կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-08 12:35
Քաղաքական

Պետք չէ բառախաղի միջոցով սենսացիաներ փնտրել, սևազգեստ խմբերի շրջանակը կբացվի, երբ կարվեն ինչ-ինչ արարքներ. Վանեցյան

Պետք չէ բառախաղի միջոցով  սենսացիաներ փնտրել, սևազգեստ խմբերի շրջանակը կբացվի, երբ կարվեն ինչ-ինչ արարքներ. Վանեցյան

ԱԱԾ տնօրեն Արթուր վանեցյանը չի կարծում, որ վարչապետը սկանդալային հայտարարություն արեց: «Այդ միտքը չեմ  կիսում»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա՝ անդրադառնալով կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կան օպերատիվ տեղեկություններ, որ որոշակի շրջանակներ որոշել են սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել:

Փաշինյանը հանձնարարել էր ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին՝ տեղորոշել այդ սևազգեստ խմբերին՝ նշելով, թե «սև շորերի հարցը պիտի լուծել, ծաղկավոր բաբչկա կապել և  ճանպարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի»:

«Եթե ուշադիր լսեիք վարչապետի հայտարարությունը, նա որևէ ցուցում չի տվել հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց նկատմամբ որևէ ներազդեցություն ունենալու: Հստակ ցուցումը տրվել է, և ոստիկանությունն այս երկու օրը, ինչպես նաև ԱԱԾ-ն` իր մասով, կատարում են համապատասխան աշխատանքներ: Այլ մեկնաբանություն այս ամենին ես տալ ուղղակի չեմ կարող»,- ասաց Վանեցյանը:

Հարցին՝ արդեն հայտնի՞ է այդ սևազգեստ խմբերի շրջանակը, ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Շրջանակը մեզ մշտապես պարզ է, թե մարդիկ կան, որոնք քարոզում են ատելություն, ուժի կիրառում և այլն: Եթե կլինեն հստակ դեպքեր, երբ նախատեսված կլինի քրեական օրենսգրքով պատիժ, այդ անձանց նկատմամբ կիրականացվեն բոլոր` մեզ տրված լիազորությունները, որպեսզի նման անձինք մեկուսացվեն հասարակությունից»:

Հակադարձմանը՝  հիմա որքան սևազգեստ մարդ տեսնեք, պետք է վնասազերծե՞ք, Վանեցյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ դա տեղին հումոր էր, կամ չգիտեմ` ինչ էր: Փորձում են կոնտեքստից դուրս բաներ ասել, սևազգեստ մարդիկ և այլն: Պետք չէ բառախաղի միջոցով որևէ սենսացիաներ փնտրել: Շրջանակը կբացվի, երբ կլինեն մարդիկ, որոնք կանեն ինչ-ինչ արարքներ և բերման կենթարկվեն, եթե կլինի հանցակազմ, կհարուցվի քրգործ եւ այլն, դրա մասին անմիջապես բոլորը կտեղեկանան»:

Լրագրողները հիշեցրին, որ վերջին շրջանում «Ադեկվադ»-ի անդամներն են աչքի ընկնում սև հագուստներով և  հակաիշխանական ակցիաներով, արդյո՞ք նրանց մասին է խոսքը, ԱԱԾ տնօրենն արձագանքեց, թե տեղյակ չէ՝ ում մասին է խոսքը: «Կլինեն հստակ դեպքեր, կլինեն հստակ գործողություններ իրավապահներին կողմից»,- ընդգծեց նա: