կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-12-20 19:38
Հասարակություն

Համալսարանի դանդաղ մահը (մաս 2)

Համալսարանի դանդաղ մահը (մաս 2)

Հընթացս այն բանի, որ դասախոսները վերածվում են մենեջերների, ուսանողները դառնում են սպառողներ: Համալսարանները միմյանց խանգարում են՝ փորձելով անամոթ պայքարում պահպանել միջոցները: Հենց ուսանողը հայտնվում է նրանց ձեռքում, բուհերը սկսում են ճնշում բանեցնել դասախոսների վրա, որ նրանք վատ գնահատականներ չդնեն, չէ՞ որ դա գումար կորցնելու ռիսկ է: Ընդհանուր գաղափարն այն է, որ ուսանողի ձախողման մեղավորը դասախոսն է, ինչպես հիվանդանոցներում պացիենտի մահվան պատասխանատվությունն ընկնում է բուժանձնակազմի վրա: Ուսանողական քսակների համար  պայքարի արդյունքներից մեկը դարձավ  այն դասընթացների ավելացումը, որոնք այսօր մոդայիկ են 20 տարեկանների շրջանում: Իմ դիսցիպլինում ՝ անգլիական փիլիսոփայություն, մոդայիկ են վամպիրները, այլ ոչ թե վիկտորիանական շրջանի պոետները, սեքսուալությունը, այլ ոչ թե Շելլին, ֆան-ամսագրերը, այլ ոչ թե Ֆուկոն, ժամանակակից աշխարհը, այլ ոչ թե միջնադարը: Ահա թե ինչ ուժեղ է քաղաքական և տնտեսական խորքային ուժերի ազդեցությունը ուսումնական ծրագրերի կազմման վրա: Ցանկացած բանասիրական ֆակուլտետ, որն իր ջանքերը կկենտրոնացնի 18-րդ դարի անգլո-սաքսոնական գրականության վրա, կսղոցի ճյուղը, որին նստած է:

Բրիտանական որոշ ագահ համալսարաններ այսօր թույլատրում են ուսանողին, որը ոչ մի կերպ աչքի չի ընկել բակալավրիատում, մագիստրատուրա ընդունվել, իսկ օտարերկրյա ուսանողները (որպես օրենք՝ ստիպված են ավելի թանկ վճարել) կարող են հայտնվել դոկտորանտուրայում՝ վստահորեն չտիրապետելով անգլերեն լեզվին: Երկար ժամանակ արհամարհելով գրական վարպետության դասընթացը` որպես ամերիկյան գռեհիկ  զբաղմունք, անգլերեն բանասիրության ֆակուլտետները ներկայումս հուսահատությունից ստիպված են վարձել երկրորդ կարգի գրողների կամ թույլ բանաստեղծների, որպեսզի  գրավեն պոտենցիալ Փինչոնների (Թոմաս Փինչոն` ամերիկացի գրող, 20-րդ դարի երկրորդ կեսի պոստմոդեռնիստական գրականության ներկայացուցիչ – yerkir.am) գրամոլ հորդաների: Նրանց ցինիկաբար կողոպտում են մինչև վերջին թելը՝ հիանալի հասկանալով, որ որևէ մեկի առաջին վեպի կամ բանաստեղծությունների հատորյակի` լոնդոնյան հրատարակչությունում տպագրվելու շանսն ավելի փոքր է, քան շանսն արթնանալու ու հասկանալու, որ վերածվել ես հսկայական բզեզի:

Անշուշտ, կրթությունը պետք է արձագանքի հասարակության պահանջարկին: Սակայն դա չի նշանակում, որ պետք է լիովին ենթարկվել ժամանակակից կապիտալիզմի կարիքներին: Իրականում, մարտահրավեր նետելով կրթության այդ խորթ մոդելին, կարելի է ավելի լավ բավարարել հանրության կարիքները: Միջնադարյան համալսարանները հիանալի էին ծառայում հանրության լայն շերտերին՝ թողարկելով հոգևորականներ, իրավաբաններ, աստվածաբաններ ու պաշտոնյաներ, որոնք օգնում էին ամրապնդել եկեղեցին ու պետությունը, այլ ոչ թե խոժոռվում արագ շահույթ չնախատեսող ցանկացած մտավոր գործունեությունից:

Սակայն ժամանակները փոխվել են: Բրիտանական պետության համար իր կողմից ֆինանսավորվող բոլոր գիտական հետազոտությունները պետք է լինեն, այսպես կոչված, գիտելիքների էկոնոմիկայի մասը, և դրանց ազդեցությունը հասարակության վրա պետք է լինի չափելի: Այդ ազդեցությունն ավելի հեշտ է գնահատել ավիացիոն ինժեներների պարագայում, քան հնագույն ժամանակներն ուսումնասիրող պատմաբանների: Նրանք, ովքեր շահավետ դրամաշնորհներ չեն բերում մասնավոր բիզնեսից կամ չեն կարող շարժել ավելի մեծ թվով ուսանողների հետաքրքրությունը, քրոնիկ ճգնաժամում են հայտնվում: Գիտական արժանիքները կախված են այն բանից, թե որքան գումար կարելի է վաստակել, իսկ լավ կրթությունը հավասարեցվում է աշխատանքի տեղավորմանը: Հնագիրների կամ դրամագետների համար լավ ժամանակներ չեն, մասնագետներ, որոնց մասնագիտության անվանման իմաստն անգամ շուտով չենք հասկանա, էլ չասած այն մասին, որ աշխատենք այդ մասնագիտություններով:

Հումանիտար կրթության դերի նվազման հետևանքները կարող են զգալ բոլորը՝ ընդհուպ մինչև միջնակարգ դպրոցը, որտեղ լեզուների ուսուցումը դեպի անդունդն է գլորվում, պատմության դասավանդումը սահմանափակվում է նորագույն պատմությամբ, իսկ դասական գործերի ուսումնասիրումը Իտոնի նման մասնավոր հաստատությունների համար է (Բորիս Ջոնսոնը՝ հայտնի իտոնցի և Լոնդոնի քաղաքապետ, մշտապես իր հրապարակային հայտարարություններում Հորացիոս է մեջբերում):

Իսկապես որ` փիլիսոփաները մշտապես կարող են անկյունում օգնության ծառայություն բացել և պատասխանել կյանքի իմաստի մասին հարցերին, իսկ լեզվաբաններն իրենց ծառայությունների կետերը կարող են բացել ավելի մարդաշատ վայրերում, որտեղ կարելի է ինչ-որ բան թարգմանել: Ընդհանուր առմամբ, գաղափարն այն է, որ համալսարանները պետք է արդարացնեն իրենց գոյությունը՝ օգնելով բիզնեսին: Եթե կիրառենք կառավարական զեկույցի սառը ձևակերպումը՝ դրանք պետք է աշխատեն որպես «խորհրդատվական կազմակերպություններ»:  Իրականում  բարձրագույն ուսումնական հաստատությունները դարձել են  բարձր եկամտաբերության ոլորտ, որտեղ գործում են հյուրանոցներ, համերգային և սպորտային դահլիճներ, հասարակական սննդի կետեր և այլն:

***

Եթե հումանիտար գիտությունները «թառամում» են, պատճառն այն է, որ դրանք ենթարկվում են կապիտալիստական ուժերին և միաժամանակ չունեն գոյության միջոցներ: (Բրիտանական բարձրագույն կրթությունը չունի մասնավոր նվիրատվությունների ավանդույթը, ինչպես ընդունված է Միացյալ Նահանգներում, գլխավորապես այն պատճառով, որ ԱՄՆ-ում ավելի շատ միլիոնատեր կա, քան Մեծ Բրիտանիայում):

Բացի դրանից՝  մենք խոսում ենք հասարակության մասին, որում, ի տարբերություն ԱՄՆ-ի,  կրթությունն ավանդաբար չի դիտարկվում որպես ապրանք, որը կարելի է գնել ու վաճառել: Եվ, իրոք, ներկայիս Մեծ Բրիտանիայի ուսանողների մեծամասնությունը հավանորեն համոզված է, որ կրթությունը պետք է անվճար լինի, ինչպես Շոտլանդիայում: Թեև այստեղ ակնառու է անձնական շահագրգռության աստիճանը, այդ կարծիքն էլ բավականին արդարացի է: Երիտասարդների ուսուցումը, ինչպես նաև նրանց պաշտպանությունը սերիական մարդասպաններից, հարկ է դիտարկել որպես սոցիալական պատասխանատվություն, այլ ոչ թե` եկամտաբերության առիթ:

Ես, պետական կրթաթոշակ ստանալով, յոթ տարի սովորել եմ Քեմբրիջում` լիովին անվճար: Այո, պատանի հասակում պետությունից ստրկական կախվածությունն ինձ դարձրել է փափկասուն ու բարոյալքված, ես պինդ կանգնած չեմ  ոտքերիս վրա ու չեմ կարող պաշտպանել ընտանիքս՝ զենքը ձեռքիս, եթե նման անհրաժեշտություն լինի: Իմ փոքրոգի կախվածությունը պետությունից ինձ հասցրել է նրան, որ գիտեմ, թե ինչպես հրշեջ կանչել՝ սեփական կոշտուկավոր ձեռքերով հրդեհը մարելու փոխարեն: Բայց, չնայած այդ թուլությանը, ես պատրաստ եմ քաջարի անկախությունը փոխարինել Քեմբրիջում յոթ տարի անվճար սովորելու հետ:

Այո, երբ ես էի սովորում, ուսանող էր Մեծ Բրիտանիայի բնակչության միայն 5 տոկոսը, եւ ոմանք պնդում են, որ այսօր, երբ այդ թիվը դարձել է 50 տոկոս, նման հոգևոր առատաձեռնությունը մեր գրպանին պարզապես հարիր չէ: Այնուամենայնիվ, օրինակ, Գերմանիան իր ուսանողների զգալի մասին անվճար կրթություն է տրամադրում: Եթե բրիտանական կառավարությունը լրջորեն ցանկանում է երիտասարդ սերնդի ուսերից վերցնել անտանելի ծանր բեռը, կարող է դա անել որոշ՝ անպարկեշտության աստիճանի  հարուստ մարդկանց հարկերը բարձրացնելու և հարկերից խուսափելու պատճառով ամեն տարի անհետացող միլիարդներ բռնագանձելու հաշվին:

Դա նույնպես կվերականգներ համալսարանի պատվավոր անցյալը` որպես ժամանակակից հանրության այն քիչ վայրերից մեկի, որտեղ գերակշռող գաղափարախոսությունները կարող են մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվել: Գուցե հումանիտար գիտությունների արժեքը դոմինանտ գաղափարներին հարմարվելու կարողության մեջ չէ, այլ դրանց դիմակայելու մեջ է: Հարմարվողականությունը, որպես այդպիսին, արժեք չունի: Ժամանակին արվեստի գործիչներն ավելի շատ էին ներաճած հասարակությանը, սակայն, ամենի ինչից զատ, դա նշանակում էր, որ նրանք հաճախ դառնում էին գաղափարախոսներ, քաղաքական իշխանության գործակալներ, գոյություն ունեցող իրավիճակի պաշտպաններ: Արվեստի ժամանակակից գործիչը, ընդհակառակը, սոցիալական կարգում չի գտնում նույնքան անվտանգ խորշ, սակայն հենց այդ պատճառով էլ հրաժարվում է ընդունել հեղինականությունների հանդեպ ըստ արժանվույն հարգանքը:

Սակայն քանի դեռ ավելի լավ համակարգ չի ստեղված, ես որոշել եմ կիսել պնդաճակատ քաղքենիների ու կոպտորեն  շահույթ փնտրողների ճակատագիրը: Համոթ ինձ՝ ես հիմա ստիպված եմ բարձր կուրսեցիներին սեմեստրի սկզբում հարցնել՝ կարո՞ղ են նրանք իրենց թույլ տալ գրական ստեղծագործությունների՝ իմ հիասքանչ ընկալումը՝ լավագույն ձևը, թե՞ ստիպված են լինելու սահմանափակվել լավ, բայց ոչ այնքան փայլուն վերլուծությամբ:

Սահմանել գին, կախված տեքստում խորանալու մակարդակից, տհաճ զբաղմունք է և հնարավոր է` ոչ այնքան լավ միջոց ուսանողների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու համար, սակայն դա տրամաբանորեն հետևում է ներկայիս ակադեմիական կլիմայից: Ոմանք դժգոհում են, թե այդ կլիման անհատական տարբերություններ է ստեղծում ուսանողների միջև, սակայն նշեմ, որ նրանք, ովքեր ի վիճակի չեն վճարել իմ` առավել խորաթափանց  որոնումների համար, կարող են ազատորեն բարտերային հիմունքներին անցնել. թարմ թխվածք, տնական գարեջրի տակառներ, ձեռագործ սվիտերներ և ամուր կոշիկներ՝ ամեն ինչ ընդունվում է: Ի վերջո, կյանքում փողից կարևոր բաներ կան: 

Սկիզբը՝ այստեղ: