կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-27 20:48
Հասարակություն

Մեռիր կամ խոստովանիր․ Ադրբեջանի բանակում հայ լրտես են փնտրել խոշտանգումների միջոցով

Մեռիր կամ խոստովանիր․ Ադրբեջանի բանակում հայ լրտես են փնտրել խոշտանգումների միջոցով

Խոշտանգումների 9 զոհ, տասնյակ տուժածներ, դավաճանության 25 մեղադրանք․ սա է Ադրբեջանի բանակում Հայաստանի օգտին լրտեսության՝ 2017 թվականի գործի հետևանքը․ ըստ Yerkir.am-ի՝ BBC-ի թղթակիցը այս փաստերը հավաքել է՝ զրուցելով «Թերթերյան գործի» զոհերի հարազատների հետ։

2017 թ-ի մայիսին և հունիսին տեղի ունեցած զանգվածային խոշտանգումների դեպքի մասին հանրությունը սկսեց տեղեկանալ միայն 2019-ին, երբ, աստիճանաբար, սկսեցին բացվել գործի մանրամասները։

Իրավապահների տվյալներով, 100-ից ավելի զինվոր և սպա խոշտանգումների է ենթարկվել, 25-ը երկարաժամկետ ազատազրկման է դատապարտվել, իսկ առնվազն 9 զինծառայող մահացել է տանջանքներից։

Ադրբեջանում այսօր գործն անվանում են «Թերթերյան գործ»՝ այն բնակավայրի անունով, ուր տեղափոխել են զինծառայողներին՝ խոստովանության համար։

«Եթե խոստովաներ՝ ողջ կմնար»

Զոհվածներից մեկը Ռուսլան Օջագվերդիևն է։

Կինը՝ Ռավանան հիշում է․ 2017թ-ի հունիսի 15-ի առավոտյան նա մեկնեց զորամաս և այլևս չպատասխանեց զանգերին։

«Ես անհանգստացա, մինչև ուշ գիշեր զանգեցի, հետո հարևաններիս պատմեցի անհանգստությանս պատճառը»,-հիշում է նա։

Ավելի ուշ զինծառայողները նրան ասացին, որ ամուսնուն տարել են․ ո՞ւր և ինչո՞ւ՝ չասացին։

«Հետո զորամասում մեզ ասացին, որ նա վիրավոր է, այլ մանրամասներ այլևս չհետևեցին, ասացին, որ սպասենք մինչև վաղը։

Ամբողջ գիշերը չքնեցինք, առավոտյան հարազաներիցս մեկը զանգեց և ասաց, որ զորամասից իրեն հաղորդել են, որ ամուսինս մահացած է»,-հիշում է Ռավանան։

Մահվան պատճառը նշեցին մարզումների ժամանակ սրտի կանգը։

«Այդ ժամանակ ես մի կողմ նետեցի հեռախոսը, դուրս վազեցի, տեսնեմ՝բոլոր հարևաններս արդեն հավաքվել են։ Եվ այդ ժամանակ ես հասկացա, որ նրանք ամեն ինչ գիտեն, բայց ինձ ասել չեն համարձակվում»,-ասում է նա։ Այդ առավոտ հարևանները օգնել են նրան ստանալ ամուսնու դին և հուղարկավորել։

Այդ օրը Ռավանային վրդովեցրել է, որ զինծառայողները թույլ չեն տվել մարմինը լվանալ՝ մահմեդական ավանդույթի համաձայն, այլ արդեն սավանով փաթաթած և դրոշով ծածկված բերել են։

5 օրից մարմինը ապահուղարկավորել են և Բաքու ուղարկել՝ փորձաքննության։ Պարզվել է՝ ամուսինը «կրծքի տրավմայից» է մահացել։

Ավելի ուշ՝ դատարանում արդեն Ռավանան իմացել է ամուսնու մահվան մանրամասները․ նա հայտնվել է տասնյակ տուժածների թվում։ Զինվորականների պատմածներից իմացել է, որ ամուսնուն տանջել են։

«Նրա բերանը շապիկ են խցկել, խեղդել են, պահանջել խոստովանել, որ դավաճան է։ Ասել են՝ ընտրություն ունես՝ մեռնել կամ խոստովանել»,-հիշում է նա։

Դատարանում Ռավանան իմացել է, որ իր ամուսինը կեղծ մատնության զոհ է, որ նրան մատնանշել է այլ զինվորական։ ․․․

Խոշտանգումը՝ սովորական պրակտիկա է

Ադրբեջանում իրավապահները քաղբանտարկյալների ցուցակներ են կազմում 1990-ականներից․ այն պահից, երբ երկրի նախագահ դարձավ Հեյդար Ալիևը՝ ներկա նախագահի հայրը։

Ասում են՝ «Թերթերյան գործով» ազատազրկվածները նույնպես, ամենայն հավանականությամբ, այդ ցուցակում կհայտնվեն այս տարեվերջին։

Տեղական իրավապաշտպանները բազմիցս ասել են, որ խոշտանգումները սովորական պրակտիկա են Ադրբեջանում։

ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջան են այցելել 6 անգամ՝ 2004 թ-ից։

Անցյալ տարի կոմիտեն եզրահանգել է, որ «խոշտանգումները և կոպիտ վերաբերմունքի այլ դրսևորումները ոստիկանության, իրավապահ այլ մարմինների և բանակի կողմից․․․ Ադրբեջանում պարբերական բնույթ ունեն, լայնորեն տարածված են և արմատախիլ չեն արվում»։

Հոդվածն ամբողջությամբ՝ այս հղումով։