կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-09 23:36
Քաղաքական

Խոստումները շատ էին, բայց միայն կոսմետիկ փոփոխություններ կատարվեցին․ Արմեն Բադալյանն ամփոփում է ԱԺ-ի մեկ տարին

Խոստումները շատ էին, բայց միայն կոսմետիկ փոփոխություններ կատարվեցին․ Արմեն Բադալյանն ամփոփում է ԱԺ-ի մեկ տարին

Խոստումները շատ էին, բայց այս ընթացքում  միայն կոսմետիկ փոփոխություններ են իրականացվել`նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը NEWS.am-ի հետ զրույցում ամփոփելով ԱԺ դեկտեմբերյան արտահերթ ընտրություններից հետո անցած մեկ տարին: 

«Մանր-մունր գործեր կատարվեցին, այնպես չէ, որ ոչինչ չի կատարվել, տեղային նշանակության կարգավորումներ եղան, սակայն հիմնական խոստումը, թե եթե ՀՀԿ-կանները չլինեն Ազգային ժողովում, ապա ներդրումների հոսք է լինելու Հայաստան, տեսանք, որ այդպես չէ։ Անկախ դատաիրավական համակարգ ստեղծելու ուղղությամբ ոչ մի աշխատանք չկատարվեց, հակառակը՝ երբ ՀՀ երկրորդ նախագահի հետ կապված դատարանը համարձակվեց իշխանությունների համար ոչ ցանկալի որոշումներ ընդունել, մասնավորապես, փոխել խափանման միջոցը, վարչապետի կոչով դատարանները ենթարկվեցին շրջափակման, կատաղի գրոհ՝ դատական համակարգը տոտալ վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ, ինչը տված խոստումների հակառակն էր։ Այն դատավորը, որը համապատասխան որոշում էր կայացրել, ենթարկվեց տոտալ ստուգման, Սահմանադրական դատարանում ինչ-որ ճգնաժամ հորինվեց եւ փորձ արվեց փոխել ՍԴ կազմը, դնել վարչապետին հաճելի մարդկանց, սակայն դա նույնպես իրականություն չդարձավ»,-նշեց քաղտեխնոլոգը։

«Երբ վարչապետն ընդդիմություն էր, խոսք էր տալիս վերացնել սուպերվարչապետական համակարգը, ստեղծել ինստիտուտների հաասարակշռման մեխանիզմ, որոնք եւս չկատարվեցին։ Տնտեսական հեղափոխություն էին խոստանում, բայց տնտեսական ոչ մի քաղաքականություն չկա, իհարկե, ներկրման մենաշնորհները վերացել են, դրանով հանդերձ չեն կարողացել երկրի ներսում մենաշնորհների վերացմանը հասնել, որովհետեւ այդ ուղղությամբ որեւէ քաղաքականություն չկա։ Ընտրական օրենսգիրքը պետք է փոխվեր, բայց չփոխվեց, անգամ դրա մասին քննարկումներ չեղան։ Այնպես որ, երբ դիտարկում ենք, նշյալ ժամանակահատվածում կոսմետիկ փոփոխություններ են իրականացվել։ Խոսք տվեց Արցախը վերադարձնել բանակցային սեղան, բայց չկատարվեց։ Խոսք տվեց սիրո, թավշյա հեղափոխության արժեքային համակարգ ստեղծել, սակայն երկրում ատելության մթնոլորտ է տիրում։

Արտաքին քաղաքականության առումով խոսվում էր հավասարակշիռ քաղաքականության մասին, սակայն տեսնում ենք, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը վերածվել է պրոպուտինյան, պուտինամետ քաղաքականության»։

Քաղտեխնոլոգը նկատեց՝ Աժ-ի դերը չի մեծացել․

«Խոստում էր տրվում, թե Աժ-ի դերն է մեծանալու, սակայն Աժ-ն որպես մարմին իրենից փաստացի ոչինչ չի ներկայացնում, կարեւոր հարցեր քննվում են վարչապետի մոտ, իսկ Աժ մեծամասնությունը նույն դակիչ դերն ունի, ինչ նախկինում»։

Հիշեցնենք՝ ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվեցին 2018թ. դեկտեմբերի 9-ին։