կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-29 19:35
Հասարակություն

ՀՀ մշտական բնակչության 52.7%-ը կանայք են. Վիճակագրական կոմիտե

ՀՀ մշտական բնակչության 52.7%-ը կանայք են. Վիճակագրական կոմիտե

2019թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 մլն 965.3 հազ. մարդ՝ 2018թ. տարեսկզբի համեմատ նվազելով 7.4 հազարով։ Այս ցուցանիշը ձևավորվել է հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված բնակչության բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի տարբերությամբ:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի համաձայն, ՀՀ մշտական բնակչության կազմում 2019թ. տարեսկզբի դրությամբ քաղաքային և գյուղական բնակչության մասնաբաժինները կազմել են, համապատասխանաբար՝ 63.9% և 36.1%:

2019թ.-ի տարեսկզբի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության 47.3%-ը կազմել է արական, իսկ 52.7%-ը` իգական սեռի բնակչությունը: Բնակչության միջին տարիքը կազմել է 36.7 տարի, իսկ արական ու իգական սեռերինը, համապատասխանաբար՝ 34.6 և 38.5 տարի, և ձևավորվել է 3.9 տարվա տարբերություն:

Բնակչության բնական շարժը

1990-ականներից Հայաստանում արձանագրված անկայուն տնտեսական, սոցիալական և քաղաքական իրավիճակն իր ազդեցությունն է թողել նաև բնակչության վերարտադրողական վարքագծի վրա: Այսպես, ըստ վիճակագրության, ծնելիության ընդհանուր գործակիցը 2018թ-ին, 1000 բնակչի հաշվով, կազմել է 12.3 պրոմիլ, 2017թ. 12.6 պրոմիլի համեմատ:

Պտղաբերության (ծնելիության գումարային) գործակիցը` ծնունակ տարիքի (15-49 տարեկան) մեկ կնոջ հաշվով 2018թ. կազմել է 1.572 միավոր, 2017թ.՝ 1.576 միավորի համեմատ, ինչը զգալիորեն ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ` 2.150 ցուցանիշից: Բնակչության վերարտադրության Բրուտտո գործակիցը 2018թ. կազմել է 0.745, իսկ բնակչության վերարտադրության Նետտո գործակիցը կազմել է` 0.716 միավոր:

2018թ. մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ կազմել է 27.3 տարի, առաջին երեխայի ծննդյան ժամանակ` 25.1 տարի, 2017թ. համապատասխանաբար` 27.0 և 24.8 տարվա համեմատ: Ըստ ծննդի հաջորդականության` երրորդ և բարձր կարգի ծնունդները 2018թ. կազմել են հանրապետության կենդանի ծնվածների ընդհանուր թվաքանակի 22.6 % և նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 0.3 %-ային կետով։

Վիճակագրության համաձայն, 2018թ-ին գրանցված կենդանի ծնվածների շուրջ 32.5%-ն արձանագրվել են չգրանցված ամուսնություններից (այդ թվում` արտաամուսնական), 2008թ.-ի՝ 35.8%-ի համեմատ:

Ըստ հրապարակման, 2018թ-ին` նախորդ տարվա համեմատ, արձանագրվել է մահվան դեպքերի նվազում` 5.2%-ով, իսկ մահացության ընդհանուր գործակցը նվազել է՝ 0.4 պրոմիլային կետով և կազմել 8.7 պրոմիլ: Ընդ որում, մահացության գործակիցը, համեմատաբար, ավելի բարձր է քաղաքային բնակչության շրջանում՝ 8.8, քան գյուղականում՝ 8.5 պրոմիլ:

2018թ.-ին արձանագրված մահացության կառուցվածքում` 50.6%-ը կազմել են արական, իսկ 49.4%-ը` իգական մահվան դեպքերը, 2008թ.-ին արձանագրված, համապատասխանաբար՝ 52.2% և 47.8%-ի համեմատ:

Արական և իգական սեռերի մահացության տարբեր մակարդակներով պայմանավորված, տարբերվում են նաև տղամարդկանց և կանանց կյանքի սպասվող միջին տևողության ցուցանիշները: 2018թ.-ին կյանքի սպասվող միջին տևողությունը տղամարդկանց համար կազմել է 72.4 տարի, իսկ կանանց համար` 79.0 տարի: Քաղաքային բնակչության կազմում այդ ցուցանիշը տղամարդկանց համար կազմել է 72.5, կանանց համար` 79.2 տարի, իսկ գյուղական բնակչության համար, համապատասխանաբար` 72.0 և 78.6 տարի:

Մահացության կառուցվածքում գերակշռում են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից և չարորակ նորագոյացություններից արձանագրված դեպքերը, որոնք կազմում են մահացության ընդհանուր դեպքերի ավելի քան երկու երրորդը:

Ծննդյան և մահվան ցուցանիշների տարբերությունով ձևավորվում է բնակչության բնական հավելաճը, որը 2018թ. կազմել է 10.8 հազ.մարդ՝ 2017թ. 10.6 հազ. մարդու համեմատ (2008թ.՝ 13.8 հազ., 1998թ.-ի` 16.2 հազ.): 2018թ.-ին ՀՀ բնակչության բնական հավելաճի ընդհանուր գործակիցը կազմել է 3.6 պրոմիլ (1000 բնակչի հաշվով), նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել է 0.1 պրոմիլային կետով: