կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-22 19:25
Հասարակություն

Ապօրինի կառույցների բացառում, կանաչ տարածքների ավելացում. ավագանին հաստատեց Երեւանի զարգացման 2021-ի ծրագիրը

Ապօրինի կառույցների բացառում, կանաչ տարածքների ավելացում. ավագանին հաստատեց Երեւանի զարգացման 2021-ի ծրագիրը

Երեւանի ավագանին 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստի ժամանակ հաստատեց մայրաքաղաքի զարգացման 2021 թվականի ծրագիրը: Հարցը Երեւանի ավագնու նիստում ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արամ Հովսեփյանը, ով զեկուցեց, որ ծրագրի հիմնական նպատակն է նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները:

«Ծրագրի կառուցվածքում առանձին ներկայացված են քաղաքային տնտեսության ոլորտները եւ Երեւանի վարչական շրջանները։ Յուրաքանչյուր բաժին հիմնականում բաղկացած է հետեւյալ ենթաբաժիններից՝ «Վիճակի բնութագիր», «Հիմնախնդիրներ» եւ «2021 թվականի նախատեսվող աշխատանքներ»: 2021 թվականի ծրագրերն ու միջոցառումները կազմվել են՝ հիմք ընդունելով Երեւանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի գերակայությունները, ինչպես նաեւ առկա հիմնախնդիրները եւ ֆինանսական հնարավորությունները։ Ծրագիրն ուղղված է քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների՝ ժամանակի պահանջներին համահունչ զարգացմանը»,- նշեց Հովսեփյանը եւ հավելեց, որ ծրագրի նպատակն է նաեւ ապահովել համակարգային բարեփոխումների իրականացման մեկնարկը:

Երեւանի քաղաքապետարանի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետն ասաց, որ 2021 թվականի Երեւանի զարգացման ծրագրում Երեւանի քաղաքապետարանի գործունեության, ծրագրերի մշակման եւ իրականացման ուղենիշ լինելու է թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը, մարդու իրավունքների, հանրային տարածքների, շրջակա միջավայրի եւ պատմամշակութային ժառանգության պաշտպանության գերակա սկզբունքներով որոշումների կայացումը, քաղաքի մասնակցային կառավարման մշակույթի կատարելագործումը, քաղաքի կառավարման ներառականության ապահովումը, իրավահավասար ու ներդաշնակ համակեցության մշակույթի հանրահռչակումն ու ձեւավորումը: 

«Ծրագիրը նպատակ ունի նախանշել եւ լուծել մայրաքաղաքի աղբահանության, կենցաղային կոշտ թափոնների կառավարման հիմնախնդիրը: Ծրագրում կարեւորվում է բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացումը: Գերակա ուղղություններից է ապօրինի կառուցապատման բացառումը, հանրային կանաչ տարածքների ավելացումը, նոր հանգստի գոտիների եւ այգիների ստեղծումը: Երեւանի զարգացման 2021 թվականի ծրագրի կարեւորագույն ոլորտներից են սոցիալական ապահովությունը եւ առողջապահությունը: Կիրականացվեն հոգածության տարաբնույթ ծրագրեր: Կարեւորվում է նաեւ կրթական որակի բարելավումը: Ծրագրով նախատեսվում է նաեւ մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված նպատակային քայլերի իրականացում»,- ասաց Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ քաղաքային տնտեսության զարգացման գործում կարեւորվում է համայնք-մասնավոր հատված համագործակցության խրախուսումը եւ համատեղ իրագործվող ծրագրերի շրջանակի ընդլայնումը։ 

Քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ Երեւանի այգիների վերակառուցման, արդիականացման խնդիրը մշտապես գտնվում է քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում:

Որոշումն ընդունվեց միաձայն՝ 35 կողմ ձայնով: