Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բացվել է Երևանի և Բաքվի միջև փակուղի մտած բանակցությունների վերսկսման հնարավորություն, սակայն պատուհանը կարող է փակվել, եթե կողմերը չգործեն. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին ասվում է «Դուրս գալ փակուղուց Լեռնային Ղարաբաղում» զեկույցում, որը հրապարակվել է Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group - ICG) կողմից։
Նշվում է՝ չնայած այն բանին, որ կողմերը շատ հեռու են միմյանցից, սակայն տարիների աճող ռազմականացումից հետո բանակցությունները կարող են օգնել կանխել նոր էսկալացիան և հիմք դնել հակամարտության վերջնական կարգավորման համար: Այնուամենայնիվ, երկկողմ հարաբերություններում ձնհալից հետո արդեն ի հայտ են գալիս սառեցման գործընթացի նշաններ։ Փորձագետների կարծիքով՝ Երևանը և Բաքուն պետք է ավելի արագ գործեն։
Միջազգային ճգնաժամային խումբը խորհուրդ է տալիս ժամանակավոր դադարեցնել նոր բնակավայրերի կառուցումը նախկին ԼՂԻՄ-ին հարակից շրջաններում՝ դատական հայցերից կամ նոր պատժամիջոցներից Ադրբեջանի հրաժարվելու դիմաց, ինչը հնարավորություն ունի բարելավելու բանակցությունների հեռանկարները։ Իսկ ինչ վերաբերում է խաղաղապահներին առնչվող թեմային, ապա ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խումբը կարող է դիտարկել տարբերակներ։
Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները երեք հարց են կարևորում, որոնց դիրքորոշումների հարցում կողմերն առավել հեռու են միմյանցից դեռևս 90-ականների ռազմական գործողությունների ավարտի ժամանակներից.
«Առաջինը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների ճակատագրին։ Ադրբեջանցիները ստիպված էին լքել այդ շրրջանները պատերազմի ժամանակ։ Այնտեղ եկել են վերաբնակներ, հիմնականում էթնիկ հայեր, որոնք տեղափոխվել են Ադրբեջանից»,- պարզաբանվում է զեկույցում։
Երկրորդ հարցը վերաբերում է պոտենցիալ միջազգային խաղաղարար կամ մոնիթորինգային առաքելության կազմին ու մանդատին։ Փորձագետների եզրահանգմամբ՝ «նման առաքելությունը կարող է նվազագույնի հասցնել բռնությունը, պայմաններ ստեղծել խաղաղ պայմանագրի համար, ինչպես նաև վերահսկել կամ ապահովել համաձայնագրի կատարումը՝ դրա ձեռք բերվելու դեպքում:
Ինչ վերաբերում է երրորդ հարցին, ապա այն Ղարաբաղի կարգավիճակն է։ Նշելով կողմերի հիմնովին հակառակ դիրքորոշումներն այս հարցում՝ փորձագետներն այն կարծիքին են, որ նկատի ունենալով հարցի նրբությունն ու կողմերի դիրքորոշումները՝ «ցանկացած բանակցություն կարգավիճակի մասին, հավանաբար, պետք է սկսվի զգույշ և կիսապաշտոնական»։
Փորձագետներն անփոփում են իրենց զեկույցը՝ մանրամասնելով, որ բոլոր երեք հարցերը կապված են միմյանց հետ, ինչը չի օգնել լուծում գտնելու հարցում։ Նրանք առաջարկում են կողմերին զբաղվել վերոհիշյալ խնդիրներից մեկով։
«Բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալը բարդ կլինի, բայց դա միակ ճանապարհն է, որով Հայաստանն ու Ադրբեջանը կարող են սկսել դուրս գալ փակուղուց»,- նշում են նրանք: