Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, ինչ-որ իմաստով առանց նախապայմանների, դա կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ըստ նրա, կստիպի Ադրբեջանին` ավելի քիչ կամակորություն անել և ավելի լուրջ լինել բանակցություններում: Իսկ երբ Թուրքիան ասում է, թե անհնար է մեր հարաբերությունների կարգավորումն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը «գրաված Ղարաբաղում» է, պարզ է, որ Ադրբեջանն էլ շփացած երեխայի պես պետք է պահի իրեն: «Նույնը` Ալիևի դեպքում, Ալիևը փորձում է ցույց տալ, որ ոչ թե ինքն է մեղավոր այսքան ժամանակ հարցը չկարգավորելու համար, այլ, նրա բնորոշմամբ, Հայաստանի «այդքան վատ իշխանությունները», դրա համար էլ իբր հույս ունի, որ այս իշխանությունները պետք է փոխեն ինչ-որ բան: Ալիևը տակավին չի հասկացել, որ մեր՝ այս և նախորդ իշխանությունների դիրքորոշումն Արցախի հարցում շատ չի տարբերվում, բացի այն, որ ներկայիս իշխանությունը, հատկապես` Նիկոլ Փաշինյանը, շատ ավելի հաճախ է շեշտում, որ անհրաժեշտ է Արցախի ուղղակի մասնակցություն բանակցություններին»,- ասաց Մանոյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը կարող է նայել ներկայիս և նախորդ կառավարության գործունեությանը և կտեսնի, որ շատ տարբերություն չկա Ղարաբաղի հարցում նախատեսված քայլերի մեջ:
Նրա խոսքով՝ արտահերթ ընտրություններից հետո էլ խնդիրը շատ արագ չի կարգավորվի՝ հաշվի առնելով թեկուզ հենց Փաշինյանի հայտարարությունները, որ Արցախի հարցն ամբողջ հայության հարցն է: «Մենք չէ, որ խոչընդոտում ենք հարցի կարգավորմանը, իսկ Ադրբեջանն էլ իր հերթին իր կեցվածքը փոխելու որևէ մտադրություն չունի»,- նշեց Մանոյանը: