Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Բավական է վարչապետ Փաշինյանը գործելու ազատություն տա ԱԱԾ-ին և Արման Բաբաջանյանի դեմ գործ կհարուցվի հաշվված րոպեների ընթացքում: Իսկ թե ինչու մինչ այս չի հարուցվել այդ գործը՝ ընդհուպ պետական դավաճանության հոդվածով, թույլ տանք որ մեկնաբանեն անձամբ Նիկոլ Փաշինյանն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Այսքանով ասելիքիս այս մասը կավարտեմ և կանցնեմ այս հոդվածի բուն դրդապատճառներին, որոնք կապված Արման Բաբաջանյանի վերջին ժամերի մեծադղորդ մեկնաբանությունների հետ:
Եվ ուրեմն, Արման Բաբաջանյանին, իր համար շատ անսպասելի կերպով, դատի է տվել ՀՅԴ-ն: Համաձայնեք, որ այնքան էլ հաճախակի չեն նման իրադարձությունները մեր կյանքում: Նկատի ունեմ՝ ՀՅԴ-ի կողմից դատի տալու դեպքերը: ՀՅԴ-ին, պատահել է, դատի են տվել, գործեր են հարուցել 130-ամյա կուսակցության դեմ, բայց որ ՀՅԴ-ն դատի տար՝ ես չեմ հիշում: Մի թարմ դեպք պատմեմ: Ազատության հրապարակում Փաշինյանին «սատարող» թափթփուկները հարձակվեցին դաշնակցական պապիկի ու նրա թոռների վրա: Նորմալ դեպքի վայրում գտնվող ոստիկաններն այդ խաժամուժին կլցնեին մեքենան ու կտանեին անհայտ ուղղությամբ: Փաշինյանի Հայաստանում, սակայն, նրանք չգնացին այդ քայլին և ձև տվեցին, թե «տուժողի» կողմից բողոք չկա: Իսկ գիտե՞ք, թե ինչու բողոք չկար: Դաշնակցական պապիկը, պարզապես, չէր ցանկացել, որ իր ձեռքով հայ մարդիկ դատվեն: Այնպես որ Արման Բաբաջանյանին ի սրտե շնորհավորում եմ՝ նա իմ իմացած առաջին պատգամավորն ու քաղաքական գործիչն է, որ դատի է տրվում ՀՅԴ-ի կողմից: Թերևս մեկ էլ Լևոն Տեր-Պետրոսյանին էր ՀՅԴ-ն դատի տվել, բայց դա միանգամայն այլ պատմություն էր:
Ինչևէ, ՀՅԴ-ն «Վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտության համար փոխհատուցում վճարելու» պահանջով դատական հայց է ներկայացրել անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ՝ ԱԺ-ում նրա ունեցած սանձարձակ և ստահոդ ելույթի համար, որով նա, իբր, ՀՀ իշխանություններին փորձում էր հիշեցնել «կուսակցության ահաբեկչական անցյալն ու կարկառուն առաջանորդների քրեական կենսագրությունը՝ սկսած ահաբեկչական գործողություններով մինչև թմրանյութերի շրջանառություն ու առևտուր» (սա, հավանաբար, հենց Արման Բաբաջանյանի ձևակերպումն է, որ նա, դատարանի ծանուցումն ստանալուն պես փութացել է տարածել տարբեր լրատվամիջոցներով, Էդ. Ա.):
Մեկ ուրիշը Արման Բաբաջանյանի փոխարեն գուցե մի փոքր ծանրութեթև աներ իր հետ պատահածը, բայց, քանի որ նա ապրում է բացառապես օրվա կուրսով, սխալ է ըմբռնել ողջ երևույթը և շարունակել է հոխորտալ, թե դատարանում կրկնելու է այն ամենը, ինչ ասել է ԱԺ ամբիոնից:
«Հուսամ, ՀՅԴ-ականները իրավական հարթությունում կպարզաբանեն, թե ինչպես 1998 թվականին իրադրության փոփոխության արդյունքում իրենցից շատերը դուրս եկան բանտերից՝ չկրելով դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած վճիռներով սահմանված պատժաչափերը: Հուսամ ՀՅԴ-ականները կրկին իրավական հարթությունում կպարզաբանեն իրենց կարկառուն ընկերոջ՝ Հրանտ Մարգարյանի անվան հետ կապվող բազմաթիվ պատմությունները, որոնք առնչվում են զենքի ու թմրանյութերի վաճառքին: Այս հարցերի վերաբերյալ ՀՅԴ-ի դիրքորոշումները վստահաբար հետաքրքիր կլինեն նաև մեր հանրությանը»,- իր հոխորտանքը պարզաբանել է Բաբաջանյանը:
Ի՞նչ կուզենայի նրան ասել այս կապակցությամբ: Բաբաջանյան Արման, անտեղի է քո տագնապն առ այն, որ ՀՅԴ-ն իրավական հարթությունից դուրս որևէ քայլ կկատարի անձիդ նկատմամբ: Սա ասում եմ որպես 30 տարվա հնեցմամբ դաշնակցական: Դաշնակցությունն իր ձեռքերը նման բաներով չի կեղտոտում, չսպասես: Եվ ապա՝ հարայ գցելու փոխարեն, ավելի լավ է՝ մտածես, որ ՀՅԴ-ն այն կուսակցությունը չէ, որ վերցնի ու հընթացս գործ հարուցի՝ վստահ չլինելով իր իրավացիության մեջ:
Մնացյալն, անշուշտ կպարզվի դատարանում: Այնտեղ, ի դեպ, Արման ջան, կարող են քեզ զանազան հարցեր տալ: Օրինակ՝ դու որտե՞ղ ես տեսել «պարտիզանական պայքարի մասին» ՀՅԴ-ի շրջաբերականը, որ բախտ չի ունեցել կարդալու ոչ մի դաշնակցական, այդ թվում և տողերիս հեղինակը: Հիշո՞ւմ ես երգը, Արման, էն որ ասում է «Պարսկաստանի խորքից եկել է նամակ…»: Արդ իմացիր, որ մինչ օրս ոչ ոք չգիտի, թե բառացիորեն ինչ է գրված այդ նամակում: Ու այդ ինչպե՞ս պատահեց, Արման, որ դու իմացար ՀՅԴ-ի «խիստ գաղտնի» շրջաբերականի մասին…
Աչքդ լույս, Արման, քո դատին ներկա եմ լինելու նաև ես և դատարանին միջնորդելու եմ նախ պարզել՝ կկարողանա՞ր արդյոք քաղաքացի Բաբաջանյանը նման խայտառակ ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից, եթե չդառնար պատգամավոր: Իսկ գիտե՞ս, որ Էդմոն Մարուքյանի առնվազն մի քանի հայտարարություններ փաստում են, որ դա տեղի է ունեցել խիստ կասկածելի հանգամանքներում, ու թե ինչպիսի՞, կփորձենք պարզել դատարանում, այսպես ասած՝ «կրկին իրավական հարթության մեջ»:
Որպեսզի Արման Բաբաջանյանը շատ չվախենա, մի բան էլ ասեմ ու վերջ: Ես կփորձեմ դատավորից իմանալ՝ նրան հետաքրքիր չէ՞, արդյոք, քաղաքացի Բաբաջանյանն իրականում հանդիպե՞լ է Նաիրի Հունանյանին և կա՞ն արդյոք այդ հանդիպման տեսա-ձայնագրությունները, թե՞ փչոց է եղել այդ ամենը, որ հետո տիրաժավորել է իր «գործընկեր» Ստյոպա Սաֆարյանի ինստիտուտում կազմակերպված «քննարկման» միջոցով:
Մի խոսքով՝ քաղաքացի Բաբաջանյան, հանդիպելու ենք դատարանում, իսկ հետո՝ Աստված մեծ է, մի լույս կբացվի երևի: Աստված մարդանալու հնարավորություն բոլորին է տալիս, ու չեմ կարծում, որ քո պարագայում կարող է ժլատություն անել:
Էդիկ Անդրեասյան