կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-24 11:56
Մշակույթ

Ցավոք, մենք չենք ապրում մի երկրում, որ Ցեղասպանության ճանաչման մասին խոսեինք որպես անցած երևույթի

Ցավոք, մենք չենք ապրում մի երկրում, որ Ցեղասպանության ճանաչման մասին խոսեինք որպես անցած երևույթի

Այսօր երեկոյան` ժամը 20:30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «24/04» նվագախմբի համերգը: 43 երկրի 123 երաժիշտներ համախմբվել են` Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ այսօրվա համերգը միայն համերգ չէ կամ ինչ-որ նախագիծ, որի մասին շատ են խոսում, սա երաժշտական և սոցիալական երևույթ է:

 

«Անկախ Հայաստանի մայրաքաղաքում 100 տարի անց դասական երաժշտության միջոցով մենք բարձրաձայնում ենք մեր ցավի մասին: Համերգին մասնակցող 43 երկրի երաժիշտները շատ լավ են պատկերացնում` ինչ են անում և ինչու են եկել այստեղ, ինչ խնդիր կա: Նրանք գիտեն, որ իրենք բոլորը դառնում են այն գաղափարի կրողը, որը պետք է իրենց ուղեկցի ամբողջ կյանքի ընթացքում: Շնորհակալ եմ նրանց, քանի որ նրանք հասկանում են, որ մեզ պետք են»,- ասաց Սմբատյանը` հավելելով, որ հիանալի է, երբ քո ցավը կիսում է մեկը, ով չունի նման խնդիր և այսօր գալիս-կանգնում է քո կողքին:

 

Ըստ նրա` արվեստը միակ ուժն է, որ չի ճանաչում ազգություն, հավատ, տարիք, խնդիր, տեսակ: «Կա մեկ ուժ, կա մեծ խնդիր և այն մեծ ցավը, որ մեր մեջ կա, նաև այն ասելիքը, որ մենք ունենք, փորձում ենք ճիշտ ներկայացնել: Ցավոք, մենք հիմա չենք ապրում մի երկրում, որ Ցեղասպանության ճանաչման մասին խոսեինք որպես անցած երևույթի: Ինչո՞ւ ենք հենց ապրիլի 24-ն առանձնացրել, որովհետև այդ օրը մտավորականների խնդիրը լուծվեց: Սա խոսում է այն մասին, որ հենց արվեստի միջոցով էլ պետք է այդ մասին խոսվի և ապացուցվի»,- ասաց Սմբատյանը:

 

Ի դեպ, համերգը բաղկացած է լինելու 4 մասից` երախտագիտություն, հիշողություն, միջազգային պայքար և վերածնունդ: