կարևոր
3568 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-24 20:32
Աշխարհ

Շնորհակալություն՝ ՀՀ-ի կողմից Պաղեստինի ճանաչման հարցում ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար

Շնորհակալություն՝ ՀՀ-ի կողմից Պաղեստինի ճանաչման հարցում ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար

Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Պաղեստինի Պետության ճանաչման հարցում ցուցաբերած սկզբունքային մոտեցման համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի վարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Մոհամմեդ Մուստաֆայի հետ։

«ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ որոշումը հիրավի պայմանավորված է «երկու պետություն» սկզբունքով կարգավորմանն աջակցելու, մարդկային մեծ կորուստների հանգեցնող իրավիճակի հանգուցալուծման կարևորության հարցում հետևողական դիրքորոշմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների և քաղաքական երկխոսության զարգացման հարցերին:

Հիշեցնենք՝ հունիսի 21-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկիրը ճանաչել է Պաղեստինի պետականությունը: Երևանը նշել է, որ անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև կայուն խաղաղության հաստատմամբ:

Այս տարի ավելի վաղ Պաղեստինը ճանաչել էին Սլովենիան, Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ արմատական խմբավորումը հարձակում է գործել Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություն է սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ, որը շարունակվում է մինչ օրս։