կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-03 14:51
Առանց Կատեգորիա

Հուսամ, որ Ն. Փաշինյանի եւ Զ. Մնացականյանի խելքն այդքան հասնում է. Աշոտյանի գրառումը՝ Բրատիսլավայի հանդիպումից առաջ

Հուսամ, որ Ն. Փաշինյանի եւ Զ. Մնացականյանի խելքն այդքան հասնում է. Աշոտյանի գրառումը՝ Բրատիսլավայի հանդիպումից առաջ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու հատկանշական էր վաղը Բրատիսլավայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ: Այս մասին, Yerkir.am-ի հաղորդմամբ, Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Դեռ երեկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ալիեւը կրկին խաղարկեց Փաշինյանի «Արցախը Հայաստան է» արտահայտությունը եւ Լավրովից ստացավ ընդհանուր համաձայնություն իր բացասական գնահատականի առնչությամբ:

Այսօր Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսն էլ ավելի խոսուն էր: Ադրբեջանական կողմը կրկին իր ամպլուայի մեջ էր. “поэтапный подход”, “субстантивные переговоры”, “возвращение беженцев и переселенцев”, “урегулирование должно привести к процветанию” եւ Արցախի հարցին վերաբերող նեյրոլինգվիստիկ ծրագրավորման այլ հնարքներ եւ մանտրաներ:

Ուշագրավ են նաեւ արտգործնախարարների մեկնաբանությունները Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որով նա կոչ էր անում ՀԱՊԿ երկրներին դադարել զենք վաճառել Ադրբեջանին: Լավրովի կարծիքից պարզ դարձավ, որ այդ համագործակցությունը շարունակվելու է, իսկ Մամեդյարովն ակնարկեց նոր ռազմատեխնիկական գործարքների մասին:

Սակայն մամլո ասուլիսը մեխը կարծեք թե այլ էր՝ հավասարության նշան դնել Արցախի իշխանությունների եւ Արցախի «ադրբեջանական համայնքի» միջեւ, ինչին ի պատասխան ռուսական կողմը ընդհանրական բնութագիր տվեց, որ «համայնքների միջեւ շփումները պետք է վերականգնվեն, իսկ Ղարաբաղի ապագան որոշելու է ԼՂ ողջ բնակչությունը»:

Աչքիցս չվրիպեց նաեւ Մամեդյարովի ակնարկը հնարավոր խաղաղապահ կոնտինգենտի մասին...

Ասուլիսին ազդարավեց նաեւ, որ վաղը Բրատիսլավայի հանդիպումից հետո չի բացառվում հնգակողմ (Հայաստան, Ադրբեջան եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ) համատեղ հայտարարության ընդունում: Հիշեցնեմ, որ նախորդ տարվա նմանատիպ հայտարարությունը Միլանում հայկական դիվանագիտության համար բավականաին անհաջող էր, քանզի պարզ չէր, թե որն է Արցախի հարցի «արդար» կարգավորման հիմքերը: Տարակուսելի էր ոչ միայն հայկական կողմի ստորագրությունը, այլեւ հրճվանքը այդ փաստաթղթով:

Տեսանելի է, որ պաշտոնական Մոսկվան հակամարտության կարգավորման տվյալ փուլում ստանձնել է առաջին ջութակի դերը, պարբերաբար շեշտելով, որ այդ դերակատարության համար ունի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակ, եւ առանձին եռակողմ կապեր Հայաստանի ու Ադրբեջանի հետ:

Վերջին շրջանում մերձբանակցային բառապաշարում տեղ են գտնում ձեւակերպումներ, մտքեր եւ մոտեցումներ, որոնք, մեղմ ասած, տարակուսանք, իսկ եթե ավելի անկեղծ՝ անհանգստություն են առաջացնում գործընթացի ներկա փուլում հայկական դիրքերի եւ դիրքորոշումների շահեկանության հարցում:

Ամփոփելով, շեշտեմ, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո Արցախյան բանակցություններում շատ են սկսել խոսել փախստականների վերադարձի, շրջանների հետհանձման, միջմարդկային շփումների եւ փոխայցելությունների կարեւորության մասին:

Ուզում եմ կրկին ու հստակ ընդգծել. առանց Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման իրավական ամուր երաշխավորված հիմքերի որեւէ շրջանակային համաձայնություն կործանարար կլինի Հայաստանի եւ Արցախի համար, եւ ձեռք բերվել չի կարող: Հուսամ, որ Նիկոլ Փաշինյանի եւ Զոհրապ Մնացականյանի խելքն այդքան հասնում է: