Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին Նիկոլ Փաշինյանի հարցաքննվելը կազմակերպվել էր՝ մեղքը այլոց վրա բարդելու եւ նոր զիջումների նախապատրաստելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Մենք փորձում ենք մեկնաբանել մարդու, որը սեպտեմբերի 26-ին ասում էր՝ ունի այնպիսի փաստեր, որոնք կկազմաքանդեն Ադրբեջանը, հետեւաբար որեւէ իմաստ չեմ տեսնում նրան դետալներով անդրադառնալու: Մենք գործ ունենք իշխանության մի ներկայացուցչի հետ, որը հարյուրավոր ստեր է ասել: Ես չէի ակնկալում, որ որեւէ ճշմարտություն կհնչի այնտեղ, եւ իմ ակնկալիքը արդարացվել է: Ես պարզապես ուզում եմ հասկանալ, թե հիմա ի՞նչ գործընթացներ են կատարվում, որովհետեւ մենք տարբեր գնահատականներ կարող ենք ունենալ Հայաստանի տարբեր նախագահների վերաբերյալ, բայց ակնհայտ է մի բան, երբեք այս վիճակում չենք եղել, նախագահներից որեւէ մեկը Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել, Արցախը երբեք շրջափակված չի եղել: Նա իր մեղքը գցում է բոլորի վրա, այդ թվում՝ նախկին նախագահների: Այս շոուն հենց դրա համար էր կազմակերպվել»,- նշեց Քրիստինե Վարդանյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ քննիչ հանձնաժողովն այդ կազմով չի կարող արդարացիորեն եւ անաչառորեն քննել 44-օրյա պատերազմի հանգամանքները.
«Քննիչ հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են՝ մեղավորներ նշանակելու համար: Այդ մեղավորների ցանկն իրենք վաղուց ունեն, եւ դրանք բոլորն են, բացի՝ Նիկոլ Փաշինյանից: Փորձ է արվում հանրության մեջ ներարկել անզորության զգացում: Մեր ամենամեծ հաղթանակը փորձում է ստվերել, տպավորություն ստեղծել, թե այն երբեք էլ չի եղել, եւ մենք չունենք ներուժ պահելու այժմյան ունեցածը: Եթե Հայաստանում 5 տարի առաջ տեղի է ունեցել իշխանազավթում, անտրամաբանական է 5 տարի ամբողջական իշխանություն ունեցող ուժի համար՝ գալ եւ եթերում հնչեցնել մեղադրանքներ: Նրանց որեւէ բան չի խոչընդոտում դատական կարգով պարզել ճշմարտությունը եւ դատապարտել մեղավորներին: Սակայն քանի որ նրանք արդար դատաքննությամբ չեն կարողանում պարզել մեղավորներին, իրենք հույսը քարոզչական մեքենայի վրա են դրել, այնքան ստեն, մինչեւ մարդիկ կհավատան»:
Անդրադառնալով նախկին նախագահների մասին ԼՂ բանակցությունների առնչությամբ Փաշինյանի հայտարարություններին, պատգամավորն ասաց. «Լեգիտիմության խախտում չի եղել, կամ բանակցությունից Արցախին դուրս թողնելու խնդիր չի եղել, մենք ունեցել ենք կայուն բանակցային գործընթաց, եւ Հայաստանի ներսում կայունություն»:
Հիշեցնենք, որ դեռ ապրիլին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ընդդիմությանը՝ իրեն հարցաքննել քննիչ հանձնաժողովում: «Խնդրում եմ, եկեք ինձ հարցաքննեք, եկեք հարցաքննեք քննիչ հանձնաժողովում»,-ասել էր նա:
Խորհրդարանական այդս քննիչ հանձանժողովը պատերազմից մեկուկես տարի անց է ստեղծվել։ Քննությունն իրականացնում են միայն իշխանական պատգամավորները։ Ընդդիմությունը բոյկոտել է բոլոր նիստերը: Այսօր եւս ընդդիմությունը բոյկոտել էր հանձնաժողովի նիստը, քանի որ դա համարում է «շոու», որի նպատակը «Փաշինյանի վրայից քաղաքական պատասխանատվությունը հեռացնելն է»։
Աղբյուրը՝ NEWS.am