կարևոր
11116 դիտում, 7 ամիս առաջ - 2024-02-19 12:55
Հասարակություն Քաղաքական

Դաշնակցական Հովհաննես Թումանյանը․ ազգային բանաստեղծը և գործիչը

Դաշնակցական Հովհաննես Թումանյանը․ ազգային բանաստեղծը և գործիչը

«Թումանյանը մինչև իր ոսկորի ծուծը հայ ազգային բանաստեղծ էր և ազգային գործիչ»

Սիմոն Վրացյան

ՀՅԴ գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ  

 

Քչերը գիտեն, որ Հովհաննես Թումանյանը տարիներ շարունակ անդամակցել է ՀՅԴ-ին։

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը աչքի է ընկել իր ակտիվ քաղաքական դիրքորոշումներով և իր կյանքն ապրել է ոչ միայն որպես գրող, այլև որպես ակտիվ ազգային գործիչ։

Ապրելով հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներում՝ մեծ գրողը մշտապես փորձել է ուժերի ներածին չափով մասնակից լինել սեփական ժողովրդի ազատության համար մղած պայքարին։ 

«Միակ խնդիրը, որ նրան զբաղեցնում էր` դա  հայ ժողովրդի ինքնապաշտպանության խնդիրն էր»,- այսպես է նրան նկարագրել 20-րդ դարասկզբի ականավոր գործիչ, Վրաստանում Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան, ՀՅԴ անդամ Արշակ Ջամալյանը:

1905-1906 թթ․ հայ-թաթարական ընդհարումներն առիթ են դառնում, որպեսզի Թումանյանի և ՀՅԴ հարաբերություններն ստանան կանոնագրային բնույթ: Պոետը վկայում է. «Ինքնապաշտպանության ժամանակ գրեթե ամբողջ Կովկասի հայ ժողովուրդը անխտիր մտավ Դաշնակցության մեջ…»: 

Ժանդարմական վարչության գաղտնի փաստաթղթերից մեկում հաստատվում է, որ Թումանյանը 1903 թ. դեկտեմբերից ՀՅԴ անդամ էր: Ավելին, դաշնակցական ղեկավարների ակտիվ գործիչների տասներկու անունների դիմաց 1904 թ. ապրիլի 20-ի փաստաթղթում նշվում է` «դսեղցի Հովհաննես Թումանյան»: Ըստ Թիֆլիսի պահնորդական բաժնի գաղտնի տվյալների` Թումանյանը եղել է Շուլավերի դաշնակցության կոմիտեի նախագահ, կենտրոնական բյուրոյի արևելյան բաժնի անդամ: 1904 թ. մայիսի 3-ին և 4-ին բանաստեղծը Երևան և Էջմիածին է այցելել, որպեսզի բանակցություններ վարի կաթողիկոսի հետ «կայսերական հրովարտակը մերժելու մասին»: 1907 թ. հունվարի 20-25-ը Թիֆլիսի Չորրորդ քաղաքամասի բնակչության կողմից Թումանյանը առաջադրվում է Երկրորդ Պետական դումայի պատգամավոր ընտրյալ պատվիրակների Դաշնակցության թեկնածու կուսակցության կողմից:

1908 թ. դեկտեմբերին, Թիֆլիսում և հայաշատ այլ վայրերում սկսվում են ձերբակալությունները: Թիրախում մեծ մասամբ հայ մտավորականներն էին՝ ուսանողներ, հասարակական գործիչներ, բժիշկներ, իրավաբաններ՝ շուրջ 160 անձ: Բոլորի մեղադրանքը մտնում էր նույն «Դաշնակցության գործ»-ի մեջ:

Թումանյանը որդու՝ Մուշեղի հետ բանտարկվում է 1908 թ. դեկտեմբեր 23-ի լույս 24-ի գիշերը, կարճ ժամանակ անց՝ երաշխավորությամբ ազատ է արձակվում, սակայն նրա նկատամամբ սահմանվում է խստացված հսկողություն։

1911 թ. հունվարին 19-ին «Հորիզոն» թերթի խմբագրատուն են ներխուժում պահնորդական բաժնի գործակալները, խուզարկում, կալանավորում են Թումանյանին, թերթի այլ աշխատակիցների ու պատահական այցելուների: Թումանյանին տրված նախկին բոլոր մեղադրանքները կրկնվում են  նոր խմբագրումներով։

ՀՅԴ մեծ դատավարության քրեական գործի շրջանակում՝ 1912 թ․ մարտի 20-ին դատարանում բանաստեղծն, այնուամենայնիվ, անմեղ է ճանաչվում։

Վկայություններ են պահպանվել նաև ՀՅԴ ժողովներին Ամենայն հայոց բանաստեղծի մասնակցության վերաբերյալ։