կարևոր
2836 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-03 15:17
Քաղաքական

Պատմական օրվա խորհուրդը․ տեղի ունեցավ «ՎԵՐԱԴԱՐՁ» խորագրով միջոցառումը՝ նվիրված ԱՀ անկախության 33-ամյակին

Պատմական օրվա խորհուրդը․ տեղի ունեցավ «ՎԵՐԱԴԱՐՁ» խորագրով միջոցառումը՝ նվիրված ԱՀ անկախության 33-ամյակին

Սեպտեմբերի 2-ին կայացավ ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի կազմակերպած «ՎԵՐԱԴԱՐՁ» խորագրով ձեռնարկը՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության 33-ամյակին: Միջոցառումը նպատակ ուներ ստեղծված ծանրագույն իրավիճակում արժևորել պատմական օրվա խորհուրդը, ներկայացնել մոտեցումներ և առաջարկներ՝ Արցախի հիմնախնդրի մարտահրավերների և քաղաքական լուծումների, համազգային հանձնառությունների և Արցախահայության անօտարելի իրավունքների իրացման վերաբերյալ։

Միջոցառմանը ներկա էին հոգևոր դասի ներկայացուցիչներ, Արցախի Հանրապետության նախագահը, ԱՀ պետական ինստիտուտների ներկայացուցիչներ, ՀՀ և ԱՀ քաղաքական, դիվանագիտական և ռազմական գործիչներ, «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանը, ինչպես նաև հանրային տարբեր շրջանակների ներկայացուցիչներ:

Միջոցառման բացումը կատարեց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ տերունական աղոթքով: Հնչեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսի ուղերձը:

Ելույթներով հանդես եկան Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Միջոցառմանը ցուցադրվեց սեպտեմբերի 19-ի դեպքերի մասին պատմող «Անավարտ մարտը» խորագրով փաստագրական ֆիլմը, ինչպես նաև հանդես եկան Արցախի պետական մի շարք մշակութային կոլեկտիվներ։

Միջոցառման տարբեր հատվածներում ցուցադրվեցին աշխարհի տարբեր անկյուններից ստացված՝ Հայ դատի, հայ ժողովրդի և Արցախի բարեկամ խորհրդարանականների և պետական ու քաղաքական գործիչների ուղերձները՝ դրանց հեղինակների ընթերցմամբ: Դա ևս մեկ անգամ ամրագրեց այն քաղաքական պնդումը, որ իր իրավունքների համար պայքարում հայ ժողովուրդն ու արցախահայությունը միայնակ չեն:


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ

03.09.2024 թ.