Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտակա տարիներին Թուրքիայում կտեսնենք էլ ավելի միանձնյա ղեկավարում. այսօր լրագրողներին կարծիք հայտնեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով նախօրեին Թուրքիայում կայացած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:
Հիշեցնենք, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել է ընտրություններում ձայների 52,5%-ով: Խորհրդարանական ընտրություններում ևս հաղթել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որը, ըստ քվեաթերթիկների 98 տոկոսի մշակման արդյունքների, հավաքել է ձայների 42.4 տոկոսը:
Նշենք, որ ընտրությունների արդյունքում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հաղթահարել է խորհրդարան անցնելու 10-տոկոսանոց շեմը: Թուրքագետի կարծիքով` քրդամետ կուսակցության՝ խորհրդարան անցնելը վկայում է այն մասին, որ քրդական հարցը պահպանում է իր սրությունը Թուրքիայում, և առաջիկա տարիներին ավելի լուրջ սրացումներ կլինեն:
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով` Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ կշարունակվի արտահայտվել պանթյուրքիստական ուղղվածությունը: Ըստ նրա` Էրդողանը որոշակի փոփոխությունների է գնում` հօգուտ պանթյուրքիստների:
Թուրքագետի գնահատմամբ` այս ընտրություններից հետո Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում առաջընթաց չի լինի: «Ներկայումս Թուրքիան իր արտաքին քաղաքականությունը կենտրոնացրել է հիմնականում Մերձավոր Արևելքում և Սիրիայում, այստեղ է Թուրքիան խնդիրներ լուծում: Կարծում եմ` Հարավային Կովկասում Թուրքիան տեսանելի ապագայում ակտիվություն դժվար թե ցուցաբերի»,- ասաց նա:
Խոսելով Թուրքիայի խորհրդարան անցած հայ պատգամավոր Կարո Փայլանի տարած հաղթանակի մասին, Սաֆրաստյանը նշեց, որ Փայլանի տպավորիչ հաղթանակը վկայում է նրա ունեցած մեծ հեղինակության մասին: Նա հիշեցրեց, որ նախորդ ընտրություններում Փայլանը հաղթանակ էր տարել Ստամբուլի ընտրական տեղամասերից մեկում, սակայն այս ընտրություններում կուսակցությունն ապահովագրեց Փայլանին` նրա դեմ կատարվող ճնշումների ֆոնին նրա թեկնածությունն առաջադրելով Դիարբեքիրում, որտեղ քրդերն ավելի շատ են:
«Ես համոզված եմ, որ նա, լինելով Հրանտ Դինքի գործի շարունակողը, երբեք չի վախենա և կշարունակի իր հայամետ քաղաքականությունը»,- ասաց թուրքագետը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից Դիարբեքիրում առաջադրված Կարո Փայլանի կուսակցությունը հավաքել է 65 տոկոս ձայն։