կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-11 16:49
Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռուբեն Հովսեփյանի անավարտ վեպի խորհրդանիշ ծիրանենին Աբովյանի տուն-թանգարանի բակում

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռուբեն Հովսեփյանի անավարտ վեպի խորհրդանիշ ծիրանենին Աբովյանի տուն-թանգարանի բակում

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի բակում տնկված անվանական տնկիների շարքը համալրվեց ևս մեկով. նորատունկ ծիրանենին այսուհետ կխորհրդանշի մեծանուն մտավորական, գրող, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հովսեփյանի մեծ նվիրումը Աբովյանին, ինչպես նաև Խ. Աբովյանին նվիրված նրա անավարտ վեպը:

«Աբովյանի կերպարը, նրա մեծությունը ցնցել էր Ռուբեն Հովսեփյանին, նաև ինչ-որ տեղ նրա առեղծվածային անհետացումը ստիպեցին, որ նա անդրադառնա Աբովյանին»,- Yerkir.am-ի հետ զրույցում պատմում է Ռուբեն Հովսեփյանի այրին՝ տիկին Օլգան, ով ևս ներկա էր միջոցառմանը:

Տիկին Օլգան վերհիշում է, թե ինչպես տարբեր աղբյուրներից որոնումներ սկսելով, ուսումնասիրելով ահռելի գրականություն և արխիվային նյութեր, նաև վավերագրական ֆիլմերից վերցնելով կտորներ՝ Ռուբեն Հովսեփյանը 1980-ականների կեսերից սկսեց աշխատել վեպի վրա։

Այդուհանդերձ՝ անդամակցումը Հ.Յ. Դաշնակցությանը, հասարակական-քաղաքական գործունեությունը, Հայաստանի ներքաղաքական վայրիվերումների հորձանուտ ներքաշվելը ստիպեցին Ռուբեն Հովսեփյանին՝ երբեմն մեծ դադարներ առնել և հետաձգել վեպի ստեղծման աշխատանքները:

2016 թ. վերջերից՝ գրողն իր անավարտ վեպը, որը վերնագրել էր «Վերջին գիշերը», հատվածաբար տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում։ Մնում էր Մատենադարանում իրականացվելիք որոշակի ուսումնասիրություն, և այն իր ավարտին կհասներ։ Սակայն մտավորականի հիվանդությունն ու կյանքից հեռանալն այդպես էլ անավարտ թողեցին վեպը:

«Այսօր մեր ընտանիքի միակ ցանկությունն է, որ, թեկուզ անավարտ, բայց և տպագրվի Խաչատուր Աբովյանի մասին վեպը», - նշում է տիկին Օլգան։

Գրությունը, որն այցելուներին կմատնանշի ծիրանենու խորհուրդը, Աբովյանի տուն-թանգարանի տնկենու վրա ամրացրեց Ռուբեն Հովսեփյանի թոռնիկը: 

Միջոցառմանը ներկա Համազգային հայ-կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզաննա Առաքելյանն էլ Նորք ամսագրի երկու օրինակ նվիրեց Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանին, որտեղ հատվածներ էին տպագրվել Ռուբեն Հովսեփյանի անտիպ վեպից։

Հիշեցնենք՝ նաև ի դեմս նվիրյալ «Համազգայնականի», վերջերս Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ մեծ շուքով նշվեց տաղանդաշատ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ կամ պարզապես  մեծ Հայ Ռուբեն Հովսեփյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը: