կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-19 10:22
Հասարակություն

Ձյունը գալիս է դանդաղ, ձյունն իր ″երգն″ է երգում

Ձյունը գալիս է դանդաղ, ձյունն իր ″երգն″ է երգում

«Վերջին երկու օրերին երևանցիներն իրենց մաշկի վրա զգացին, թե ինչ է «ատկատը»: Տվյալ դեպքում «ատկատը» մայրաքաղաքի մայթերին հաստ շերտով սառույցն է, փողոցների եզրերի երկայնքով կիլոմետրերով ձգվող խորը ցեխաջրերը, թրջված ոտքերը, ամեն պահի ընկնելու և մարմնի որևէ մաս կոտրելու վտանգը, չաշխատող հասարակական տրանսպորտը, կանգառներում ժամերով կանգնելու պատճառով մինչև ոսկորները սողոսկած ցուրտը, ավտոպատահարի «բախվելու» հեռանկարը և այլն»,- գրում է «Հայկական ժամանակը»:

 

Երևանի քաղաքապետարանը երեկ այս առիթով հայտարարություն տարածեց, որտեղ նշված են տոննաներով օգտագործված աղի և հարյուրավոր ձյուն մաքրող մեքենասարքավորումների կատարած աշխատանքի մասին տեղեկություններ: Բնականաբար, այդ ամենը տեղ կգտնի նաև քաղաքապետարանի ֆինանսական հաշվետվության մեջ, իսկ ահա վերը նկարագրվածը որևէ հաշվետվության մեջ չի հայտնվի: Եվ երբ Վերահսկիչ պալատը, ասենք, եկող ամառ ստուգումներ անցկացնի քաղաքապետարանում, «ատկատն» այդպես էլ չի հայտնաբերվի:

 

Ի դեպ, քաղաքապետարանին այս հարցում մեծ ծառայություն է մատուցում նաև ոստիկանությունը: Երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը հետաքրքրվել է` տեղացած ձյան հետևանքով Երևանում այս օրերին ավտովթարների թիվը սովորականից մե՞ծ է եղել: Ի պատասխան` ոստիկանության հասարակայնության և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն ասել է, թե ավտովթարները պետք է որ շատ լինեին, բայց այդպես չի եղել, քանի որ վարորդները զգույշ են վարում:

 

Ըստ ոստիկանության ամփոփագրի` նախօրեին մայրաքաղաքում տեղի է ունեցել 3 ավտովթար, երեկ ոչ մի: Բայց… «Մանր-մունր բախումներ էլ կան»,- ասել է Մալխասյանը:

 

Այդ «մանրմունրերը» չեն արձանագրվել և ամփոփագրում տեղ չեն գտել, դրանց թիվը ոստիկանությունը թաքցնում է: Իսկ դա արվում է միայն մի նպատակով, որպեսզի հարց չծագի` բա եթե քաղաքապետարանն այդքան աղ ու բենզին է ծախսել ձնամաքրման աշխատանքների վրա, ինչո՞ւ է այդքան շատ ավտովթար եղել: Տարոն Մարգարյանն էլ, հասկանում եք, լավության տակ մնացողը չէ: