Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հոդվածի հեղինակը` Թերի Իգլթոնը (1943 թ.), անգլիացի առաջատար փիլիսոփա է և գրականագետ, Մանչեսթրի համալսարանի մշակույթի տեսության պրոֆեսոր: Իր ակադեմիական գործունեությունը սկսել է որպես վիկտորիանական գրականության մասնագետ, հետագայում զբաղվել է 19-20-րդ դարերի անգլալեզու գրականությամբ: Նաև մարքսիստական էթիկայի, սոցիալական փիլիսոփայության և գաղափարախոսությունների տեսության մասնագետ է:
Ստորև ներկայացվող հոդվածը տպագրվել է 2015 թվականին The Chronicle of Higher Education ամսագրում, սակայն անցած տարիների ընթացքում հեղինակի մտահոգությունները, կապված բրիտանական կրթական համակարգի հետ, չեն փարատվել: Ի դեպ, հոդվածը կարող է հետաքրքրել նաև հայ ընթերցողին` «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի բուռն քննարկումների և դրա հետ կապված այլ իրադարձությունների համատեքստում:
Թարգմանությունը Yerkir.am-ինն է:
Մի քանի տարի առաջ ինձ ցույց տվեցին մեծ և տեխնիկական առումով բավականին առաջատար ասիական համալսարան: Էքսկուրսիան վարում էր դրա հպարտ ռեկտորը: Ինչպեսև վայել է նման` իրենց կարևորող անձանց, նա տեղաշարժվում էր սև կոստյումներով ու սև ակնոցներով երկու երիտասարդ, ամրակազմ թիկնապահների ուղեկցությամբ. նրանց բաճկոնների տակ, հավանորեն, Կալաշնիկովի ինքնաձիգներ կային: Հիանալով նոր բիզնես-դպրոցով և վարչական հետազոտությունների ամենաժամանակակից ինստիտուտով՝ ռեկտորը դադար տվեց՝ սպասելով, որ այդտեղ ես ակնհայտ շողոքորթությամբ մի երկու բառ կասեմ: Դրա փոխարեն նշեցի, որ, կարծես, կամպուսի` ուսանողական քաղաքի տարածքում որևէ քննադատական հետազոտություն չի արվում (քննադատական հետազոտություններն իրականացվում են գոյություն ունեցող տեսության, մոդելի, վարկածի, օրենքի հերքման նպատակով կամ ստուգելու համար, թե երկու այլընտրանքային վարկածներից որն է ավելի ճշգրիտ ներկայացնում իրականությունը- yerkir.am): Նա ինձ նայեց այնպիսի զարմանքով, կարծես ես հարցրեցի՝ փիլիսոփայության քանի՞ դոկտորի աստիճան են ամեն տարի շնորհում ձողի շուրջը պարելու համար, և սառնորեն պատասխանեց. «Մենք հաշվի կառնենք Ձեր նկատողությունը»: Այնուհետև գրպանից հանեց առաջատար տեխնոլոգիաների փոքր օրինակը, թեթև շարժումով բացեց այն ու կորեերենով մի քանի կտրուկ խոսք ասաց, հնարավոր է՝ հրաման էր՝ «սպանել նրան»:
Եկավ կրիկետի խաղահրապարակի չափերով լիմուզինը, թիկնապահները նստեցրին ռեկտորին, և մեքենան հեռացավ: Նայելով, թե ինչպես է այն անհետանում տեսադաշտից՝ ես խոհերի մեջ ընկա՝ ե՞րբ է ի կատար ածվելու իմ մահապատիժը:
Դա տեղի էր ունեցել Հարավային Կորեայում, սակայն կարող էր տեղի ունենալ երկրագնդի՝ գործնականում ցանկացած կետում: Քեյփթաունից մինչև Ռեյկյավիկ, Սիդնեյից մինչև Սան Պաուլու անշեղորեն զարգանում են իրադարձություններ՝ իրենց բնույթով նույնքան կարևոր, որքան Կուբայի հեղափոխությունը կամ ներխուժումն Իրաք, այն է` համալսարանի՝ որպես հումանիտար քննադատության կենտրոնի դանդաղ մահը:
Համալսարանները, որոնք Մեծ Բրիտանիայում ունեն 800-ամյա պատմություն, ավանդաբար ծաղրի էին ենթարկվում որպես փղոսկրե աշտարակներ, և այդ մեղադրանքներում մշտապես ճշմարտության նշույլ կար: Սակայն հեռավորությունը, որ նրանք պահպանում էին իրենց և հասարակության միջև, կարող էր ինչպես կործանարար լինել, այնպես էլ` բարերար. դա հնարավորություն էր տալիս խորհելու արժեքների, նպատակների ու հասարակական կարգի շահերի մասին, որոնք այնքան էին միաձուլվել այսրոպեական տեխնիկական խնդիրներին, որ համարյա զրկում էին ինքնաքննադատության կարողությունից: Ամբողջ աշխարհում այդ քննադատական հեռավորությունը նվազել է՝ համարյա զրոյի հասնելով, իսկ ինստիտուտները, որոնք ծնել են Էրազմ և Ջոն Միլթոն, Էյնշտեյն և «Մոնտի Փայթոն» (բրիտանացի կատակերգակների խումբ, իր նորարարական, աբսուրդային հումորի շնորհիվ բոլոր ժամանակների ամենահեղինակավոր խումբն է համարվում –yerkir.am), կապիտուլացվել են համաշխարհային կապիտալիզմի անգութ առաջնահերթությունների առջև:
Գրածներիս մեծ մասը ծանոթ է ամերիկացի ընթերցողներին: Չէ՞ որ հենց Սթենֆորդը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն են ստեղծել համալսարանին եկամուտ բերող մոդելը: Սակայն այն, ինչ տեղի է ունենում Մեծ Բրիտանիայի բարձրագույն կրթության ոլորտում, կարելի է անվանել առանց շահույթի ամերիկանացում, համենայն դեպս՝ առանց ամերիկյան մասնավոր կրթական հատվածի շահույթի:
Դրան բախվել են նույնիսկ անգլիական ազնվականության այնպիսի դասական ինստիտուտներ, ինչպիսիք են Օքսֆորդն ու Քեմբրիջը, որոնց քոլեջները մշտապես ինչ-որ չափով մեկուսացած են եղել տնտեսական լայն ուժերի ազդեցությունից` շնորհիվ այն առատաձեռն նվիրատվությունների, որոնք ստացել են դարերով: Մի քանի տարի առաջ ես թողեցի Օքսֆորդի համալսարանի ամբիոնը (նույնքան հազվադեպ իրադարձություն, ինչպիսին Էդինբուրգում երկրաշարժն է), երբ գիտակցեցի, որ ինձնից ակնկալում են, որ ես ինձ դրսևորելու եմ ավելի շատ ոչ թե որպես գիտնական, այլ որպես գլխավոր տնօրեն:
Երբ 30 տարի առաջ առաջին անգամ եկա Օքսֆորդ, նման պրոֆեսիոնալացմանը կնայեին պատրիկների արհամարհանքով: Իմ այն գործընկերները, որոնց իսկապես անհանգստացնում էր փիլիսոփայության դոկտորի աստիճան ստանալու հարցը, երբեմն նախընտրում էին «միստեր», ոչ թե «դոկտոր» դիմելաձևը, քանի որ երկրորդը ցույց էր տալիս ջենտլմենին ոչ հարիր գործունեություն: Գրքեր հրատարակելը համարվում էր բավականին գռեհիկ զբաղմունք: Օրինաչափ էր համարվում տասը տարին մեկ մի կարճ հոդված տպագրել պորտուգալերենի շարահյուսության կամ հին Կարթագենի գաստրոնոմիական հակումների մասին: Կար ժամանակ, երբ թյութորները (ուսանողների անհատական ղեկավար-դասախոսները - yerkir.am) կարող էին նույնիսկ չանհանգստանալ, որ պետք է ուսանողների հետ համաձայնեցնել հանդիպման ժամերը: Դրա փոխարեն ուսանողները, երբ մի բաժակ խերես խմելու և Ջեյն Օսթինի կամ ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի մասին ինտելեկտուալ զրույց ծավալելու ցանկություն էր առաջանում, պարզապես կարող էին թյութորի սենյակը գնալ:
Այսօր «Օքսբրիջը» մեծ մասամբ պահպանում է իր կորպորատիվ էթիկան: «Դոները»՝ քոլեջների ղեկավարները, որոշում են, թե ինչպես ներդնել քոլեջի փողերը, ինչ ծաղիկներ աճեցնել այգում, ում նկարները կախել պրոֆեսորների սենյակում և ինչպես ավելի լավ բացատրել ուսանողներին, թե ինչու է գինու մառանի վրա ավելի շատ գումար ծախսվում, քան գրադարանի: Բոլոր կարևոր որոշումները գիտխորհրդի անդամներն ընդունում են ամբողջ կազմով, և ամենը՝ ֆինանսական ու ակադեմիական գործերից մինչև կառավարչական հնապաշտությունը, հաստատվում է գիտնականների ընտրյալ հանձնաժողովներ կողմից, որոնք պատասխանատու են ամբողջ գիտխորհրդի առջև:
Վերջին տարիներին ինքնակառավարման այս հիասքանչ համակարգը ստիպված էր դիմակայել համալսարանական ադմինիստրացիայի՝ ամեն ինչ կենտրոնացնելու մի շարք միջոցառումներին, նման նրանց, որոնք ինձ ստիպեցին աշխատանքից ազատվել: Սակայն, ընդհանուր առմամբ, վճռականորեն դիմադրում էր: Եվ հենց այն պատճառով, որ «Օքսբրիջի» քոլեջները մեծ մասամբ ժամանակի ոգուն չհամապատասխանող ինստիտուտներ են, դրանք մեծ առավելություն ունեն, որը հնարավորություն է տալիս նրանց ծառայելու որպես ապակենտրոնացված ժողովրդավարության մոդել՝ չնայած այն վրդովեցուցիչ արտոնություններին, որոնք շարունակում են վայելել:
Մեծ Բրիտանիայի այլ համալսարաններում այլ իրավիճակ է ստեղծվել: Գիտնականների ինքնակառավարման փոխարեն այստեղ իշխում է հիերարխիա՝ բյուրոկրատիայի ճյուղավորված և խճճված ցանց. կրտսեր դասախոսները բանող ձիերն են, իսկ պրոռեկտորներն իրենց այնպես են պահում, կարծես «Ջեներալ Մոթորսն» են ղեկավարում: Ավագ դասախոսներն այժմ դարձել են ավագ մենեջերներ, ամենուրեք խոսակցություններ են աուդիտի և հաշվապահական հաշվետվության մասին: Գրքերին՝ մինչտեխնոլոգիական ժամանակաշրջանի տխուր, իր կյանքն ապրած երևույթին, ավելի քիչ են նայում խրախուսանքով: Համենայն դեպս, մի բրիտանական համալսարան դասախոսների սենյակներում պակասեցրել է գրադարակների թիվը, որպեսզի կանխի «սեփական գրադարանների» ստեղծումը: Թղթերի համար զամբյուղներն էլ են դարձել բացառիկություն, ինչպես մտավորականները «Թեյախմության շարժման» մեջ, քանի որ թուղթն էլ է մնացել անցյալում:
Վարչարարների աթոռներին նստած քաղքենիները կամպուսները պատում են հիմար լոգոտիպներով և հրատարակում բարբարոս, անգրագետ հրամաններ: Հյուսիսային Իռլանդիայից մի պրոռեկտոր յուրացրել էր կամպուսի միակ հասարակական սենյակը, որը կիսում էին համալսարանի աշխատակիցներն ու ուսանողները, որպեսզի այն փակ ճաշասենյակ դարձնի, որտեղ կարող է զվարճացնել տեղի «կարևոր անձանց» ու գործարարներին: Երբ ուսանողները բողոքելով հրաժարվեցին հեռանալ այդ սենյակից, նա հրամայեց անվտանգության ծառայության աշխատակիցներին՝ քարուքանդ անել սենյակի մոտ գտնվող միակ զուգարանը: Բրիտանացի պրոռեկտորները տարիներով ոչնչացրել են սեփական համալսարանները, սակայն՝ ոչ հաճախ այդպես տառացիորեն: Նույն կամպուսում անվտանգության աշխատակիցները հետապնդում են ուսանողներին, եթե տեսնում են, որ նրանք անգործ թափառում են. hամալսարանն առանց այդ գզգզված, անկանխատեսելի արարածների իդեալական կլիներ:
Կրթության կազմալուծման կիզակետում են հայտնվել պատին դեմ տրված հումանիտար մասնագետները: Բրիտանական պետությունը շարունակում է համալսարանական դրամաշնորհներ տրամադրել ճշգրիտ գիտություններին, բժշկությանը, ինժեներական գործին և այլն, սակայն դադարել է որևէ զգալի միջոց ծախսել հումանիտար դիսցիպլինների վրա: Որևէ կասկած չկա, որ եթե իրավիճակը չփոխվի, մոտակա տարիներին հումանիտար ֆակուլտետները կփակվեն: Բանասիրական ֆակուլտետներն էլ գուցե գոյատևեն ընդամենը այն բանի համար, որ բիզնեսի բաժնի ուսանողներին սովորեցնեն կետ ու ստորակետ դնել, ինչը չափազանց հեռու է այն ամենից, ինչին ձգտում էին Նորտրոպ Ֆրայը (կանադացի բանասեր, առասպելաբանության, գրականության և լեզվի հետազոտող-տեսաբան) և Լայոնել Թրիլինգը (ամերիկացի գրաքննադատ, գրող1940-1970-ականների Ամերիկայի ամենահեղինակավոր մտավորականներից մեկը – yerkir.am): Հումանիտար ֆակուլտետները ներկայումս պետք է գոյատևեն վճարովի ուսուցումից ստացվող միջոցների հաշվին, դա նշանակում է, որ ոչ մեծ հիմնարկները, որոնք գործնականում ամբողջությամբ կախված են եկամտի այդ աղբյուրից, հանրությունից գաղտնի սեփականաշնորհվել են: Մասնավոր համալսարանները, որոնց Մեծ Բրիտանիան այդքան երկար դիմադրում էր, ավելի ու ավելի են իրական դառնում: Իսկ վարչապետ Դևիդ Քեմերոնի կառավարությունը հավանություն է տալիս ուսման վարձավճարների կտրուկ աճին, և հիմա ուսանողները, կախում ունենալով վարկերից և պարտքերի տակ կքած, հասկանալի պատճառներով վճարվող գումարի դիմաց պահանջում են բարձր չափորոշիչներով դասավանդում և անհատական մոտեցում, մինչդեռ հումանիտար ֆակուլտետները նստած են աղքատիկ ֆինանսական օրաբաժնի վրա:
Բացի այդ՝ ինչ-որ պահից բրիտանական համալսարաններում ուսուցումը դարձավ ավելի պակաս կարևոր, քան գիտական հետազոտությունները: Գումար բերում են հենց հետազոտությունները, այլ ոչ թե էքսպրեսիոնիզմի կամ Ռեֆորմացիայի վերաբերյալ պատմության դասընթացները: Մի քանի տարին մեկ բրիտանական պետությունը տեղերում իրականացնում է համալսարանների տեսչություն՝ մանրակրկիտ կերպով ուսումնասիրելով յուրաքանչյուր ամբիոնի գիտական հետազոտությունների արդյունքները: Հենց դրա հիման վրա են տրամադրվում պետական սուբսիդիաները: Այդպիսով՝ ավելի քիչ են խթանները, որ գիտնականները նվիրվեն դասավանդմանը, սակայն բազմաթիվ պատճառներ կան, որ գրեն բացարձակապես անիմաստ հոդվածներ՝ հիմնելով անթիվ օնլայն ամսագրեր, դիմեն արտաքին հետազոտական դրամաշնորհների՝ անկախ այն բանից, թե կա՞ դրա իրական կարիքը, և անբնական հաճույք ստանան՝ կենսագրականում նորանոր տողեր ավելացնելով:
Ամեն դեպքում, բրիտանական բարձրագույն կրթության բնագավառում բյուրոկրատիայի հսկայական աճը, պայմանավորված վարչարարական գաղափարախոսության ծաղկմամբ և պետական ատեստավորման կոշտ պահանջներով, նշանակում է, որ գիտնականները դասախոսություններին պատրաստվելու ավելի քիչ ժամանակ են ունենում, եթե նույնիսկ դրանք համարում են պատվարժան գործ, ինչը վերջին տարիներին բավական կասկածելի է թվում: Պետական տեսուչները բալեր են սահմանում հղումների անանցանելի թավուտներով հոդվածների համար, սակայն ուսանողների և ընթերցողների լայն շրջանակի համար նախատեսված հանրամատչելի դասագիրքը նրանց համար մեծ արժեք չունի: Իրենց դասախոսական կարգավիճակը բարձրացնող գիտնականներն ավելի շուտ արձակուրդ կվերցնեն՝ դասավանդումից ժամանակ խլելով, որպեսզի այն ծախսեն հետագա հետազոտությունների վրա: Նրանք ավելի շատ բալեր կստանային, եթե ընդհանրապես հեռանային գիտությունից կամ մահանային` ֆինանսական տերերի համար պահպանելով տհաճությամբ իրենց տրվող աշխատավարձը և թույլ տալով բյուրոկրատներին՝ գործունեություն ծավալել առանց այն էլ գերծանրաբեռնված դասախոսների շրջանում:
Մեծ Բրիտանիայում շատ գիտնականներ արդեն գիտակցում են, թե իրենց հիմնարկն ինչ կրքոտությամբ կցանկանար, որ իրենք բոլորը, բացի մի քանի հայտնի անուններից, որոնք կարող են ավելի շատ նոր այցելուներ ներգրավել, աշխատանքից ազատման դիմում գրեին: Ստացվում է՝ իսկապես ժամանակից շուտ թոշակի գնալ ցանկացող դասախոսների պակաս չկա՝ հաշվի առնելով, որ մի քանի տասնամյակ առաջ բրիտանական գիտությունը շատ ցանկալի աշխատավայր էր, սակայն ներկայումս անտանելի վայր է դարձել շատերի համար: Ի դեպ, մի քիչ էլ աղ՝ բաց վերքի վրա՝ իշխանությունները պատրաստվում են կրճատել դասախոսական կենսաթոշակները:
Շարունակելի