Փոխարժեքներ
21 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.92 |
EUR | ⚊ | € 432.84 |
RUB | ⚊ | ₽ 4.765 |
GBP | ⚊ | £ 514.37 |
GEL | ⚊ | ₾ 140.53 |
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի նախկին տնօրեն, պատմաբան, հնագետ Միքայել Բադալյանը գրում է.
«Վերջին օրերին ստացել եմ մի շարք նամակներ Հայաստանի պատմության թանգարանի բակում Արգիշթի Առաջին արքային պատկանող Դարանի բնակավայրին վերաբերող սեպագիր արձանագրության պահպանված հատվածի՝ Դավիթ Վարդազարյանի Դավիթ Պ. Վարդազարյան գրառման և, այնուհետև, դրա՝ Հայաստանի պատմության թանգարանի պարզաբանման մասին:
Փորձեմ անդրադառնալ մի քանի կետով.
Դավիթ Վարդազարյանի հետ մոտիկից ծանոթացել եմ Էրեբունի թանգարանում, երբ կազմակերպել էինք աշխարհահռչակ գիտնական Իրվինգ Ֆինքելի դասընթացի անվճար կուրսը: Որքան գիտեմ, Դավիթը բանասիրական գիտությունների թեկնածու է, փայլուն տիրապետում է անգլերենին և արաբերենին և սովորում է սեպագիր համակարգի հետ կապված տարբեր հմտություններ: Ինքս շատ կուզեմ, որ նա դառնա սեպագրագետ, քանի որ մենք այսօր այդ մասնագիտության կարիքը շատ ունենք: ՈՒրախ եմ, որ Դավիթը զբաղվում է Դարանիի սեպագիր արձանագրությամբ, պրպտել ու գտել է նորանոր հետաքրքիր դրվագներ այդ արձանագրության մասին: Նաև շատ ուրախալի է, որ Դավիթը կրթական ծրագրեր է իրականացնում ու հանրահռչակում Դարանին: Նա ապրումէ այդ արձանագրությամբ ու Դարանիով:
Երբ ես տարբեր պատճառներով լքեցի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնը, մեծապես ակնկալում էի, որ ինչ-որ աջակցական խոսք, թեկուզ մի զանգ կստանամ մեկ այլ Դավիթից՝ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանից: Բայց նման բան տեղի չունեցավ: Սակայն, ինձ համար շատ անակնկալ էր, երն ինձ այդ ժամանակ զանգահարեց Դավիթ Վարդազարյանն ու առաջարկեց իր աջակցությունը: Այդ առումով, Դավիթը այդ արարքը ես երբեք չեմ մոռանա:
Հիմա, սեպագրի մասին: Իմ անձնական կարծիքով, ինչի հետ տարբեր մասնագետներ կարող են համաձայն չլինել, սեպագրերը և նման սակավաթիվ գրավոր լուրջ տեղեկություն պարունակող կոթողները հենց այնպես բաց երկնքի տակ թողնելն նման կերպ այդքան էլ ճիշտ չէ: Հիմա, կասեք, բա ինչու՞ են Էրեբունի ամրոցում սեպագրերը բաց երկնքի տակ: Մենք մշակել էինք մի կարևոր ծրագիր, որով Հայաստանի հանրապետության բոլոր բացօթյա սեպագիր արձանագրությունները պետք է ունենային համապատասխան պաշտպանություն՝ հնարավորինս պաշտպանելով մարդկային և բնական վտանգներից: Այդ առումով, եղել են քննարկումներ, եղել է կարևոր հանդիպումներ և կարծես թե ծրագիրը պետք է առաջ շարժվեր: Մենք ունեինք նաև Էրեբունու բացօթյա սեպագրերը համապատասխան ապակիներով փակելու այդ ծրագրի մասը և նույնիսկ, մոտավոր նախահաշիվը: Հուսամ, որ Էրեբունի թանգարանի ապագա տնօրինությունը անպայման կիրագործի այդ ծրագիրը: Ինքս պատրաստ եմ իմ հնարավորությունների չափով օգտակար լինել:
Ինչ վերաբերում է Դարանիի սեպագրին, ապա, հարկ է նշել, որ այն գտնվել է Կոտայքի մարզից և ունի խիստ կարևոր գիտական նշանակություն ու արժեք: Ըստ տարբեր մասնագետների՝ ուրարտական ժամանակաշրջանի Դարանի բնակավայրը գտնվել է ա.Աբովյան քաղաքի մոտ, նույնանար Էլար հնավայրի հետ, բ. Կարող է նույնանալ Արամուսի ամրոցի հետ, գ. Կարող էր լինել Հրազդանի տարածաշրջանում գտնվող Սոլակ 1 հնավայրը և այլն: Իմ կարծիքով, շատ լավ կլիներ, օրինակ, եթե Դարանիի արձանագրության բեկորը տեղադրվեր կամ Աբովյան քաղաքում գտնվող Հայ-ռուսական բարեկամության թանգարանում, քանի որ դրա ուսումնասիրության գործում մեծ ներդրում ունի հայտնի ռուս գիտնական Նիկոլսկին և կամ Հրազդանի համապատասխան թանգարանում, որը, եթե չեմ սխալվում, Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղն է: Երկու դեպքում էլ, այդ թանգարանները մեծապես կշահեին. իսկ սեպագիրը կլիներ առավել ապահով և իմաստային համատեքստում: Ինչևէ, սա իմ կարծիքն է:
Իհարկե, ոմանք, կարող են նշեն, որ վաղուց շատ վաղուց մտածել էին այդ մասին: Գուցե կհայտնվեն որոշներն էլ, որ կասեն, այդ ամենի հետևում կանգնած է Միքայելը: Իհարկե, դա շատ հեշտ է: Բայց Աստված ամեն-ինչ ու ամեն-մեկին տեսնում է ու գիտի...
Լուսանկարը՝ Դավիթ Վարդազարյանի ֆեյսբուքյան էջից»: