կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-26 11:46
Քաղաքական

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետն այսօր դարձյալ դասադուլ է անում

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետն այսօր դարձյալ դասադուլ է անում

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետն այսօր դարձյալ դասադուլ է անում. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ բանասիրության երկրորդ կուրսի ուսանող Ամալյա Հարությունյանը:

Դեռևս նոյեմբերի 21-ին դասադուլ հայտարարած ուսանողները նամակ էին հանձնել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին և գիտխորհրդին՝  իրենց մտահոգությունը հայտնելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագծի որոշ դրույթների վերաբերյալ, մասնավորապես՝ հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու, ինչպես նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի  դրսևորած ոչ պատշաճ վերաբերմունքի շուրջ ԵՊՀ հայ բանասիրության և պատմության պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ:

Ուսանողները նամակում շեշտել էին, որ նախարարը  դասախոսների հետ հանդիպման ժամանակ իր վերաբերմունքով տապալել է առողջ և բովանդակային երկխոսության հույսը, և խնդրել էին, որպեսզի ԵՊՀ ղեկավարությունը գիտխորհրդի արտահերթ նիստ հրավիրի, արձագանքի ԵՊՀ-ում տեղի ունեցող իրավիճակին և հայտնի իր դիրքորոշումը:

«Հանդիպման քննարկման նյութը պետք է լիներ ոչ միայն հայոց լեզու, հայ գրականության, հայոց պատմություն առարկաների դասավանդման պարտադիր լինելը, այլև հայագետների և ընդհանրապես դասախոսական կազմի նկատմամբ նախարարի դրսևորած վերաբերմունքին գնահատական տալու հարցը»,- նշեց Ամալյա Հարությունյանը:

ԵՊՀ բանասիրության երկրորդ կուրսի ուսանողը փաստում  է, որ նամակին չեն արձագանքել, այնինչ՝ եռօրյա ժամկետում պետք է պատասխանեին, ինչի պատճառով էլ ուսանողները դարձյալ դասադուլ են անում:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն արդեն երկու շաբաթ է՝ տարաբնույթ ակցիաներ են անցկացնում՝ վերոնշյալ խնդիրների լուծման պահանջով: Իսկ օրեր առաջ նրանք, հաշվի առնելով պրոֆեսորադասախոսական կազմի հորդորները, անժամկետ դադարեցրել էին դասադուլը:

Նարա Մարտիրոսյան