Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Շրջանի ցանկացած ոլորտի զարգացման առաջին գրավականը ենթակառուցվածքների զարգացումն է: Իմ պաշտոնավարման ամիսների ընթացքում հիմնական շեշտը դրել եմ հենց ենթակառուցվածքների զարգացման վրա», ամփոփելով անցնող 2018 թվականը` մեզ հետ զրույցում նշեց ԱՀ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը: Խոսելով պաշտոնավարման վեց ամիսների ընթացքում կատարված աշխատանքներից` մեր զրուցակիցը նախ առանձնացրեց ենթակառուցվածքների բարելավումները.
«Շրջանում կառուցվել է 110.000 վոլտանոց ենթակայան, ինչը թույլ է տալիս ունենալ կայուն, առանց տատանումների էլէկտրականություն: Ծայրամասային գյուղերում էլեկտրականության հզորությունը թուլանում էր, հիմա այդ պրոբլեմը լուծվել է: Վերանորոգվել են մոտ 90 կմ միջհամայնքային ճանապարհներ, այդ ճանապարհները վերանորոգելիս նաև բնակիչների հոգսը թեթևացնելու համար հնարավորության սահմաններում բացել ենք անտառային և դեպի արոտավայրեր տանող ճանապարհներ»: Ենթակառուցվածքային հաջորդ բարեփոխումը վերաբերում է Քարվաճառ քաղաքի ջրագծերին: Վերանորոգվել են քաղաքին ջրով ապահովող խողովակները: Քանի որ ջրամատակարումն անընդհատ սպասարկում է պահանջում, 2019 թվականի հունվարի 1-ից այս ոլորտի սպասարկումը նախատեսվում է հանձնել «Միջնաբերդշին» ՓԲԸ-ին: «Գարնանը կնորոգվեն նաև ճանապարհների խողովակները, որպեսզի ջուրը փողոցներ չլցվի, և կունենանք երկու ջրագիծ, որոնցից մեկը կնախատեսվի ոռոգման համար: Ինչպես աշխարհի բոլոր քաղաքացիները, մեր քաղաքացիները ևս պետք է վճարեն ջրի սպասարկման, աղբահանության համար և պահանջեն պատճաշ սպասարկում»:
Խոսելով կատարված այլ աշխատանքներից, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ անցնող տարում կոսմետիկ վերանորոգվել է Զուար համայնքի դպրոցը, վերանորոգվում է Դադիվանքի համայնքապետարանի տանիքը, վերանորոգվում է Ակնաբերդի մանկապարտեզի տանիքը, ֆինանսական միջոցների առկայության դեպքում կվերանորոգվի նաև մանկապարտեզի շենքն ամբողջությամբ:
Տեղադրվել է Նոր Կարաչինար համայնքի դպրոցի ջեռուցման համակարգը. դպրոցը վերանորոգվել էր բարերարների կողմից: Կարգավորվել է նաև Եղեգնուտի դպրոցի ջեռուցման համակարգը, որը սխալ տեղադրված լինելու պատճառով չէր աշխատում:
Փոխվել են Նոր Բրաջուր համայքնի դպրոցի հոսանքագծերը, Նոր Գետաշեն համայքնում կառուցվել է հետիոտնային կամուրջ: Օրերս ավարտվել է Շահումյանի շրջանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի շենքի տանիքի վերանորոգումը, որն իրականացվում էր «Արարատ» հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, աշխատանքները կատարել են «Միջնաբերդշին» ՓԲԸ-ի շինարարները: 2019 թվականին նախատեսվում է փուլ առ փուլ շարունակել կենտրոնի շենքի վերանորոգումը:
«Ակնաբերդ համայքնում փոխվում են վերանորոգման կարիք ունեցող բոլոր տների տանիքները: Ծրագրում ենք գյուղ առ գյուղ ավարտել տանիքների վերանորոգումը», տեղեկացրեց Գագիկ Մարտիրոսյանը: Շրջանում սկսվել է նաև համայնքների քարտեզագրման և տների ճշգրիտ չափագրման գործընթացը: «Այս պահին քարտեզագրվել են Ակնաբերդ, Չարեքտար համայնքներն ամբողջությամբ: Ծրագիր կա համայնք առ համայնք քարտեզագրել ամբողջ շրջանը»:
Խոսելով 2019 թվականի ծրագրերից` շրջանի վարչակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ շրջանում մեքենատրակտորային կայան կառուցելու նախագիծ կա, քանի որ «Արցախուղի» ՓԲԸ-ից մեքենաներ են տրամադրվելու «Միջնաբերդշին» ՓԲԸ-ին: «Օրերս ՀՅԴ «Սիմոն Զավարյան» կոմիտեի նվիրատվության շնորհիվ ձեռք ենք բերել կեղտամաքրման մեքենա, և շրջանում միայն մի վերամբարձ կռունկ է պակասում, դա էլ հույս ունենք բարերարների շնորհիվ ձեռք բերել, և շրջանը տեխնիկապես ինքնաբավ կդառնա, կկարողանանք առաջացած խնդիրները տեղում մեր ուժերով լուծել»:
Շրջանի հինգ` Չարեքտար, Դադիվանք, Նոր Գետաշեն, Նոր Բրաջուր, Նոր Վերինշեն գյուղերում ջրագծերի կառուցման նախագծման աշխատանքներն ավարտվել են, շինարարությունը նախատեսվում է ավարտել 2019 թվակամին: Ընթացքի մեջ է նաև Զուար գյուղի ջրամատակարման ցանցի նախագծումը:
Եկող տարի շրջանում բնակարաններ կկառուցվեն բազմազավակ յոթ ընտանիքների համար:
«Նաև համայնքների մոտ 60 կմ ներքին ճանապարհների սալապատման, համայնքներն ավերակներից մաքրելու ծրագրեր կան», տեղեկացրեց մեր զրուցակիցն ու ընդգծեց, որ շատ բան կախված է ներդրումներից:
«Ներդրումները լինում են ոչ միայն ֆինանսների, այլև` աշխատանքի տեսքով: Ցանկանում եմ, որ գալիք տարում մեր բոլոր բնակիչներն իրենց անձնական ներդրմամբ` աշխատասիրությամբ, բարելավեն իրենց համայնքները:
Բոլորիս ընտանիքներին ցանկանում եմ սեր, խաղաղություն և բարգավաճում», ամփոփեց մեր զրուցակիցը:
«Ապառաժ»