանակցությունները կարծես թե տալիս են իրենց հաջող արդյունքները: 1919թ. հունիսի 29-ին Փարիզից իր կնոջն ուղղված նամակում Հ. Քաջազնունին հայտնում է. «Տնտեսական հարցը բարեհաջող կերպով լուծվում է հենց այժմ և ետ: Ըստ երևույթին մենք հնարավորություն պիտի ունենանք բավականին խոշոր գումարի (25-30 միլիոն ֆրանկի) ապրանքներ գնել ամերիկացիներից բավականին մատչելի գներով, և որ մեզ համար ամենից կարևորն է` ոչ կանխիկ դրամով, այլ մի քանի տարվա վարկով» (29): Օգոստոսի 7-ին Քաջազնունին Հայաստանի կառավարության անունից պայմանագիր է ստորագրում Չիկագոյի ինտերնացիոնալ միացյալ ընկերության ներկայացուցիչների հետ, որով այդ ընկերությունը պարտավորվում էր մինչև 50 միլիոն դոլար գումարի ապրանքներ մատակարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որի լիազոր ներկայացուցիչն էր մինիստրների խորհրդի նախագահ պ. Քաջազնունին, և Չիկագոյի միջազգային միացյալ ընկերությունը, որի ներկայացուցիչներն են պ. Ռենարը և պ. Ժյունկեն, որոնք ունեն հավաստագրեր՝ տրված վերատեսուչ պ. Լա-Գոգեից, Փարիզում կնքում են պայմանագիրը, ըստ որի՝ Չիկագոյի միջազգային միացյալ ընկերությունը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը մատակարարել ապրանքներ մոտ հիսուն միլիոն դոլլար արժողությամբ, միաժամանակ պայմանագրի 2-րդ հոդվածում նշվում է, որ Հայաստանի կառավարությունը մատակարարվող ապրանքների համար վճարելու է գանձատան բոներով: Նկատի առնելով, որ այդ բոները դեռ բաց չեն թողնված, Չիկագոյի միջազգային միացյալ ընկերությունը ապրանքների մատակարարումը ժամանակավորապես կատարելու է մուրհակներով: Մինիստրների խորհրդի նախագահը պարտավորվում է հնարավորին չափ կարճ ժամանակամիջոցում Հայաստանի պառլամենտին ներկայացնել պետական բոներ բաց թողնելու նախագիծ: Վերոհիշյալ մուրհակները փոխադրված են լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության վրա և ընդունված մինիստրների խորհրդի նախագահի ներկայացուցիչներից: Այդ մուրհակները վեց ամսվա ընթացքում պիտի վերանորոգվեն երեք անգամ: Նրանք ներկայացնելու են ապրանքի դրամագլուխը կամ վալյուտան (արժեքը)՝ պայմանավորված գնով, և երկամյա օգուտը՝ հաշված 12 տոկոսով (կամ տարեկան 6 տոկոսով), որը մի տարվա համար կանխավճարվելու է: Այդ մուրհակները Չիկագոյի ընկերությունը կարող է զեղչել: Մուրհակներին փոխարինող բոները բաց են թողնվելու սույն պայմանագրի մեջ հիշատակված պայմաններով: Հայաստանի կառավարությունը այդ 50 միլիոն դոլարի դիմաց Չիկագոյի ընկերության տրամադրության տակ է դնում համապատասխան թվով արտաքին փոխառության օբլիգացիաներ, որը իսկույն ռեալիզացիայի է ենթարկվելու ամերիկական բանկերում (30): Նույն օրը Հ. Քաջազնունին Ալ. Խատիսյանին ուղարկած նամակով տեղեկացնում է. «Պայմանագիրը վերջնական ուժի մեջ մտնելու համար պահանջվում է, որ այն վերջնական վավերացնի Նյու Յորքի գլխավոր վարչությունը, և եթե այդ վավերացումը կայանա, ինձ թվում է, որ մեզ համար կարվի շատ խոշոր և շատ շահավետ գործ» (31): Պայմանագրի կնքումից որոշ ժամանակ անց Հ. Քաջազնունու՝ Փարիզից ուղղված սեպտեմբերի 30-ի հեռագրում, որը ստացվել է հոկտեմբերի 3-ին, ասվում է, թե Չիկագոյի ընկերությունը պայմանագիր է կնքել: 50 միլիոն դոլարի արժողությամբ ապրանք կարելի է հանձնել Բաթումում: Վարկի ժամկետը 3 տարի է: Նախնական համաձայնությունը մուրհակով և հանրապետության բոնով է: Պետք է շտապեցնել մուհակով և գանձարանի բոնով որոշումը (32): Ինչպես երևում է Հ. Քաջազնունու ուղարկած նամակների և հեռագրերի ժամանակագրությունից, չափազանց վատ էր կապը Փարիզում գտնվող պատվիրակության և Հայաստանի կառավարության միջև: Շատ հաճախ ամիսներ էր տևում, մինչև անհրաժեշտ հանձնարարությամբ նամակը տեղ էր հասնում: Հ. Քաջազնունու պարագայում ևս շատ ուշ են հասնում իր իսկ ուղարկած նամակները, որտեղ նա հորդորում է կառավարությունից հնարավորինս շուտ լիազորություն՝ մուրհակներ տալու համար այն ֆիրմաներին, որոնց հետ կնքված է պայմանագիրը: Քաջազնունու կողմից շտապեցնելու պատճառն այն էր, որ Չիկագոյի միջազգային միացյալ ընկերության հետ կնքած պայմանագրում կար կետ, որտեղ ասվում էր, որ սույն պայմանագրի պայմանները չորս ամսվա ժամանակամիջոցի համար են՝ պայմանագրի կնքման օրից սկսած: Այս ժամանակամիջոցը լրանալուց հետո պայմանավորվող կողմերը ապրանքների գնումների առթիվ բանակցությունները ընդհատելու իրավունքը իրենց են վերապահում այն դեպքերում, երբ կողմերը սույն կետում մատնանշված չորս ամսվա ժամանակամիջոցում համաձայնության չեն եկել (33): Ստանալով Հ. Քաջազնունու հեռագիրը՝ ֆինանսների նախարար Ս. Արարատյանը դիմում է պառլամենտի նախագահին 50 միլիոն դոլարի փոխառության օրինագիծը հնարավորինս շուտ դնել պառլամենտում քվեարկության (34): 1919թ. նոյեմբերի 4-ին պառլամենտի 29-րդ նիստում դրվում է 50 միլիոն դոլարի փոխառության օրինագիծը (35), որը և ընդունվում է նույն նիստում (36): Դժբախտաբար, Հ. Քաջազնունու կնքած այս փոխշահավետ պայմանագիրը կյանքի չի կոչվում և չի իրականանում: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ 1919թ. դեկտեմբերի 11-ին ամերիկյան Վիլյամս և Վիգմոր միջազգային առևտրական ընկերության տարածաշրջանի վաճառքի մենեջեր Գաստոնը նամակով դիմել է Հայկական կոմիտեի նախագահ Վահան Քարդաշյանին: Նամակում Գաստոնը, պատասխանելով Վ. Քարդաշյանին հուզող հարցերին, տեղեկացնում է, որ Հայկական կոմիտեն կամ նրա ներկայացուցիչը կապի մեջ է մտել Չիկագոյի միջազգային կազմակերպության հետ, բայց այդ պայմանագիրը չեղյալ է համարվել (37): Մեզ, իհարկե, չհաջողվեց պարզել, թե ինչ պատճառով է Չիկագոյի միջազգային միացյալ ընկերությունը չեղյալ համարել պայմանագիրը, բայց պետք է ենթադրել 3 պատճառ: Առաջին՝ կապի դժվարության պատճառով Հ. Քաջազնունուն շատ ուշ է հասել Հայաստանի պառլամենտի կողմից 50 միլիոն դոլարի կարճատև փոխառություն կնքելու մասին օրենքը: Երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչված երկիր չէր իսկ ամերիկյան կապիտալը երերուն և անորոշ պայմաններ չէր սիրում ու չէր գնա այնպիսի մի միջավայր, որտեղ իր ապահովության և զարգացման համար երաշխիքներ չկային: Եվ երրորդ՝ ամենայն հավանականությամբ, այս պայմանագրի կայացման գործում վճռական դեր ունեցավ գեն. Հարբորդի կազմած տեղեկագիրը, որը հայերի համար մխիթարական չէր: Ահա սրանք էին այն հիմնական պատճառները, որ թույլ չտվեցին Հ. Քաջազնունուն կյանքի կոչել Հայաստանի համար շատ շահավետ այս պայմանգիրը: 1919թ. սեպտեմբերի 3-ին Հ. Քաջազնունու գլխավորած պատվիրակությունը ուղևորվում է Լոնդոն: Այնտեղ Հ. Քաջազնունին հանդիպումներ է ունենում տեղի հայ համայնքի, գործարարների և առևտրական մի շարք ընկերությունների ղեկավարության հետ (38): Լոնդոնում վարած բանակցությունների արդյունքում Հ. Քաջազնունուն հաջողվում է համաձայնության գալ անգլիական առևտրական ընկերությունների հետ Լիվերպուլում վաճառել հայկական բամբակը: Իհարկե, Քաջազնունու կնքած նմանատիպ մանր գործարքները էական լուրջ ֆինանսական աջակցություն չէին կարող բերել Հայաստանին, իսկ այս տիպի գործարքներով հավաքած գումարներով մի կերպ կարողանում էին արտասահմանում պահել Հայկական պատվիրակություններին: Այս առթիվ Ավ. Ահարոնյանը Ալ. Խատիսյանին սեպտեմբերի 10-ին ուղարկած նամակով տեղեկացնում է. «Լոնդոն է գտնվում նաև պ. Քաջազնունին Էնֆիաջյանի և Փիրալյանի հետ, ուր նրանք աշխատում են փոխառության ու պարենավորման գործը գլուխ բերել, եթե հնար է: Տարաբախտաբար Քաջազնունու վերջին նամակը շատ քիչ է հույս տալիս հաջողության և ավելի շուտ վատատես է: Առհասարակ մեր բոլոր փորձերից հետո դժվար է հույս ունենալ փոխառութան կամ ֆինանսական լուրջ օգնության որևէ պետության կողմից, քանի որ մեր պետությունը պաշտոնապես ճանաչված չէ: Սա մի դժբախտութուն է, որից չենք ազատվում: Քաջազնունին իր ընկերներով կվերադառնա Փարիզ այս սեպտեմբերի 25-ին Ամերիկա մեկնելու համար: Անհնարին չէ, որ և ես մեկնեմ հետագայում Ամերիկա, քանի որ ծանրության կենտրոնը փոխվում է այնտեղ» (39): Հ. Քաջազնունին սեպտեմբերի 21-ին Լոնդոնից վերադառնում է Փարիզ՝ պատրաստվելով ուղևորվել Ամերիկայի Միացյալ Նահագներ: Ինչպես տեղեկանում ենք Ավ. Ահարոնյանի ` Ալ. Խատիսյանին ուղարկած նամակից, նախքան Քաջազնունու մեկնելը Ամերիկա, Փարիզում տեղի է ունենում երկու պատվիրակությունների համատեղ նիստ, որտեղ քննարկվում է Ամերիկա պատվիրակություն ուղարկելու հարցը (40): Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը առաջարկում է քաղաքական-զինվորական-տնտեսական միսիաները միացնել մեկ ընդհանուր միսիայի տակ Հ. Քաջազնունու նախագահությամբ: Պողոս Նուբար փաշան մերժում է այս առաջարկությունը՝ ասելով, որ նա շատ հարգում է պ. Քաջազնունուն, բայց չպիտի կարողանա համաձայնել, որ նա լինի նախագահ այդ միսիայի, որովհետև այստեղ հանրապետությունն է դառնում գերիշխող, փոխանակ ազգային պատվիրակությունը (41): Ահա այսպիսի զավեշտալի ու անտրամաբանական պատճառաբանությամբ Պողոս Նուբար փաշան մերժում է մեկ միասնական միսիա ուղարկել Ամերիկա, ավելին, նա, ի հակակշիռ Հայաստանի Հանրապետության պատվիրակության, ձևավորեց մեկ այլ ինքնուրույն պատվիրակություն` պրոֆ. Տեր-Հակոբյանի գլխավորությամբ, որը ներկայացնելու է Ազգային պատվիրակությունը, իսկ ավելի ճիշտ՝ իր շահերը Ամերիկայում: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Ամերիկա ուղևորվելու համար ձևավորեց իր պատվիրակությունը Հ. Քաջազնունու ղեկավարությամբ: Այդ պատվիրակության մեջ մտնում էին՝ Ա. Էնֆիաջյանը, Ա. Փիրալյանը, սպա Մելիքյանը և Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյանը), որը նշանակվում է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ: Միաժամանակ Հ. Քաջազնունին փորձեց իր պատվիրակության մեջ ընդգրկել նաև գեներալ Բագրատունուն՝ որպես զինվորական կցորդ, սակայն Բագրատունին աննպատակահարմար էր համարել լոկ խորհրդականի պաշտոնով Ամերիկա մեկնելը՝ գտնելով, որ դա պատշաճ չէ իր դիրքին (42): Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գտնում էր, որ ճիշտ կլինի եթե Ամերիկա մեկնի մեկ պատվիրակություն, և եթե ստեղծվելու է զինվորական հանձնախումբ, ապա նպատակահարմար է այն ինչ-որ կերպ կապել Հ. Քաջազնունու պատվիրակության հետ: Սակայն Բագրատունին, ելնելով իր փառասիրական ձգտումներից, մերժում է այդ առաջարկությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ամերիկայում խիստ անհրաժեշտ է ունենալ մի բարձրաստիճան զինվորական, որը ամերիկյան կառավարությանը կկարողանա բացատրել, որ Հայաստանի համար պետք չէ 150-200 հազար զորք, այլ 20-30 հազար, և թե ինչ զինվորական կարիքներ են անհրաժեշտ այդ զորքը սպառազինելու համար, երկու պատվիրակությունների ղեկավարները գալիս են կոմպրոմիսի. որոշվում է Բագրատունուն նշանակել ոչ թե Հայաստանի Հանրապետության զինվորական ներկայացուցիչ, այլ միացյալ Հայաստանի զինվորական պատվիրակության ղեկավար, սակայն, ինչպես Հ. Քաջազնունու պարագայում Պողոս Նուբարը ստեղծեց պրոֆ. Տեր-Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը, այնպես էլ այս պարագայում ի հակակշիռ գեն. Բագրատունու, զինվորական միսիայի մեջ Ազգային պատվիրակության հատուկ ներկայացուցիչ է նշանակում զորավար Անդրանիկին (43): Իհարկե, Ահարոնյանը խիստ դժգոհ էր նման որոշումից, բայց ելնելով հանգամանքներից՝ ստիպված էր համաձայնել: Հ. Քաջազնունու գլխավորած պատվիրակությունը Ամերիկա ուղևորվեց 1919թ. հոկտեմբերի 1-ին, իսկ հոկտեմբերի 9-ին արդեն Նյու Յորքում էր (44): Պատվիրակության ժամանելուց երեք օր հետո` հոկտեմբերի 12-ին, Նյու Յորք է հասնում նաև Ազգային պատվիրակության ներկայացուցիչ պրոֆ. Տեր-Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը: Հաջորդ օրը` հոկտեմբերի 10-ին, Հ. Քաջազնունու պատվիրակությունը ուղևորվում է Վաշինգտոն: Ինչպես տեղեկանում ենք ամերիկահայ մամուլից, Հ. Քաջազնունին և Գ. Փաստրմաճյանը Վաշինգտոնում հանդիպում են Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի, հայկական գործերի գծով ենթակոմիտեի նախագահ Հարդինգի հետ: Հ. Քաջազնունին դիմում է ներկայացնում ամերիկյան կառավարությանը Հայաստանին օգնելու նպատակով, իսկ Գ. Փաստրմաճյանը դիմում է համապատասխան ենթակոմիտեին զինվորական օգնություն ստանալու ակնկալիքով: Միաժամանակ թե´ Քաջազնունին և թե´ Փաստրմաճյանը ներկայացնում են, որ եթե ամերիկացիները մի ռազմանավ ուղարկեն Բաթում մի փոքրիկ զորքով, ապա դա կարող է բարոյական մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի մեջ և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Քաջազնունին և Փաստրմաճյանը հանդիպում են նաև Մերձավոր Արևելքի նպաստամատույցի անդամ Ուոլթր Սմիթի, Հ. Ս. Ջեքուիսի և դոկ. Ճ. Թ. Մեյնի հետ, որոնք վերջերս էին վերադարձել Հայաստանից: Հանդիպման ընթացքում ամփոփվում է այն տեսակետը, որ Հայաստանին հատկացվելիք օգնությունը պետք է կատարվի հետևյալ կերպ. 1. ճանաչել Հայաստանի Հանրապետությունը, 2. ապահովել Հայաստանի բնակչությանը սննդով, մինչև կհասնի 1920թ. հունձքը, 3. ամերիկական մի զորամաս ուղարկել Հայաստան, իսկ Ամերիկայի մեջ թույլ տալ, որ հայերից կազմվի 10.000 կամավորական բանակ, որոնց ծախսը պետք է հոգա Ամերիկայի կառավարությունը (45) :
Միաժամանակ Հ. Քաջազնունու գլխավորած պատվիրակությունը այցելում է Սպիտակ տուն և հանդիպում նախագահի անձնական քարտուղար Թումիլթիի հետ: Հաջորդ օրը` հոկտեմբերի 12-ին, Հ. Քաջազնունու պատվիրակությունը հանդիպումներ է ունենում սենատորներ Ուիլյամսի և Լոջի, ապա արտաքին քարտուղար Լենսինկի և փոխնախագահ Մարշալի հետ (46): Հոկտեմբերի 15-ին Հ. Քաջազնունու գլխավորած պատվիրակությունը մի շարք բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ հանդիպումից հետո վերադառնում է Նյու Յորք: Ինչպես վերը արդեն նշեցինք, հոկտեմբերի 12-ին Նյու Յորք ժամանեց նաև Ազգային պատվիրակության լիազոր ներկայացուցիչ պրոֆ. Տեր-Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը: Սկզբնական շրջանում Ամերիկայում լույս տեսնող զանազան հայկական թերթեր, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեին Հ.Յ.Դ-ի նկատմամբ հույս էին հայտնում, որ այդ երկու պատվիրակությունները համերաշխորեն և խաղաղությամբ կգործեն հանուն հայ ժողովրդի արդար դատի վերջնական հաղթանակի (47): Եվ իրականում ամերիկահայ մամուլի հույսերն արդարանում են: 1919թ. հոկտեմբերի 20-ին Հ. Քաջազնունին և Աբր. Տեր-Հակոբյանը համատեղ կոչով դիմում են ամերիկահայությանը: Այս համատեղ կոչով երկու պատվիրակությունների ղեկավարները նախ շնորհակալություն են հայտնում ամերիկահայերին, որ արժանացրին շատ սիրալիր ընդունելության, ապա նշում, որ տեղի մամուլը սխալ մեկնաբանություններ է անում երկու պատվիրակությունների միմյանց միջև հարաբերությունների մասին: Մասնավորապես կոչում ասված է. «Իրաւ այս կացութիւնը վիշտ կը պատճառէ մեզ, որովհետեւ ոչ միայն ցաւալի է, այլ եւ բոլորովին վնասակար մեր Ազգային Դատին:
Ուստի յանուն մեր տառապեալ Ժողովրդեան, եւ յանուն այն սրբազան դատին, որուն յաջողութիւնը բուռն փափաքն է մեր ամենուս, դիմում կընենք մեր բոլոր Ամերիկաբնակ սիրեցեալ հայրենակիցներուն, որ ինչպէս մենք ճշդուած ու ընդունուած սկզբունքերու համաձայն կը գործակցինք համերաշխաբար եւ եղբայրաբար, նոյնպէս եւ իրենք ջանան նոյն ոգիով գործել եւ գործակցիլ ի սէր մեր բազմաչարչար ազգին, որուն շահերն միշտ գեր ի վերոյ են բոլոր նկատումներէ, ի մասնաւորի ներկայ այնքան վճռական ժամանակի մը մէջ» (48):
Այս համատեղ հայտարարությունը Փարիզից ողջունվում է Ավ. Ահարոնյանի և Պողոս Նուբար փաշայի կողմից (49): Հոկտեմբերի վերջերին Հ. Քաջազնունին պատրաստում և ԱՄՆ-ի սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Լոջին է հանձնում Հայկական հարցի վերաբերյալ հուշագիրը, որը պատմագրության մեջ հայտնի է «Հայաստանի Հանրապետություն» անունով (50):
Այս հուշագրում Հ. Քաջազնունին մանրամասն տեղեկություններ է տալիս Հայաստանի տարածքի, երկրի ֆիզիկական կազմի և կլիմայի, ազգաբնակչության, պետական կազմի, օրենքների, տնտեսության, զորքի, ֆինանսների, հանրապետության ստեղծման ու ծագման գոյության 16 ամիսների կյանքի մասին և վերջում հիմնավորում, որ երկիրը խիստ կարիք ունի արտաքին օգնության, ու Հայաստանի Հանրապետությունը ակնկալում է այդ օգնությունը հենց ԱՄՆ-ից: Հ. Քաջազնունու կազմած այս բացառիկ հուշագիրը ունի հանրագիտարանային բնույթ և տեղեկությունների հավաստիությամբ՝ մեծ արժեք: Հուշագրի վերջին` արտաքին օգնության կարիքների բաժնում Հ. Քաջազնունին դիմելով ԱՄՆ-ի կառավարությանը գրում է. «Հայաստանի Հանրապետութիւնն ունի դաշնակից եւ միացեալ ուժերի առաջին հերթին ԱՄՆ-ի մեծ դեմոկրատիայի ու կառավարութեան ճանաչման եւ ժամանակաւոր օգնութեան իրաւունքը, եւ խնդրում է, որ 1. ԱՄՆ-ը ճանաչի Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը, 2. Ունենալ Բաթումից մինչեւ Հայաստանի սահմանը երկաթուղի եւ հնարաւորութեան դէպքում մի քանի հազար ամերիկեան զինուորներ կամ նաւաստիներ, 3. ԱՄՆ-ը Հայաստանի Հանրապետութեանը տրամադրի վարկ կամ հնարաւորութիւն տայ ԱՄՆ-ում ձեռք բերել փոխառութիւն, հետեւեալ նպատակներով.
ա) ԱՄՆ-ում գնել ապրանքներ, ռազմամթերք եւ պարէն` նաւով Հայաստան ուղարկելու` հայկական 30-հազարանոց բանակ կազմակերպելու համար:
բ) ԱՄՆ-ում գնել մթերք եւ պաշարներ Հայաստանի քաղաքացիական բնակչութեան վիճակը թեթեւացնելու համար մինչեւ 1920թ. բերքի ստացումը:
Ներկայ Հայաստանի Հանրապետութան եւ Թիւրքահայաստանի միաւորման հարցը այժմ դրուած է Փարիզի խաղաղութեան կոնֆերանսի առաջ: Ողջ հայ ժողովուրդը յույսով ու վստահութեամբ սպասում է ԱՄՆ-ի վճռական խօսքին, լաւ իմանալով, որ Ամերիկայի բարեկամական խօսքը ամենամեծ գրաւականը կը լինի հայկական հարցի նպաստաւոր լուծման համար: Յարգանքներով Յովհ. Քաջազնունի» (51): ԱՄՆ-ում Հ. Քաջազնունու վարած բանակցությունները տալիս են իրենց արդյունքները: Ինչպես հաղորդում է «Հայրենիք» օրաթերթը, պետական քարտուղար Լանսիկը հեռագրում է Ջերարդին, որտեղ ասվում է. «Նախագահը արտօնէց ծախել երեսուներեք հազար թօնօ ալիւր Հայկական կառաւարութեան, ինչ որ համազոր է 10.000,000 տօլարի փոխատւութեան մը» (52): Ալ. Խատիսյանին ուղարկված հեռագրում Քաջազնունին նշում է. «ԱՄՆ-ի կառավարությունը վաճառել է մեր կառավարությանը 35.000 տոննա ալյուր, ամեն մի տոնը հաշված 10.800 «West Rariton» շոգենավը բեռնավորված 8.500 տոնայով դուրս է եկել այսօր նոյեմբերի 28-ին դեպի Բաթում և նախատեսված է, որ այդտեղ կհասնի դեկտեմբերի 25-ին: Հաջորդ շոգենավը դուրս կգա երկու օրից» (53):
1919թ. նոյեմբերի 22-ին Նյու Յորք են հասնում զորավարներ Անդրանիկը և Բագրատունին սպա Բոնապարտյանի և քարտուղար Մ. Տեր-Պողոսյանի ուղեկցությամբ (54): Սկզբնական շրջանում երկու պատվիրակությունները կարծես թե գործում էին միասնական և համերաշխ ու միասնական հանդիպումներ ունենում տեղի հայ համայնքի հետ: Հատկանշական էր դեկտեմբերի 7-ի հանդիպումը Նյու Յորքի ամենամեծ թատրոնի` Հիպոդրոմի դահլիճում հայկական պատվիրակությունների և տեղի հայության միջև: Այդ հանդիպմանը մասնակցում էր շուրջ 4000 մարդ: Այդ պատմական միտինգում ելույթ են ունենում Հ. Քաջազնունին, զորավար Անդրանիկը, պրոֆ. Տեր-Հակոբյանը, Գ. Փաստրմաճյանը, զոր. Բագրատունին և ամերիկացի հայասերներ պ. Ջերարը և Բլիսը (55): Միաժամանակ պետք է նշել, որ մի քանի միասնական հանդիպումներից հետո Պողոս Նուբար փաշայի կարգադրությամբ Անդրանիկը ստանձնում է ամերիկահայության շրջանում փրկության հանգանակության կազմակերպման գործը: Անդրանիկի կազմակերպած հանգանակությանը սատար էին կանգնել ռամկավարները և բարեգործականի մասնաճյուղերը: Իր հերթին ՀՅԴ-ն 1920թ. հունվարի 24-ից կազմակերպում է մեկ այլ հանգանակություն հայոց բանակին օգնելու նպատակով (56): Հ. Քաջազնունին, Գ. Պաստրմաճյանը, զոր. Բագրատունին հանձն են առնում աջակցել այդ հանգանակությունը իրականացնելու գործում: Սկսվում է անհաշտ պայքար երկու պատվիրակությունների միջև: Նրանց միջև եղած փոխհարաբերություններին իր նամակներից մեկում անդրադառնում է Հ. Քաջազնունին: 1919թ. դեկտեմբերի 18-ին Նյու Յորքից նա գրում է վարչապետ Ալ. Խատիսյանին: Թարմ տպավորությունների տակ Քաջազնունին գրում է. «Մենք այստեղ բաժանված ենք երկու լագերի, չնայած միշտ էլ պնդում ենք միասնական ճակատի և միասնական դրոշի մասին»: Իբրև հանրապետության պաշտպաններ՝ հանդես էին գալիս Հ. Քաջազնունին, գեն. Բագրատունին, Արմեն Գարոն, Էնֆիաջյանը և Փիրալյանը: Հակառակ թևը Պողոս Նուբար փաշայի պաշտպաններն էին` պրոֆ. Տեր-Հակոբյանը, զոր. Անդրանիկը և Բոնապարտյանը: Այս երկու թևերի միջև եղած երկպառակությունը արտահայտվում էր նաև գաղութում: ՀՅԴ-ն ու նրա համակիրները կանգնած էին հանրապետության կողմը, իսկ մնացածները՝ Պողոս Նուբարի:
Նամակում նա նշում էր, որ կառավարության դեմ սանձազերծած բանսարկությունները կարող են վնասել «մեր գործին»: Պրոֆ. Տեր-Հակոբյանն իր ամերիկացի բարեկամների միջոցով վաղուց կապված է իշխանության առանձին բարձրաստիճան ու ազդեցիկ անձանց հետ և նրանց սխալ գնահատականներ է տալիս Հայաստանի կառավարության մասին: «Դա անհետևանք չի անցնի,-գրում է Քաջազնունին,-ամերիկացիների մոտ կասկած կառաջանա պետություն ղեկավարելու մեր ընդունակության վերաբերյալ (մենք և´ տգետ ենք, և´ բռնակալներ ենք, և´ գողեր ենք, մենք և´ բոլշևիկներ ենք) և դա որոշ չափով անվճռականություն կհարուցի մեր պետությունը ճանաչելու գործում» (57) :
Քաջազնունու նամակից պարզ է դառնում, որ չնայած այդ ամենին, զգալի չափով աճել էին հանրապետության օգտին նվիրատվությունները և ֆոնդերը: «Դաշնակցություն»-ը նոր հենարան էր ստացել, իսկ չեզոքներից շատերը անցել էին կառավարության կողմը: Ինչպես վերը արդեն նշվեց, ԱՄՆ-ի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի խնդրանքով Հ. Քաջազնունին և նրա պատվիրակության անդամները հանձն են առնում աջակցել հայոց բանակի համար կատարվող հանգանակության աշխատանքներին: Այդ նպատակով Հ. Քաջազնունին սկսում է իր շրջագայությունը Ամերիկայի ողջ հայաբնակ քաղաքներով մեկ: 1920թ. հունվարին նա իր պատվիրակության անդամների հետ միասին այցելում է Ուստր քաղաքը, որտեղ ջերմ ընդունելության է արժանանում ոչ միայն տեղի հայերի, այլև քաղաքի ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից (58): Այնուհետև Հ. Քաջազնունին փետրվարի 14-ին ուղևորվում է Բոստոն: Պետք է նշել, որ բանակի համար նախատեսված հանգանակությունը ընթանում էր մեծ ոգևորությամբ և արդեն ապրիլի 22-ի դրությամբ հավաքվում է ավելի քան 77. 000 դոլար (59) :
1920թ. ապրիլի 3-ին Հ. Քաջազնունու պատվիրակության երկու անդամները` Էնֆիաջյանը և Փիրալյանը, վերադառնում են Փարիզ և հանգանակության հավաքագրման քարոզչության աշխատանքները Հ. Քաջազնունին կատարում է իր քարտուղար սպա Ս. Մելիքյանի, մասամբ էլ Գարեգին Փաստրմաճյանի ուղեկցությամբ: Ապրիլի 17-ին Քաջազնունին լինում է Հարտֆորդ և Նյու Բրետան քաղաքներում, ապա նույն ամսի 23-ին անցնում Նիագարա՝ Ֆուլս և Դետրոյդ քաղաքները: Մայիսին նա այցելում է Պետերսոն, Ֆիլադելֆիա, Չիկագո, Լոս Անջելես, Ֆրեզնո, Սան-Ֆրանցիսկո, Ֆալեր, Ռիգլ, հունիսին նորից լինում է Ֆրեզնո և Չիկագո քաղաքներում, իսկ հուլիսին այցելում Բոստոն և Վաշինգտոն, հուլիսի 29-ին վերադառնում է Նյու Յորք՝ բանակի համար հանգանակության աջակցման աշխատանքները ավարտելով բավականին լավ արդյունքներով (60): Հայաբնակ բոլոր քաղաքներում Հ. Քաջազնունուն ընդունում էին մեծ ոգևորությամբ և ցնծությամբ: Հ. Օհանջանյանին ուղարկած իր նամակներից մեկում Քաջազնունին մեծ ոգևորությամբ է պատմում Կալիֆորնիա իր այցելության մասին: Մասնավորապես նա գրում է. «Մինչև մեր այստեղ գալը Հանրապետության «Կրեդիտը» (վարկանիշը-Հ.Մ.) շատ փոքր էր գաղութի մեջ: Մեր պետության և կառավարության, մեր ներքին կարգերի ու արտաքին քաղաքականության մասին ամենաաբսուրդ, այլանդակ հասկացողություններ էին տիրում: Պատճառը` մի կողմից` անտեղյակությունն էր, մյուս կողմից` հակադաշնակցական ու հակահանրապետական բլոկի թունավոր պրոպագանդը: Կարող եմ ասել առանց վերապահումների, որ այս մի քանի ամիսների ընթացքում շատ զգալի կերպով փոխվեց դրությունը: Գլխավոր պատճառն այն էր, անշուշտ, որ Հանրապետությունը ցույց տվեց իր կենսունակությունը, իր տոկունությունը, իր մարտական կորովը և այն, որ պետությունները ճանաչեցին մեզ, տեղ տվեցին իրենց կողքին, հարաբերություններ հաստատեցին: Ուրիշ խոսքով` Հանրապետությունը դառավ մնայուն փաստ, որ այլևս չէր կարելի ոչ հերքել, ոչ արհամարել: Բայց խոշոր դեր կատարեց նաև Հանրապետության ներկայացուցիչների շփումը գաղութի հետ: Շատ թյուրիմացություններ վերացան, շատ կասկածներ փարատվեցին, շատ սուտեր (կամա թե ակամա) հերքվեցին: Հանրապետության վարկը բարձրացավ, ներշնչվեց հավատ ու հարգանք, ներշնչվեց գիտակցություն թե Հայկական դատի միակ հենարանը` գոյություն ունեցող «Երևանյան» հանրապետությունն է: Առանձնապես նկատելի եղավ մտքերի այդ հեղաշրջումը Կալիֆորնիայի մեջ» (61) : Հետաքրքրական է, որ Հայաստանում լուր է տարածվում, թե ԱՄՆ-ում բանակի հանգանակության ֆոնդին հավաքվել է 2 միլիոն դոլար, և այդ առթիվ Համո Օհանջանյանը հեռագրում է Քաջազնունուն՝ խնդրելով այդ գումարը փոխադրել Հայաստան, սակայն իրականությունն այն էր, որ թեև հանգանակությամբ հավաքվել էր 550.000 դոլար, բայց այդ գումարի մի մասը մնում էր ապառիկ, այսինքն՝ զուտ խոստումների հիման վրա էր հաշվվում 550.000, բայց ռեալ հավաքվում է 358.471 դոլար (62) : Դժբախտաբար, Հ. Քաջազնունին չէր կարող տնօրինել այդ գումարներին, քանի որ, հանգանակության պայմանների համաձայն, հանգանակված դրամով պետք է գնվեին ապրանքներ Ամերիկայում բանակի կարիքները հոգալու համար (63): 1920թ. հուլիսի 3-10-ը Բոստոնում Հ. Քաջազնունին և Գ. Փաստրմաճյանը մասնակցում են ՀՅԴ Ամերիկայի շրջանի 27-րդ պատգամավորական ժողովին (64) : Միաժամանակ Հ. Քաջազնունին շարունակում է իր բանակցությունները ամերիկյան զանազան բանկերի և ֆիրմաների հետ՝ հույս ունենալով մի որևէ պայմանագիր կնքել, որևէ կերպ հաջողացնել տնտեսական օժանդակության հարցը Հայաստանի համար: Նա բանակցություններ է սկսում ամերիկյան «Equipement Company»-ի առևտրական կազմակերպության հետ: Այդ բանակցությունների և արդյունքների մասին Քաջազնունին նամակով տեղեկացնում է վարչապետ Ալ. Խատիսյանին՝ որտեղ նա նշում է,որ գնել է 300 հազար անգլիական ֆունտի (մոտավորապես 8.100 փութ) բիսկվիտ, ֆունտը` 4 ցենտ կանխիկ դրամով և կառավարության վրա ֆունտը նստել է 18 ցենտ: Մուծելով՝ 1200 դոլար կանխավճար: Հ. Քաջազնունին այս գնումները անելու համար 20.000 դոլար պարտք է վերցնում ԱՄՆ-ի ՀՅԴ կենտրոնական կոմիտեից, 5 հազար դոլար էլ նա վերցնում է Գ. Փաստրմաճյանից հայկական բանակի համար երաժշտական գործիքներ առնելու համար: Ընդհանուր նա 25 հազար դոլարի պարտք է վերցնում ՀՅԴ Ամերիկայի ԿԿ-ից վերադարցնելու պայմանով (65):
1920թ. օգոստոսի 10-ին, Հ. Քաջազնունին ԱՄՆ-ից վերադառնում է Փարիզ: Այնտեղ նա տեղեկանում է, որ ՀՀ կառավարությունը իրեն նշանակել է Կ.Պոլսում ՀՀ դեսպան, սակայն Հ. Օհանջանյանին ուղարկած նամակով նա հրաժարվում է այդ պաշտոնից (66): Հ. Քաջազնունին մինչև սեպտեմբերի 14-ը մնում է Փարիզում: Այնտեղ վերջին հնարավորությունը բաց չթողնելու ակնկալիքով ևս մեկ անգամ բանակցում է անգլիական մի խոշոր առևտրական տան հետ, որը ցանկություն էր հայտնել գործեր սկսել Հայաստանի հետ: Անգլիացիների հետ հանդիպելուց հետո Հ.Քաջազնունին սեպտեմբերի 15-ին ուղևորվում է Հռոմ, սեպտեմբերի 17-ին անցնում Տորանտո, որտեղից սեպտեմբերի 22-ին հասնում Կ.Պոլիս: Սեպտեմբերի 25-ին դուրս գալով Կ.Պոլսից՝ Քաջազնունին սեպտեմբերի 28-ին հասնում է Բաթում, որտեղից ամսի 30-ին ուղևորվում է Թիֆլիս: Հոկտեմբերի 5-ին նա արդեն Ալեքսանդրապոլում էր, իսկ հոկտեմբերի 9-ին երկարատև ճամփորդությունից հետո հասնում է Երևան (67) :
Այսպիսով՝ ներկայացնելով Հ. Քաջազնունու գործունեությունը սփյուռքում՝ պետք է նշել, որ դրանք ունեցան դրական նշանակություն այն առումով, որ Քաջազնունու դիմումներն ու խնդրագրերը արագացրին ԱՄՆ-ի կողմից ուղարկվելիք օգնությունը սովամահ հայ ժողովրդին: Միաժամանակ Հ. Քաջազնունին ԱՄՆ-ում թե´ պետական պաշտոնյաների շրջանում և թե´ հայ համայնքի մեջ տարավ քարոզչական հսկայական աշխատանք Հայկական դատի և Հայաստանի Հանրապետության ճանաչման ուղղությամբ: Այնուհանդերձ, Հ. Քաջազնունուն չհաջողվեց ԱՄՆ-ի հետ լուրջ պայմանագիր կնքել Հայաստանին վարկ տրամադրելու գործում: Սովամահության դատապարտված հայ ժողովրդի համար դրսի օգնությունն ունեցավ փրկարար նշանակություն, որի կազմակերպման գործում իր համեստ լուման ունեցավ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին:
ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի ասիստենտ
1. Հակոբյան Ա., Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները 1918-1920, «Արդարություն» մատենաշար թիվ 4, Երևան, 2005, էջ 98:
2. Հայաստանի Ազգային արխիվ (այսուհետև`ՀԱԱ), ֆ. 199, ց.1, գ. 14, մաս 1, թ.19,բնագիր-մեքենագիր:
3. Հայաստանի Հանրապետության պառլամենտի օրենքները (1918-1920թթ.), Պատասխանատու խմբագիրներ` Միրզոյան Ս., Մամիկոնյան Ֆ., Երևան, 1998, էջ 42; ՀԱԱ., ֆ. 199, ց. 1, գ. 21, մաս 2, թ. 150, պատճե-մեքենագիր:
4. Հայաստանի Հանրապետության պառլամենտի օրենքները (1918-1920թթ.), էջ 47; ՀԱԱ., ֆ. 199, ց. 1, գ. 21, թ. 151, պատճե-մեքենագիր; «Կառավարության Լրաբեր», 26 փետրվարի 1919, N 9:
5. Ռուբէն., Հայ յեղափոխականի մը յիշատակները, հատ. Է, Թեհրան, 1982, էջ 278:
6. Նույն տեղում, էջ 313:
7. Հովհաննիսյան Ռ.,Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ. գիտությունների ազգային ակադեմիա պատմության ինստիտուտ, «Տիգրան մեծ» հրատարակչություն, Երևան, 2005 էջ 162-163:
8. ՀԱԱ., ֆ. 200, ց. 1, գ. 211, թ. 18, պատճե-մեքենագիր:
9. Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Երևան, «Հայաստան», 1993, էջ 254:
10. Հովհաննիսյան Ռ.,Հայաստանի Հանրապետությունը, էջ 164:
11. Սիմոնյան Հրաչիկ., Անդրանիկի ժամանակը, գիրք Բ, Երևան, «Կասիա», 1996, էջ 598:
12. Պետրոսյան Գ., Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918-1920թթ.), Երևան, 2006, էջ 42; Նույնի., «Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքական կացությունը Հանրապետության գոյության առաջին շրջանում (1918 հունիս-նոյեմբեր), «Հայոց պատմության հարցեր», Երևան, 2004, գիտական հոդվածների ժողովածու, N 4, էջ111; Նույնի., Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920թթ.), Երևան, 2011, էջ 32:
13. ՀԱԱ., ֆ. 199, ց. 1, գ. 43, թ. 56:
14. Նույն տեղում, ֆ.200, ց. 1, գ. 235, թ. 34, պատճե-մեքենագիր:
15. Հակոբյան Ա., Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները 1918-1920, «Արդարություն» մատենաշար թիվ 4, Երևան, 2005, էջ 156:
16. Հակոբյան Ա., Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները 1918-1920, «Արդարություն» մատենաշար թիվ 4, Երևան, 2005, էջ 156-157, նաև՝ Ս. Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Երևան, «Հայաստան», 1993, էջ 268:
17. Հովհաննիսյան Ռ.,Հայաստանի Հանրապետությունը, էջ 166
18. ՀԱԱ., ֆ. 199, ց.1, գ. 72, մաս 2, թ. 162։
19. Նույն տեղում, ֆ.199. ց. 14, մաս 1, թ. 66։
20. Նույն տեղում, ֆ. 200, ց. 1, գ. 183, թ. 32:
21. Նույն տեղում, ֆ.199. ց. 1, գ. 14, մաս 2, թ. 87:
22. Նույն տեղում, ֆ.199. ց. 1, գ. 14, մաս 2, թթ. 92-93:
23. ՀԱԱ., ֆ. 200, ց. 2, գ. 59, մաս 2, թ. 1:
24. Նույն տեղում, ֆ. 276, ց. 1, գ. 136, թ. 6, բնագիր-ձեռագիր:
25. Նույն տեղում, ֆ.199. ց. 1, գ. 13, թ. 21, բնագիր-ձեռագիր:
26. Նույն տեղում, Ֆ. 199. ց. 1, գ. 13, թ. 21, բնագիր-ձեռագիր:
27. ՀԱԱ., ֆ. 200, ց. 2, գ. 59, մաս 2, թ. 1:
28. Ահարոնյան Ավ., Սարդարապատից մինչև Սևր և Լոզան, քաղաքական օրագիր 1919-1927, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, Երևան, 2001, էջ 33:
29. Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան (այսուհետև`ԳԱԹ),Հ.Քաջազնունու ֆոնդ, N 4212, Գ. 143, թ. 1:
30. ՀԱԱ., ֆ. 200, ց. 1, գ. 20, թթ. 152-155; ֆ. 200, ց. 1, գ. 355, մաս 1, թ. 25; ֆ. 199, ց. 1, գ. 86, թթ. 172-174:
31. «Բանբեր Հայաստանի արխիվների», 1991, N 3, էջ 108:
32. ՀԱԱ., ֆ. 200, ց. 1, գ. 355, մաս 1, թ. 210:
33. ՀԱԱ., ֆ. 199, ց. 1, գ. 86, թ. 173:
34. Նույն տեղում, թ. 171:
35. Նույն տեղում, ֆ. 200, ց. 1, գ. 227, թթ. 149-151:
36.Հայաստանի Հանրապետության պառլամենտի օրենքները (1918-1920թթ.), էջ 186; «Յարաջ», Երևան, 6 նոյեմբերի 1919, N 38:
37. ՀԱԱ., ֆ. 199, ց. 1, 107, թ. 5, անգլերեն-մեքենագիր:
38. «Վերածնունդ», Փարիզ, Գ. տարի, 1919, թիւ 26, էջ 450-451:
39. ՀԱԱ., ֆ. 200, ց. 1, գ. 355, մաս 1, թթ. 218-219, բնագիր-ձեռագիր; Նույն տեղում գ. 290, թթ. 43-44:
40. Նույն տեղում, ֆ. 200, ց. 1, գ. 290, թթ. 55-61:
41. ՀԱԱ., ֆ. 200, ց. 1, գ. 290, թ. 55:
42. Սիմոնյան Հ., Անդրանիկի ժամանակը, գիրք Բ, էջ 599:
43. Նույն տեղում., էջ 609
44. ՀԱԱ., ֆ. 200, ց. 2, գ. 59, մաս 2, թ. 1:
45. Հայրենիք», Բոստոն, 12 հոկտեմբերի, 1919; «Պահակ», Բոստոն, 14 հոկտեմբերի, 1919, N 79; «Կոչնակ Հայաստանի», Նյու-Յորք, 18 հոկտեմբերի 1919, թիւ 42, էջ 1335-1336:
46. «Հայրենիք», Բոստոն, 15 հոկտեմբերի, 1919:
47. «Պահակ», Բոստոն, 24 հոկտեմբերի, 1919, N 82; «Կոչնակ Հայաստանի», Նյու-Յորք, 11 հոկտեմբերի 1919, թիւ 41, էջ 1301-1302:
48. «Կոչնակ Հայաստանի», Նյու-Յորք, 25 հոկտեմբերի 1919, թիւ 43, էջ 1367; «Պահակ», Բոստոն, 24 հոկտեմբերի, 1919, N 82:
49. «Պահակ», Բոստոն, 21 նոյեմբերի, 1919, N 90:
50. Հիշյալ փաստաթուղթը հայտնաբերել է ակադեմիկոս Վլադիմիր Ղազախեցյանը, նրա ինքնագիր օրինակը պահվում է ՀԱԱ-ում(ֆոնդ 200, ց.1, գ, 498, թթ. 20-58, նույն տեղում թերթ 59, հակ 59 և հակ 60, դրված է նրա անգլերեն թարգմանության մեկ օրինակ, որը իրականացրել է ամերիկյան սենատը և տպագրել է 1919թ. նոյեմբերի 10-ին, մեզ հաջողվեց հայտնաբերել հիշյալ փաստաթղթի անգլերեն օրինակի ևս մեկ օրինակ, որը թվագրված է 28 հոկտեմբերի 1919թ., այն գտնվում է ՀԱԱ-ում ֆ. 450, ց. 2, գ. 8): Փաստաթուղթը տպագրվել է նաև ամերիկահայ մամուլում` «Պահակ», Բոստոն, 13 հունվարի N 1, 20 հունվարի N 3, 30 հունվարի N 6, 1920:
51. Քաջազնունի Յովհ., Հայաստանի Հանրապետութիւն, Երևան, 1993, էջ 29-30, տես` Ծանոթագրութունների 5-րդ կետը:
52. «Հայրենիք», Բոստոն, 19 նոյեմբերի , 1919:
53. ՀԱԱ., ֆ. 200, ց. 1, գ. 20, թ. 185; «Յարաջ», Երևան, 19 դեկտեմբերի 1919, N 72:
54. Տօնապետեան Գ., Հ.Յ.Դաշնակցութիւնը Հիւսիսային Ամերիկայի մէջ (1910-1923), Բ. հատոր, Հայրենիք հաստատութիւն, Պոսթոն, 1995, էջ 494; «Պահակ», Բոստոն, 25 նոյեմբերի,1919 N91; «Կոչնակ Հայաստանի», Նյու-Յորք, 29 նոյեմբերի,1919, թիւ 48, էջ 1444
55. Վրացյան Ս., Կեանքի ուղիներով: Դէպքեր, Դէմքեր, Ապրումներ, Պէյրութ, 1966, հ. Ե, էջ 310-315; «Պահակ», Բոստոն, 16 դեկտեմբերի 1919, N 97; «Կոչնակ Հայաստանի», Նյու-Յորք, 13 դեկտեմբերի, 1919, թիւ 50, էջ 1502-1508:
56. Տօնապետեան Գ., Հ.Յ.Դաշնակցութիւնը Հիւսիսային Ամերիկայի մէջ (1910-1923), Բ. հատոր, էջ 511-512:
57. Այս նամակը տպագրել է արխիվագետ Օկտյաբրինա Բալիկյանը «Բանբեր Հայաստանի արխիվներ» հանդեսի 1991, N3-ում, էջ 113-120, որտեղ մեջբերված հատվածները արխիվագետը կրճատել էր և այն չէր տպագրվել, այն տպագրել է ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը իր «Անդրանիկի ժամանակը» գիրք Բ, աշխատության մեջ, էջ 619-621:
58. «Պահակ», Բոստոն, 9 Յունվարի, 1920, N 104:
59. Տօնապետեան Գ., Հ.Յ.Դաշնակցութիւնը Հիւսիսային Ամերիկայի մէջ (1910-1923), Բ. հատոր, էջ 518:
60. ՀԱԱ., ֆ. 200, ց. 2, գ. 59, մաս 2, թ. 3:
61. ՀԱԱ., ֆ. 200, ց. 1, գ. 431, թթ. 119-120, բնագիր-ձեռագիր:
62. Վրացյան Ս., Հին թղթեր նոր պատմութեան համար, էջ 326:
63. ՀԱԱ., ֆ. 200, ց. 1, գ. 431, թ. 101:
64. Տօնապետեան Գ., Հ.Յ.Դաշնակցութիւնը Հիւսիսային Ամերիկայի մէջ (1910-1923), Բ. հատոր, էջ 520:
65. Վրացյան Ս., Հին թղթեր նոր պատմութեան համար, Բէյրութ, 1962, էջ 326-327; Տօնապետեան Հ.Յ.Դաշնակցութիւնը Հիւսիսային Ամերիկայի մէջ (1910-1923), Բ. հատոր, էջ 531:
66. ՀԱԱ., ֆ. 200, ց. 1, գ. 431, թթ. 126-128, բնագիր-ձեռագիր:
67. Նույն տեղում., ֆ. 200, ց. 2, գ. 59, մաս 2, թ. 4: