կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-10 11:25
Տարածաշրջան

Ի՚նչ կտա մեզ Սոլեյմանիի՝ արցախյան հակամարտության տարբեր դրվագներում հայկական կողմին ցուցաբերված աջակցության մասին խոսելը. իրանագետ

Ի՚նչ կտա մեզ Սոլեյմանիի՝ արցախյան հակամարտության տարբեր դրվագներում հայկական կողմին ցուցաբերված աջակցության մասին խոսելը. իրանագետ

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երկար ստացվեց, բայց այս օրերի որոշ քննարկումների արդյունքում ծագած մի հարց, որին պետք է պատասխանել:

Իրանի ժողովուրդը սիրում էր Ղասեմ Սոլեյմանիին և մենք դա տեսանք ու համոզվեցինք դրանում՝ հետևելով, թե մարդկային ինչպիսի հոծ բազմություն էր դուրս գալիս փողոց իրանական տարբեր քաղաքներում սգո արարողությունների և երթերի ժամանակ։

Ադրբեջանի շիաներն էլ են կարծես թե սիրում, որի անուղղակի ապացույցներից է ադրբեջանական իշխանությունների վախը այդ փաստից և սկսած հակաքարոզը Ղասեմ Սոլեյմանիի կերպարի դեմ։ Ընդ որում սեփական հասարակության մեջ Ղասեմին վարկաբեկելու համար օգտագործվող հիմնական թեզը, ըստ ադրբեջանական իշխանությունների, Ղասեմ Սոլեյմանիի աջակցությունն է հայկական կողմին արցախյան հակամարտության տարբեր դրվագներում՝ սկսած 1990-ականների սկզբից, վերջացրած 2016-ի ապրիլյան քառօրյայով։

Հիմա, արդյո՞ք մենք ունենք այստեղ անելիք, թե՞ ոչ։ Արդյո՞ք մենք չպետք է օգտագործենք այս հնարավորությունը և մենք էլ հայտարարենք, որ այո՛, Ղասեմ Սոլեյմանին օգնել է հայ ժողովրդին։ Իսկ ի՞նչ կտա դա մեզ՝

1. Իրանական հասարակության շրջանում լրացուցիչ դրական տրամադրվածություն դեպի հայ ժողովուրդ՝ որպես օրինակ ունենալով իր «նահատակ հերոսի» վերաբերմունքը դեպի հայ ժողովուրդը և արցախյան հիմնախնդիրը։

2. Ադրբեջանական մեդիահարթակների կողմից իշխանությունների հրահանգով սեփական լսարանին կներկայացվի անմիջապես ցանկացած նյութ այս թեմայով, անգամ եթե հայտարարենք, որ Ղասեմ Սոլեյմանին անձամբ էր կռվում Արցախում հայերի կողքին։ Եւ սա կարող է նպաստել Ադրբեջանում հակաիրանական տրամադրությունների խորացմանը, և ընդհանուր առմամբ բացասական ազդուցություն կունենա իրանա-ադրբեջանական հարաբերությունների վրա։

3. Հնարավոր է օգտագործել դա նաև ապագայում՝ հակամարտության սրման կամ ռազմական գործողությունների վերսկսման ժամանակ իրանական լսարանի հետ տարվելիք աշխատանքներում։

Վերջապես, ի՞նչ է տալիս մեզ ադրբեջանական և անգամ իրանական ԶԼՄ-ներում շրջանառվող այս տեղեկության հերքումը և հայտարարումը, որ Ղասեմ Սոլեյմանին կապ չի ունեցել Հայաստանի և հայ ժողովրդի կամ առավել ևս Արցախյան հակամարտության հետ»։