Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու նախորդ նիստի ընթացքում քաղաքային իշխանությունների շուրթերից հնչած «325 միլիոն դրամ՝ Ամանորի միջոցառումների համար» հայտարարությունը քաղաքական և հասարակական շրջանակներում մեծ ռեզոնանս առաջացրեց։ Ավագանու ԲՀԿ անդամ Հռիփսիմե Առաքելյանի հարցին՝ որքա՞ն է կազմում Գորան Բրեգովիչի՝ դեկտեմբերի 31-ին Երևանում անցկացվելիք համերգի հոնորարը, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը չպատասխանեց։
Ըստ Yerkir.am-ի՝ այսօր մյուս փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը Բրեգովիչի հոնորարի թիվը հրապարակել է՝ 65 հազար եվրո։ Factory ընկերությունը, որը կազմակերպելու է Բրեգովիչի երևանյան համերգը, թույլ է տվել հրապարակել միայն հոնորարի չափը, մյուս ծախսերը՝ բեմ, լույսեր, դեկորացիաներ, հրավառություն՝ գաղտնիք է։ Տիգրան Վիրաբյանն Ամանորի տոնական միջոցառումների ծրագիրը մանրամասնելու համար ասուլիս է հրավիրել ու տեղեկացրել, որ նախորդ տարիներին Հանրապետության հրապարակի տոնածառին մոտենալ ցանկացող մեր քաղաքացիների անվտանգությունը վտանգված է եղել։ Որպեսզի անվտանգության կանոնները պահպանվեն, վերգետնյա անցում է տեղադրվելու։ Այնպես որ գլխավոր եղևնու ֆոնին նկարվել ցանկացողներն այսուհետև առանց սեփական կյանքը վտանգելու են տեղաշարժվելու։ Երևանի 2800-ամյակի այգում կազմակերպվելու է տոնավաճառ, որն ըստ քաղաքային իշխանությունների մեկնաբանության՝ ոչ թե առևտրի տարածք է լինելու, այլ Ամանորի ընդհանուր մշակութային միջոցառումների բովանդակության մեջ է ընկալվելու։
Եվ ուշադրություն...դեկտեմբերի 21-ին, 20։00-ին տեղի է ունենալու տոնական լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը։ Մյուզիքլ, «Ամանոր 2020» թեմայով նոր երգի պրեմիերա՝ Գարիկ Պապոյանի և Սոնա Ռուբենյանի կատարմամբ, հայ էստրադայի երգիչ-երգչուհիների ոչ թե սովորական, այլ արտիստիկ համերգ։ Հարյուրավոր հագուստներ են կարվել, նոր երգեր են գրվել, նոր դեկորացիաներ են պատրաստվել, որպեսզի gold 2020-ը հավուր պատշաճի դիմավորենք, ու մինչև հունվարի 13-ը Երևանի կենտրոնը շարունակի ողողված լինել շլացուցիչ լույսերով, երգերով ու gold տրամադրությամբ։ Դեկտեմբերի 31-ին, 23։45-ին ուղիղ եթերով Հանրապետության հրապարակից՝ Երևանի սրտից, իր սրտի խոսքը կասի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո բեմը կլինի Գորան Բրեգովիչի ու նրա խելահեղ նվագախմբի տրամադրության տակ։
Ծախսեր...Վերջին մեկ շաբաթում ամենաշրջանառվող թեման։ Քաղաքային իշխանություններն Ամանոր 2020-ի համար 325 միլիոն դրամ են ծախսելու։ Տիգրան Վիրաբյանն ասուլիսի ժամանակ ամենաերկարը 325 միլիոնի վրա կանգ առավ։ Քաղաքապետարանի ծախսն անփոփոխ է, ինչպես նախորդ տարիներին՝ 54 միլիոն դրամ, մնացած 271 միլիոնը հատկացրել է կառավարությունը։ «Կառավարության կողմից պատվիրակված լիազորություն է։ Միջոցառումների ծավալը 2019-ի բյուջեով արդեն իսկ նախատեսել էինք՝ 54 միլիոն դրամ, հետո կառավարությունն առաջարկեց ծավալներն ընդլայնել և միջազգային հեղինակություն ունեցող Գորան Բրեգովիչին հրավիրել Հայաստան։ Քաղաքապետարանը չէր կարող միջոցառումների ծավալների ընդլայնման պատասխանատուն չլինել, քանի որ ինքն է իրականացնում Ամանորի տոնակատարությունը։ Բայց քաղաքապետարանը միայն իր կողմից հատկացրած բյուջեի համար է պատասխանատու»,- 325 միլիոն՝ 2020-ի համար որոշման հետ չհամակերպվող հանրությանը բացատրում է փոխքաղաքապետը։
Քաղաքային իշխանությունները նշում են, թե այդ ծախսերի, իսկ երկու օր առաջ քաղաքապետի մամուլի խոսնակի գնահատմամբ՝ ոչ թե ծախսերի, այլ ներդրումների ֆոնին սոցիալապես անապահով խավն էլ է հաշվի առնված։ Թե ինչպես, Տիգրան Վիրաբյանը չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ դա իր գործունեության տիրույթը չէ. թերևս «Քրիսմաս-մարկետ» տոնավաճառի որոշ տաղավարներում վաճառքը բարեգործական լինի և հասույթը տրամադրվի սոցիալապես խոցելի խմբերին։ Ո՞վ գիտե։
Օրերս սոցիալական ցանցերում շրջանառվեց Հայկ Մարությանի՝ 2013 թվականի գրառումը. կես միլիոն դոլար ծախսելու համար նա քննադատում էր այն ժամանակվա քաղաքային իշխանություններին։ Տիգրան Վիրաբյանը բացատրեց՝ եթե այս ծավալի միջոցառումներ ենք ուզում իրականացնել, ոչ թե տնից բերած բաճկոններով երկու երգչի բերել-կանգնեցնել բեմի վրա, ուրեմն պետք է լուրջ ծախսեր արվեն։ Բայց մի պարզ, անպաճույճ հարց՝ քաղաքային իշխանություններին. ո՞վ է այդ ծավալի միջոցառումների համար բուռն ցանկություն հայտնել, ումի՞ց եք այդ փափագը լսել, Երևանի ո՞ր վարչական շրջանից կամ ո՞ր դպրոցից, ծերանոցից կամ գուցե մանկատնից, քարուքանդ հանրակացարանի կամ 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներից։ Հարցը ոչ հանրային քննարկման է դրվել, ոչ էլ, օրինակ, ֆեյսբուքյան ուղիղ եթերով եք կարծիքներ լսել, հետո քննարկել ու հանճարեղ եզրահանգման եկել։ Արդարացում՝ քաղաքային բյուջեն անխախտ է. 271 միլիոնը կառավարությունն է տրամադրել. կարծես խոսքը ոչ թե հայրենի, այլ Վրաստանի կառավարության մասին է։ Երևանի բյուջեն լինի, թե Հայաստանի Հանրապետության, բյուջեն բյուջե է, պարոնայք, և գոյանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերից։ Եվ հարկվողին ոչ ոք չի հարցնում՝ ուզո՞ւմ ես հարկվել, իսկ որ առանց ցանկությունդ հաշվի առնելու հարկվում ես, օրինակ, ինչի՞ վրա կուզեիր, որ վճարածդ հարկը ծախսվեր։ Գուցե լիներ մեկն ու ասեր՝ ճոխ 2020 եմ ուզում։ Ո՞վ գիտե։
Նաիր Յան