կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-31 13:09
Հասարակություն

ՀՀ-ում մշտական բնակչության թիվը, հուլիսի 1-ի դրությամբ, 4300-ով նվազել է

ՀՀ-ում մշտական բնակչության թիվը, հուլիսի 1-ի դրությամբ, 4300-ով նվազել է

Հուլիսի 1-ի դրությամբ` Հայաստանում մշտական բնակչության թիվը կազմել է 3 005 550, նախորդ տարվա` 3 009 800-ի փոխարեն. բնակչության թիվը, նախորդ տարվա նույն ժամանկահատվածի համեմատ, նվազել է 4300-ով: Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ տարվա առաջին կիսամյակում նվազել է նաև ծնելիության մակարդակը` 2,8 տոկոսով: «Այս տարի մինչև հուլիսի 1-ն ունենք 18 719 նորածին` նախորդ տարվա 19 249-ի համեմատ: Ամենաշատը ծնունդներ գրանցվել են Երևանում, որին հաջորդում են Կոտայքի և Արագածոտնի մարզերը: Ծնելիության ցուցանիշն առավել անկում է ապրել Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում»,- ասաց Կույումջյանը:

Ի դեպ, աղջիկների դեպքում գերակշռում են Նարե, Մարի, Մարիա, Անահիտ և Մանե անունները, իսկ տղաների դեպքում` Դավիթ, Նարեկ, Տիգրան, Հայկ և Ալեքս անունները:

Կույումջյանը տեղեկացրեց նաև, որ մահերի թիվը 1 տոկոսով նվազել է. ամենից առավել մահեր գրանցվել են Լոռու մարզում, իսկ ամենաքիչը` Գեղարքունիքում: «Ավելացել են դժբախտ պատահարներից և նորագոյացություններից մահացությունները: Հիվանդություններից մահացությունների առաջին տեղում արյան շրջանառության հետ կապված խնդիրներն են /40 տոկոս/, որին հաջորդում են նորագոյացությունները` /20,1 տոկոս/»,- հայտնեց նա: