Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի ելույթը՝ Արամ Մանուկյանի ծննդյան 144-ամյակին նվիրված միջոցառմանը.
«Այսօր շատ այժմեական է Արամ Մանուկյանին նվիրված այս միջոցառումը. մեր հասարակությունը, մեզանից յուրաքանչյուրը, հայ ժողովուրդն ընդհանրապես պետք է իր արժանին մատուցի Արամ Մանուկյանին: Ես կփորձեմ Արամ Մանուկյանի կերպարի և մեր օրերի կապը ներկայացնել: Շատ արդիական է, երբ խոսում ենք պետական գործչի նրա հատկանիշների մասին՝ ուսումնասիրելով նրա կենսագրությունը, նրա գործունեությունը՝ դա լինի Արևմտյան Հայաստանում, երբ նա գործչի կարգավիճակով այնտեղ էր, Վանի ինքնապաշտպանությունը, այնուհետև Հայաստանի հանրապետություն, Սարդարապատ:
Պետական մտածելակերպի արմատավորման լավագույն օրինակը մեր վերջին հարյուրամյա պատմության մեջ Արամ Մանուկյանն էր: Եթե ուսումնասիրեք իր օրագիրը, իր հիշողությունները, Արամ Մանուկյանի մասին գրված վկայությունները, ընդամենը մի քանի տարի առաջ լույս տեսած լիբանանահայ պատմաբան Երվանդ Փամբուկյանի «Արամի նամանակին»՝ արխիվներից դուրս բերված այդ հրաշագործ աշխատությունը, ապա կարող ենք ծանոթանալ պետական գործչի կերպարին: Ես ինձ իրավունք եմ վերապահում նրան համեմատելու մեր ժամանակների Արթուր Մկրտչյանի հետ: Երկուսն էլ անկախ հանրապետության ծնունդի ժամանակահատվածում շատ կարճ պաշտոնավարեցին, երկուսն էլ իրենց գծերով շատ նմանություններ ունեն՝ ազնվությունը, առաջնորդ լինելու հանգամանքը: Շատ է խոսվում «առաջնորդ» գաղափարի մասին: Այս առումով փորձենք մեր օրերը համեմատել Արամի ապրած ժամանակաշրջանի հետ: Ես կուզենայի Դրոյի հետ միջադեպի օրինակը բերել, թե ինչպես է Դրոն, այդ բազմավաստակ ռազմական, քաղաքական գործիչը փորձում ընդամենը ավտոտնակից մեքենա վերցնել և ավտոտնակի պետ Խաչիկ Ստեփանյանը մերժում է՝ ապավինելով Արամին: Արամի և Դրոյի ընդհարման պատմությունը շատ յուրահատուկ ապացույց է, թե ինչպիսի կեցվածք ուներ Արամ Մանուկյանը: Կամ մեկ այլ դրվագ. հատուկ կոմիտեի շրջանում Արամի պաշտոնավարման ժամանակ Չոլախ Գևորգի կամ Թոփալ Գևորգի նկատմամբ նրա ցուցաբերած վերաբերմունքը: Հայտնի դաշնակցական խմբապետ-գործիչը փորձում է իրեն դրսևորել այլ վիճակով, մեկ-երկու անգամ Արամը ներել էր նրա վարքագիծը, բայց վերջում իր հանձնարարությամբ Գևորգին գնդակահարում են: Ես չեմ քարոզում մեր օրերում գնդակահարություն, բայց քարոզում եմ, որ ունենանք պետական գործչին վայել կեցվածք:
Առանձնահատուկ տեղ ուներ Արամի վերաբերմունքն իր հակառակորդների, թշնամիների նկատմամբ: Տարբեր դրվագներ կան թե՛ Վանում, թե՛ Հայաստանի անկախության առաջին օրերին, թեկուզ Խալիլ փաշայի հետ իր հարաբերությունները: Խորհրդային պատմագրությունը կեղծված, տարբեր ձևերով մեզ փորձել է այլ իրականություն մատուցել, բայց Խալիլ փաշայի հետ իր հարաբերություններում տեսնում ենք, թե ինչպիսի վերաբերմունք ունեին մեր թշնամիները, հակառակորդները մեր առաջնորդի նկատմամբ: Սա, իհարկե, այժմեական է: Ինչպիսի հարաբերությունների մակարդակ պիտի ունենալ, որ մեր հակառակորդը խոնարհվի, արժանին մատուցի՝ նույնիսկ Արամի պահանջով իրենց հեռանալուց հետո հայկական կողմին զենք-զինամթերք տրամադրելով:
Շատ է խոսվում Արամ Մանուկյան պետական, քաղաքական, ռազմական գործչի մասին: Չպետք է մոռանալ, որ Արամ Մանուկյանն առանց իր կուսակցության, առանց Հայ Յեղափոխական Դաշնակցության չէր կարող ունենալ այս կերպարը: Երբեմն մենք փորձում ենք մեր կերպարների միայն մի մասը լուսաբանել: Ես պարտավորված եմ որպես ՀՅԴ բարձրագույն մարմնի անդամ՝ հպարտորեն ասել, այո՛, Արամ Մանուկյանը կուսակցական գործիչ էր, ուսումնասիրեք իր անցած ճանապարհը՝ Վասպուրականում, Կարսի հնոցում, Արևելյան Հայաստանում, Բաքվում, Գանձակում և դուք կտեսնեք, թե ինչպիսի գործունեություն է ունեցել այդ ազնվագույն պետական, հասարակական, քաղաքական և նաև կուսակցական գործիչը: Այսօր այժմեական է դա: Պետք է կարողանալ ամենաիրական պատկերը երևան հանել, օգտագործել:
Այնուհանդերձ ուզում եմ շնորհակալություն հայտնել և ողջունել այս նախաձեռնությունը՝ հույս ունենալով, որ Արամ Մանուկյանի կերպարը ուսումնասիրելով՝ յուրաքանչյուր ոք իր մեջ կարող է տեսնել Արամ Մանուկյանին: Արամ Մանուկյանի թողած ժառանգությունը, պատգամը հենց այն կլինի, եթե յուրաքանչյուրս ապրենք այդ ոգով, այդ ոճով և գործենք այդպես»: