Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծն են քննարկել վարչապետ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում՝ Yerkir.am-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և փոխնախարար Արտակ Քամալյանը ներկայացրել են ռազմավարության նպատակներն ու առաջնահերթությունները, որոնք ըստ նրանց, սահմանվել են՝ հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները: Տիգրան Խաչատրյանն անդրադառնալով ռազմավարության բովանդակությանը՝ զեկուցել է, որ այն հիմնված է կայուն զարգացող, նորարարական լուծումներ ընդունող, բարձր ավելացված արժեք ստեղծող, առավելապես արտահանող, բնական պաշարները խնայողաբար օգտագործող, բարեկեցություն երաշխավորող գյուղատնտեսություն ունենալու վրա:
Նախարարն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին, որոնց շրջանակում նշել է գյուղատնտեսության ցածր արդյունավետությունը, սննդամթերքի անվտանգության անբավարարությունը, ներքին շուկայում կենտրոնացվածությունը, ինստիտուցիոնալ ցածր կարողությունների առկայությունը, ինովացիաների կիրառության սահմանափակությունը:
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ռազմավարության նախագիծը մշակվել է հաշվի առնելով նշված խնդիրները: Այդ առումով, նշվել է, որ ոլորտի զարգացման համար ընտրվել են հետևյալ սկզբունքները՝ ագրեգացում, առևտրայնացում, երիտասարդության ներառում, դիվերսիֆիկացում և ռիսկերի կառավարում, կլիմայական հարմարվողականություն, տեխնոլոգիական արդիականացում:
Էկոնոմիկայի նախարարը ռազմավարության առաջնահերթությունների թվում նշել է օգտագործվող հողատարածքների ավելացումը, ոռոգման համակարգի բարելավումը, ֆինանսների հասանելիության բարձրացումը, սերմերի և տնկանյութերի որակի բարելավումը, ժամանակակից անասնաբուծության խթանումը, սննդամթերքի անվտանգության ապահովումը, արտահանմանը միտված տեղական շուկայի ձևավորումը, գյուղատնտեսական ներդրումների ներգրավման գործիքների մշակումը, կոոպերացիաների և համախմբման խթանումը, գյուղատնտեսական մանրածախ և մեծածախ շուկաների զարգացումը:
Այնուհետև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել առաջնահերթություններով նախատեսվող միջոցառումներին, դրանց հնարավորություններին, հնարավոր խնդիրներին, ոլորտի զարգացման մասին օրենքի մշակման ընթացքին, հողային ռեֆորմի իրականացմանը և այլ հարցերի:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացման կարևորությունը՝ վերջնարդյունքում ընդունվելիք ռազմավարությանը համապատասխան: Գործադիրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է փաստաթղթում առկա խնդիրների լուծման նպատակով շարունակել ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները շահագրգիռ գերատեսչությունների հետ և դրանց արդյունքներով նախագիծը դնել շրջանառության մեջ: