Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ը փորձում է միակողմանի վառել Ղարաբաղյան կարգավորման ծխացող գործընթացը: Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Քարնեգի հիմնադրամում կրկին շարադրել է 2011թ. համաձայնեցված, բայց դրանից հետո առ այսօր հանդիպումից հանդիպում անպտուղ թափառող` կարգավորման Մադրիդյան սկզբունքները: Դրանց առանցքը, հիշեցնենք` նախկին ԼՂԻՄ-ի հարակից, ներկայումս ԼՂՀ-ի անբաժանելի մասը հանդիսացող շրջաննները Ադրբեջանին վերադարձնելու դիմաց ԼՂ-ի մնացած տարածքին միջանկյալ կարգավիճակի շնորհումն է` վերջնական կարգավիճակը հստակեցնելու հարցը մատնելով լիակատար անորոշության:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հաջորդ օրը «Թվիթեր»-ում գրեց, թե ԼՂ-ին հարակից շրջաննները պետք է վերադարձնել Ադրբեջանին: Նա ոչ միայն հասկանալի դարձրեց Մադրիդյան սկզբունքները վերահրապարակելու` Ուորլիքի քայլի հիմնական նպատակը, այլև տեղեկատվական խայծ-թեմա գցեց հանրային քննարկումների համար: Եթե սա Վաշինգտոնի կողմից իսկապես մշակված դիվանագիտական արշավի դրսևորում է, ապա պետք է սպասել, որ առաջիկայում նմանատիպ մի տեղեկատվական «ռումբ» էլ ադրբեջանական հասարակության մեջ կնետի այդ երկրում ԱՄՆ դեսպանատունը` նպատակ ունենալով հանրային ընկալում ձևավորել ԼՂ-ին, այսպես կոչված, միջանկյալ կարգավիճակ տրամադրելու անխուսափելի հեռանկարի վերաբերյալ:
Հարց է առաջանում` ինչո՞ւ հանկարծ ԱՄՆ-ը սկսեց շտապել, այն էլ` սիրիական, ուկրաինական խորացող ճգնաժամերի, Ռուսաստանի հետ դեպի նոր սառը պատերազմ տանող առճակատման ներկայիս խառնակ ժամանակներում: Ուորլիքի արած այն շեշտադրումը, թե ներկայացնում է ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միասնական տեսակետը, այլ միայն պաշտոնական Վաշինգտոնինը, ակնարկ է, որ ԱՄՆ-ը ոչ միայն չի հավատում հակամարտությունը կարգավորելու հարցում մյուս համանախագահող երկրների, ավելի կոնկրետ` Ռուսաստանի անկեղծությանը, այլև առաջնորդվում է այն համոզվածությամբ, որ Մոսկվան վարում է այն տորպեդահարելու թաքնված քաղաքականություն: Այս նախաձեռնությամբ ԱՄՆ-ը փորձում է Ռուսաստանին զրկել, ղարաբաղյան հանգույցն օգտագործելով, Հարավային Կովկասում Արևմուտքի հետ առճակատման, լարվածության նոր գոտի ստեղծելու հնարավորությունից: Դա ստիպում է Վաշինգտոնին միջնորդական ջանքերում առաջ ընկնել Մոսկվայից և նրա ձեռքերն ու ոտքերը կապել ուկաինական հիմնահարցի հետ Ղարաբաղյան կոնֆլիկտը, այսպես կոչված, փաթեթային, կոմպլեքս լուծելու ճանապարհով: Տրամաբանությունը շատ պարզ է` եթե Ռուսաստանը Ուկրաինայի հարցում Արևմուտքի տնտեսական ու քաղաքական ճնշումների ազդեցությամբ գնալու է զիջումների, ապա ինչո՞ւ այդ կաշկանդումը չօգտագործել նրա դիրքերը նաև Հարավային Կովկասում թուլացնելու և ԼՂ հակամարտության կարգավորման բանալիները նրա ձեռքից վերցնելու համար:
Իբրև զենք` Վաշինգտոնը փորձում է օգտագործել դեռ 2011թ. համաձայնեցված մադրիդյան փաստաթուղթը, որին չորս տարի շարունակ մյուս համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ համաձայնություն է տվել նաև Ռուսաստանը: Սակայն Ուկրաինայից հետո Հարավային Կովկասը փաստացի մնում է Ռուսաստանի միակ առանցքային հենակետը: Մոսկվան կփորձի ատամներով այն պահել` գուցե շատ ավելի ագրեսիվ ու անզիջում վարքագիծ դրսևորելով, քան այն, ինչին բախվում է Արևմուտքը Ուկրաինայում: Վաշինգտոնն այս տեսակետից պարզապես կրակի հետ է խաղում:
Բանակցությունների` նման միակողմանի, ճնշման ակնհայտ տարրեր պարունակող արագացման արդյունքում հանկարծ կարող է մի օր հայտնագործել, որ պատերազմը շփման գծում արդեն վերսկսվել է, և Ռուսաստանը ՀԱՊԿ իր գործընկերոջ` Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու կամ խաղաղության ռեժիմը վերադարձնելու անվան տակ սկսել է զորք տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ավելին` ներկայիս ԼՂ տարածքում: Այս իրավիճակում ԱՄՆ-ին կմնա կա'մ ընդունել տարածաշրջանը նոր դիմակայության թատերաբեմի վերածելու մարտահրավերը, կա'մ հավաքել ճամպրուկները Հարավային Կովկասից:
Հետաքրքրական է, որ Հայաստանը դեռևս որևէ մակարդակով չի արձագանքել ԱՄՆ-ի այս նոր քաղաքական ուղեգծին, Ուորլիքի «բացահայտումներին»: Սա ավելի անհանգստացնող է, եթե նկատի ունենանք, թե ինչպիսի փութաջանությամբ էր մինչև վերջերս նմանատիպ յուրաքանչյուր հայտարարությունից հետո պաշտոնական Երևանը շտապում մի առանձին հրճվանքով հանգստացնել, թե ամբողջությամբ կիսում է ԼՂ հիմնահարցի կարգավորման` միջազգային հանրության տեսակետը: Ինչո՞ւ նույնը տեղի չի ունենում հիմա: Ինչի՞ց է զգուշանում Երևանը, որը, ըստ Ուորլիքի, արդեն տվել է 2011թ. համաձայնեցված սկզբունքներին իր համաձայնությունը: Պատճառը, թերևս, այն է, որ Երևանը սպասում է հենց Մոսկվայի ուշացող արձագանքին: Մինչդեռ առկա իրավիճակում ավելի խորամուխ լինելու դեպքում կարելի էր նույնիսկ այս իրավիճակից որոշակի դիվիդենդներ ստանալու հույս ունենալ:
Ուորլիքի բացահայտումները ցույց են տալիս, որ Վաշինգտոնը չի դիտարկում ԼՂՀ-ն, որպես հակամարտության լիարժեք կողմ, բանակցություններում ներգրավելու հնարավորությունը: Սակայն այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Վաշինգտոնը պատկերացնում, իր ձևակերպմամբ, ԼՂ-ի հարակից, այսպես կոչված «օկուպացված» տարածքների վերադարձը Ադրբեջանին: Դրանք Հայաստանի տարածքները չեն, որ Երևանը վարվի «միջազգային հանրության կարծիքի» հետ համաձայն լինելու տրամաբանությամբ: Ուզեն, թե չուզեն, առնվազն այս հարցով Ստեփանակերտի հետ բանակցելու հարց է առաջանալու: Խնդիրն այն է` ո՞ր փուլում դա տեղի կունենա: Երևանը պետք է օգտագործի այս հանգամանքը` պահանջելով օր առաջ ԼՂ-ն ներգրավել բանակցություններում: Թերևս հենց այս հեռանկարից խուսափելու համար է Բաքուն համառորեն պնդում սկզբունքների համաձայնեցման գործընթացը մի կողմ դնելու և խաղաղության մեծ, համապարփակ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու տարբերակը: Եվ դա նրան կհաջողվի, եթե այսպիսի նիրվանային հանգստությունն է լինելու Երևանի դիվանագիտությունը նաև հետայսու:
Գևորգ Դարբինյան