Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստորև ներկայացնում ենք «Ակօս»-ի հրապարակած լուրը Հասան Ջեմալի գրքի թարգմանության վերաբերյալ «Հրանտ Դինք» հիմնադրամի պարզաբանումների մասին:
«Դեկտեմբերի 11-ին Հասան Ջեմալը՝ Հայոց ցեղասպանությունը ծրագրած օսմանյան երեք գլխավոր պաշտոնյաներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռը, «Մոսկվա» կինոթատրոնում հյուրընկալվել էր «Սիվիլիթաս» հիմնադրամի «Սարն ի վեր» նախագծի հերթական միջոցառմանը, որին կից կայացել էր նաև նրա «1915․ Հայոց ցեղասպանությունը» գրքի հայերեն թարգմանության՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կազմակերպված շնորհանդեսը։
Միջոցառման ավարտից հետո գրքի հայերեն թարգմանության հեղինակ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը գրքի հրատարակիչներին մեղադրել էր «թարգմանության տեքստում կամայական փոփոխություններ անելու, մասնավորապես՝ թարգմանչի տողատակերը հանելու» մեջ։ «Հրանտ Դինք» հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է գրքի հայերեն թարգմանության վերաբերյալ արձագանքներին։
«Հասան Ջեմալը Թուրքիայում կանխակալ կարծիքները վերացնող և այս պատճառով էլ հալածանքների ենթարկվող լրագրող ու մտավորական է։ Որպես «Հրանտ Դինք» հիմնադրամ՝ պատիվ ենք համարում անվանի մտավորականի խոսքը լսելի դարձնել Հայաստանի ժողովրդին։
Դժբախտաբար հետևել ենք գրքի թարգմանիչ Ռուբեն Մելքոնյանի «թարգմանության մեջ փոփոխություններ կատարված» լինելու վերաբերյալ պնդումներին: Որպես «Հրանտ Դինք» հիմնադրամ՝ մեր հրատարակչությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ըստ այս չափանիշների՝ թե՛ թարգմանչի և թե՛ հրատարակչության պարտականությունն է հավատարիմ մնալ գրողի բնագրին: Թարգմանիչը երբեք իրավունք չունի կատարելու փոփոխություն գրողի բնագրում կամ ավելացնելու սուբյեկտիվ նշումներ: Ռուբեն Մելքոնյանի խնդրո առարկա «թարգմանության մեջ փոփոխություն» պնդումը հետևյալ հետգրություն է: «Թարգմանչական խումբը բացարձակապես չի կիսում հեղինակի այս մտքերը՝ դրանք համարելով իրականությանը հակասող (Ռ.Մ.)»: Որպես հրատարակիչ՝ կատարեցինք հեղինակի հանդեպ մեր պարտականությունը և այս հավելյալ նախադասությունը գրքից հանեցինք: Թարգմանության մեջ այս փոփոխությունը կատարել ենք գրողի բնագրին հավատարիմ մնալու նպատակով: Թարգմանչի կամ հրատարակչության՝ գրքի գրողի հետ համամիտ լինելը խնդրո առարկա չէ: Թարգմանչի գործը չէ գրողի հետ համամիտ լինելը: Որևէ թարգմանիչ իրավունք չունի միջամտելու հեղինակի գործին կամ ավելացնելու գաղափար: Բացառվում է, որ լուրջ հրատարակիչը հանդուրժի թարգմանչի ավելացրած սուբյեկտիվ դիտողությունները և դրանք հրատարակի գրքում։
Ռուբեն Մելքոնյանը, ծանոթանալով գրքի բնօրինակին, համաձայնեց թարգմանել այն իր կամքով, իհարկե՝ ոչ առանց գումարի: Կարող էր հրաժարվել թարգմանությունից, եթե համամիտ չէր այս գրքի՝ արևելահայերենով հրատարակվելու մեր նպատակի հետ: Իսկ եթե Ռուբեն Մելքոնյանն ուներ կարիք՝ անձնական մտահոգությունների պատճառով արտահայտելու Հասան Ջեմալի գրքում որոշ կետերի հետ ունեցած անհամաձայնությունը, կարող էր թարգմանելուց հետո այս մասին առանձին հոդված հրատարակել: Հարգարքի արժանի ակադեմիկոսին դա է վայել, այլ ոչ թե թարգմանությանը իր անձնական տեսակետը ավելցնելը: Որպես հրատարակիչ՝ կարծում ենք, որ ընթերցողի առջև ունեցած մեր պարտականությունը լրջությամբ ենք կատարել:
Հայերը, որպես գրաճանաչության հնագույն արմատների տեր ժողովուրդ, ունեն հեղինակի խոսքերի ճշգրիտ թարգմանությունը կարդալու իրավունք, ինչպես նաև գաղափարները վերլուծելու հասունություն… Եվ որևէ թարգմանչի նշումների կարիք չզգալու չափ խելացին են։
Հասան Ջեմալի Հայաստան այցը տեղի է ունեցել անցյալ շաբաթ՝ շնորհիվ «Սիվիլիթաս» և «Անադոլու Կուլտուր» հիմնադրամների: Միջոցառումը ամբողջովին նրանց վաստակն ու հաջողությունն է: Այս առիթով ցանկանում ենք շնորհավորել նրանց նախաձեռնությունը: Հասկանում ենք, որ կար հարցեր ուղղելու պահանջ, որի համար ժամանակը չբավարարեց: Հուսանք՝ առաջիկայում կլինեն նոր առիթներ ավելի երկար ելույթների համար: «Սարն ի վեր» անումը կրող ծրագիրն իրականացվել է «Աջակցություն Հայաստան – Թուրքիա կարգավորման գործընթաց»-ի շրջանակում և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Այս կոնսորցիումի կազմում գործում են ութ հասարակական կազմակերպություններ, որոնք թափանցիկ գործունեություն են իրականացնում։ Նրանց գործունեության վերաբերյալ հավելյալ տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ կայքում:
Հասան Ջեմալի գրքի շնորհանդեսից հետո ոմանք փորձում են սևացնել «Հրանտ Դինք» հիմնադրամի գործունեությունը։ Հիմնադրման օրվանից ի վեր «Հրանտ Դինք» հիմնադրամը գործում է Թուրքիայի ներսում ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների զարգացման, պատմության հետ առերեսման խնդիրներին լուծումներ տալու, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդների բարեկամության, ժողովուրդների միջև կապ հաստատելու և կամուրջ ստեղծելու նպատակով»,- ասված է հիմնադրամի հայտարարությունում: