Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը խստորեն դատապարտում է ԿԳՄՍ նախարարության՝ հայագիտության նկատմամբ շարունակվող քաղաքականությունը:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է.
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համառորեն շրջանառության մեջ է պահվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, և բիրտ անտարբերությամբ անտեսվում են մասնագիտական շրջանակների դիտողություններն ու առաջարկները հայագիտական առարկաների, ինչպես նաև «Հայոց լեզվի»՝ որպես բուհական ընդունելության քննության առարկայի վերաբերյալ՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսական կազմը պահանջում է՝
1․ Շրջանառությունից հանել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և այն հանրային քննարկման ներկայացնել միմիայն հրապարակված կարծիքների և առաջարկությունների հիմքի վրա հիմնավորապես մշակելուց հետո։
2․ 2021-2022 ուստարվա բուհերի ընդունելության կարգում վերականգնել հայոց լեզվի իրավունքները: Տրամաբանական որևէ հիմնավորում չունի ընդունելության քննություններում երրորդ քննության բացառումը: «Հայոց լեզու» առարկան կամընտրական դարձնելը հակահայկական կրթական ռազմավարության դրսևորում է: Այն պնդումը, թե դա արվել է՝ «որոշ ֆակուլտետների տեսակետները» հաշվի առնելով, միանգամայն անհիմն է, քանի որ ՀՀ-ում իրականացվող կրթական քաղաքականության պատասխանատուն Կառավարությունն է, այլ ոչ թե առանձին անհատներ կամ ֆակուլտետների գիտխորհուրդներ։ Ի վերջո, կոպտորեն խախտվել է լեզվի մասին գործող օրենքի (1993 թ․) 2-րդ հոդվածը, որը հստակ սահմանում է հետևյալը․«Հայաստանի Հանրապետության բոլոր ․․․․բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»: (Ի դեպ, օրենքի խախտումը կարող է առաջ բերել նաև իրավական կոշտ հետևանքներ)։
3․ Հրաժարվել հայագիտական առարկաների և առհասարակ հայագիտության նկատմամբ «հետապնդումներից»։ Ինչպես շրջանառության մեջ դրված չարաբաստիկ նախագծի բովանդակային մասում (որին ըստ անհրաժեշտության կանդրադառնանք հետագայում), այնպես էլ վարվող գիտակրթական ընդհանուր քաղաքականության մեջ առկա է անհասկանալիորեն տարտամ, բայց և ակնհայտորեն ուղղորդվող վերապահ վերաբերմունք հայագիտության նկատմամբ․ համառ փորձեր են արվում բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներից դուրս մղելու հայոց լեզուն և հայոց պատմությունը, էապես կրճատվել են բուհերում հայագիտությանը տրվող ասպիրանտական տեղերը (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետին այս տարի չի հատկացվել հեռակա ուսուցման ասպիրանտական որևէ անվճար տեղ), ՀՀ գիտպետկոմը առ այսօր չի հայտարարել հայագիտության գծով թեմատիկ աշխատանքների իրականացման մրցույթ ևն։
Ավելորդ չենք համարում շրջանառվող «օրենքի նախագծի» վերաբերյալ մեկ անգամ ևս ներկայացնել մեր պահանջները․
1․ Ռեկտորի ընտրություն։ Հրաժարվել լիազոր մարմնի կողմից մեկ կամ հինգ տարով բուհի ռեկտոր նշանակելու շատ տարօրինակ գաղափարից։ Ռեկտոր ընտրել օրենքով ընդունված կարգով։ Ռեկտորի թեկնածուի համար պարտադիր պայմաններ սահմանել դոկտորի գիտական աստիճան ունենալը, ինչպես նաև աշխատանքային հնգամյա գիտական ու կրթական փորձի առկայությունը նույն բուհում։ Կառավարման խորհրդի կազմի 12 անդամներից լիազոր մարմնին վերապահել 5 անդամ առաջադրելու իրավունք․ մյուս 7 անդամներին առաջադրելու իրավունքը վերապահել բուհի գիտական խորհրդին։
2․ Պահպանել գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը։ Այս համակարգը, որը գործում է ԵԱՏՄ անդամ երկրներում, ինչպես նաև եվրոպական մի շարք առաջադեմ երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Շվեդիա ևն), լավագույնս նպաստում է ՀՀ-ում գիտական մտքի զարգացմանը։
3. Վարչական ոլորտի բոլոր աշխատողների համար տարիքային շեմ սահմանել 70 տարեկանը։ Չպետք է անջրպետ ստեղծել սերունդների միջև։ Երիտասարդական ավյունը և ակտիվությունը զարգացումի և հաջողության անվիճելի պայմաններ են ու գրավական, երբ ներդաշնակորեն զուգակցվում են կուտակված գիտելիքների և տարիների հարուստ փորձի հետ։
4․ Ամբիոնի վարիչի աշխատանքը դիտարկել ոչ թե վարչական, այլ ակադեմիական աշխատանք։
5․ Բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում դասավանդվող «Հայոց լեզու և գրականություն» առարկան փոխարինել «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» առարկայի պարտադիր դասավանդումով (արդեն չորս տարի է` ԵՊՀ-ում այդ փորձը գործնականում կիրառվում է)՝ շեշտադրելով մասնագիտական լեզվի և խոսքարվեստի ուսուցումը։
6․ Ընդունելության քննություններ։ ա) Համապատասխան կառույցների հետ քննարկելուց հետո էապես փոխել «Հայոց լեզու» առարկայից ընդունելության քննությունների կարգը․ փոխել շտեմարանների կառուցվածքը և բովանդակությունը, հրաժարվել նյութի սերտողաբար յուրացման հնարավորություններից, գտնել առավել արդյունավետ ձևեր ու միջոցներ՝ դիմորդների ստեղծագործական կարողությունները ստուգելու համար ևն։ բ) Բնագիտամաթեմատիկական կամ ոչ մասնագիտական ֆակուլտետների համար ընդունելի համարել տարբերակված թեստերով քննություն անցկացնելը։ գ) Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների կիրառումը («Հայոց լեզու» առարկայից արտաքին գնահատման վկայագրի պարտադիր լինելը ևն) նախատեսել ընթացիկ ուսումնական տարում։