կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-15 13:03
Աշխարհ

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տեղի ունեցավ հերթական գործարքը, որով խոչընդոտվեց պատմական արդարության ճանաչման ընթացքը. թուրքագետ

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տեղի ունեցավ հերթական գործարքը, որով խոչընդոտվեց պատմական արդարության ճանաչման ընթացքը. թուրքագետ

Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը արգելք էր դրել Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա, թեև հոկտեմբերի 27-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև էր ընդունել:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ սպասելի էր, որ Հայոց ցեղասպանության թեմայի հետագա ընթացքն արդեն պետք է կախված լիներ անդրկուլիսյան բանակցություններից, որի գագաթնակետը եղավ Թրամփի և Էրդողանի հանդիպումը՝  սենատոր Լինդսի Գրեհեմի մասնակցությամբ, որը Էրդողանի հետ հանդիպումից հետո գնացել և Սենատում վետո էր դրել  բանաձևի վրա:

«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ձեռք են բերվել պայմանավորվածություններ և, հենվելով այդ պայմանավորվածությունների վրա ու հաշվի առնելով Թուրքիայի կարևորությունը ԱՄՆ ռազմավարական ծրագրերի համար Մերձավոր Արևելքում ու Սիրիայում, Սպիտակ տունը, Գրեհեմի միջոցով, որը համարվում է Թրամփի ամենամտերիմ սենատորներից մեկը, կանգնեցրեց հետագա ընթացքը: Այսինքն՝ հերթական գործարքը տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, որով էլ խոչընդոտվեց պատմական արդարության և բարոյականության վրա հիմնված այս բանաձևի հետագա ընթացքը»,- նշեց թուրքագետը:

Ըստ Սաֆրաստյանի՝ հանդիպման ընթացքում քննարկված ամենակարևոր հարցերից էր ամերիկա-թուրքական հարաբերությունների ամենաթեժ թեմաներից մեկը՝ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման և տեղակայման խնդիրը, որը կողմերը թողեցին իրենց ներկայացուցիչների քննարկմանը, և հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը համաձայնել է վաճառել «Պատրիոտ» ՀՕՊ համակարգերը:

Հիշեցնենք, որ ռուսական Ս-400-ները սկսել են Թուրքիա մատակարարվել այս տարվա հուլիսի 11-ից: Դրանից առաջ Թուրքիան բազմիցս ցանկություն էր հայտնել ԱՄՆ-ից գնել «Պատրիոտ» համակարգերը, սակայն մերժում էր ստանում, որից հետո Ռուսաստանի հետ ձեռք բերեց համաձայնություն Ս-400-ների գնման վերաբերյալ, որոնք, ի տարբերություն ամերիկյանի, իրենց մարտավարական-տեխնիկական բնութագրերով ավելի զարգացած են և, որ ամենակարևորն է, ավելի էժան: Թուրքիան դրանից հետո ենթարկվեց քննադատությունների ԱՄՆ-ի կողմից, և մի շարք պատժամիջոցների փաթեթներ ընդունվեցին Թուրքիայի դեմ: Պետք է նաև հավելել, որ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ չի մեղադրում Թուրքիային Ս-400-ների գնման համար, քանի որ իր նախորդի՝ Բարաք Օբամայի վարչակազմը ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային «Պատրիոտ»-ներ չի վաճառել, որն էլ, սեփական անվտանգության նկատառումներով, դիմել է Ռուսաստանին:

Անդրադառնալով քրդական հարցին, որը քննարկվել է հանդիպման ժամանակ, Սաֆրաստյանը նշեց, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում հեռանալ նավթով հարուստ շրջաններից, որոնք ամսական 30 մլն դոլարի օգուտ են տալիս: Այդ գումարը, ըստ ամերիկացիների, գնում է քրդերի օգնությանը:

«Թուրքերը և ամերիկացիները եկել են համաձայնության, որ պետք  է հնարավորինս քրդերին հեռացնել թուրք-սիրիական սահմանից, որը թուրքերի պահանջն է, և տեղափոխել նավթերով հարուստ շրջաններ: ԱՄՆ-ը դրան կողմ է, քանի որ դա հնարավորություն կտա, որ, երբ Սիրիայում իրական գործընթացը սկսվի, այստեղ քրդերի միջոցով ստեղծի ինքնավար միավորում, որը հնարավորություն կտա օգտագործելու նավթահանքերը»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը: