կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-27 16:44
Տարածաշրջան

Թուրքիայում հայկական որբանոցը վերջապես վերադարձվեց հայկական կողմին

Թուրքիայում հայկական որբանոցը վերջապես վերադարձվեց հայկական կողմին

Թուրքիայում գտնվող հայկական «Քեմփ Արմեն» («Արմեն ճամբար») հայկական որբանոցը վերջապես վերադարձվեց հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին:

Ինչպես հաղորդում է «Ակօս»-ը, հայկական որբանոցի սեփականությունը վերադարձվել է եկեղեցու հիմնադրամին: Հիմնադրամի փաստաբան Սեբու Ասլանգիլը հայտնել է, որ ավարտվել են որբանոցը վերադարձնելու բոլոր գործողությունները:

Հիշեցնենք, որ Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգում գտնվող Թուզլա գյուղի «Արմեն» հայկական որբանոցն ամիսներ առաջ կանգնել էր քանդման վտանգի առջև: Հայերից խլված որբանոցի տարածքում թուրքերը պատրաստվում էին առանձնատներ կառուցել, սակայն քանդելու աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին, երբ մի խումբ մարդիկ շտապել էին որբանոց՝ պաշտպանելու այն:

Հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից առաջ «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված` ազգությամբ հայ Մարգար Եսայանը հայտնել էր, թե իբր իշխանությունները խոստացել են այն վերադարձնել Գեդիքփաշայի հայկական եկեղեցու հիմնադրամին, սակայն ավելի վաղ Թուրքիայում «Նոր Զարթօնք» հայկական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել՝ Եսայանին մեղադրելով խորհրդարանական ընտրություններում հայկական որբանոցը որպես քարոզչամիջոց օգտագործելու համար:

Հիշեցնենք նաև, որ հայկական որբանոցը կանգուն պահելու համար մի խումբ մարդիկ 175 օր շարունակ գիշերեցին որբանոցում: