կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-13 13:09
Քաղաքական

Լրացավ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին. ամփոփում են նրա արածն ու չարածը

Լրացավ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին. ամփոփում են նրա արածն ու չարածը

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանն ու «ՓՄՁ հայկական ասոցիացիա»  ՀԿ-ի նախագահ Հակոբ Ավագյանը:

 

Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ գովելի է կառավարության ու վարչապետի՝ կոմպրոմիսի գնալու գործելաոճը: Որպես օրինակ՝ նա նշեց «Շրջանառության հարկի մասին» օրենքը, երբ կառավարությունը, հաշվի առնելով հանրության բողոքը, փոփոխությունների ու զիջումների գնաց: Որպես դրական ձեռքբերում` նա նշեց արդյունաբերության նկատմամբ դրական մոտեցումները, երբ 22 սուբյեկտների սուբսիդավորված վարկեր տրվեցին: Նաև դրական են սահմանամերձ համայնքներին տրվող արտոնությունները, հարկերի նվազեցումը, եւ արդեն որոշ գործարարներ Տավուշի շրջանում տնտեսական գործունեություն սկսելու ցանկություն են հայտնել:

 

Վազգեն Սաֆարյանը տրամաբանական է համարում 3,9 տոկոս տնտեսական աճը՝ հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատճամիջոցներն ու ճգնաժամը և աշխարհաքաղաքական մարտահրավերները: Ոչ դրական միտումներից նա առանձնացրեց շինարարության, արդյունաբերության ծավալների նվազումը, ինչպես նաև «Նաիրիտ»-ի խնդիրը: «Կառավարությունը, ցավոք, չկարողացավ «Նաիրիտ»-ի խնդիրներին լուծում տալ ու գտնել լուրջ ներդրող»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:

 

Նա Հայաստանի համար դարակազմիկ իրադարձություն համարեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը` շեշտելով, որ այդտեղ երկու կարծիք չի կարող լինել, քանի որ դրանով ապահովվեցին ազգային խնդիրները՝ ձեռք բերվեց 70 միլիոնանոց շուկա և աշխատուժի ազատ տեղաշարժման հնարավորություն:

 

Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ կարևոր էր Հայաստանի ղեկավարության այցը Չինաստան, երբ չինացիներին առաջարկ արվեց` համատեղ ձեռնարկություններ ստեղծել առանց մաքսային դժվարությունների և այդ արտադրանքը դուրս հանել ԵՏՄ շուկաներ:

 

Ինչ վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգում այս կառավարության որդեգրած մոտեցումներին, Վազգեն Սաֆարյանը նշեց, որ այդ մոտեցումները գալիս են նախորդ կառավարության մոտեցումներից:

 

Այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում վարչապետի գործունեությունը, նաը պատասխանեց. «Գնահատական պետք է ժողովուրդը տա` ինչպե՞ս է ապրում, ինչքա՞ն թոշակ է ստանում»:

 

Հակոբ Ավագյանը զերծ մնաց վարչապետի գործունեությանը գնահատական տալուց` ասելով, որ ինքը քաղաքական գործիչ չէ: Նա ձեռքբերում համարեց պարտադիր փաստաթղթավորումը, հարկազատման մոդելների կիրառումը սկսնակ բիզնես վարողների ու ՏՏ ոլորտի համար:

 

Եվ չլուծված համարեց մաքսային սահմանի հարցը: «Հնացած մեթոդ է «բողոք, հետո նոր հարցի լուծում» գործելաոճը, պետք է հրաժարվել միտինգ-բողոք-հարցի լուծում մեթոդից»,- ասաց նա՝ հավելելով, որ երբ վարչապետն ինքն է գնում ոսկու շուկա` խնդիրներին ծանոթանալու, դա նշանակում է, որ ստորին օղակները՝ գերատեսչություններ, նախարարություններ, չեն աշխատում: