Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեև հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում է, այդուհանդերձ, տեղական խախտումներ արձանագրվում են, ընդ որում՝ ռուս-թուրքական և թուրք-ամերիկյան պայմանավորվածությունների հետ կապված, այդ իսկ պատճառով ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսում չի կարելի բացառել. այսօր Yerkir.am-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով մեր հարցին, թե արդյո՞ք հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում Սիրիայում:
Արաբագետը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ցանկացած խնդիր՝ կապված նրանց պայմանավորվածությունների հետ, կարելի կլինի լուծել՝ հաշվի առնելով երկրների ղեկավարների միջև բանակցությունների բարձր մակարդակը, մինչդեռ՝ անկանխատեսելի զարգացումներ կարող են լինել քրդական գործոնով պայմանավորված:
Հոկտեմբերի 22-ին Սոչիում տեղի էր ունեցել հանդիպում Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, որի ժամանակ հուշագիր էր ընդունվել Սիրիայի հյուսիսում հրադադարի պահպանման համար համատեղ գործողությունների վերաբերյալ: Ըստ հուշագրի՝ քրդերը պետք է հեռանային թուրք-սիրիական սահմանից 30 կմ խորությամբ՝ 150 ժամվա ընթացքում, որից հետո պետք է տեղի ունենար ռուս-սիրիական դաշինք-Թուրքիա համատեղ պարեկությունը: Հուշագիրը թեպետ Թուրքիային զրկեց իր նպատակների իրագործումից (թուրք-սիրիական սահմանի ամբողջ երկայնքով՝ 30 կմ խորությամբ, անվտանգության գոտու ստեղծում), այնուհանդերձ, մի շարք հյուսիսային շրջաններ անցել են թուրքերի վերահսկողության տակ, իսկ Ասադին հնարավորություն է տրվել դուրս գալու թուրք-սիրիական սահման:
Սիրիական SANA լրատվական գործակալության համաձայն՝ սիրիական կառավարական բանակը շարժվել է Հասաքեի հյուսիս՝ թուրքական զինուժի հնարավոր հարձակումներին դիմակայելու: Ըստ գործակալության՝ սիրիական բանակը վերահսկում է 60 կմ երկարությամբ տարածք Էլ Աղայբեշից մինչև Սավամի Ալիա և դիրքավորվել է Թել Թամեր բնակավայրի շրջակայքում: Իսկ թուրքական զորքերը մտել են Ռաս ալ Այնի հարավային շրջաններ՝ ստեղծելով այնտեղ ամրություններ: Սիրիայի կառավարական և թուրքական զինուժի միջև փոխհրաձգության մասին հաղորդումներ չկան, թեև նման դեպք եղել է հոկտեմբերի 30-ին Ռաս ալ Այնի արևելքում:
Հոկտեմբերի 29-ին քրդերն արդեն հեռացել էին 30 կմ խորությամբ՝ ըստ ռուս-թուրքական պայմանավորվածության, իսկ նոյեմբերի 1-ին սկսվել էր ռուս-թուրքական առաջին պարեկությունը:
Արաբագետ Արմեն Պետրոսյանը, անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է քրդական զորամիավորումների միանան Բաշար ալ Ասադի ուժերին՝ թուրքական վտանգի դեմ պայքարելու համար, նշեց, որ հրադադարը հնարավոր եղավ մի կողմից թուրք-ամերիկյան, մյուս կողմից՝ ռուս-թուրքական բանակցությունների շնորհիվ, և ըստ նրա՝ թուրք-սիրիական սահմանը վերահսկելու է սիրիական բանակը, այսինքն՝ պայմանավորվածություն կա քրդերի և Ասադի միջև՝ զիջել դիրքերը կառավարական ուժերին:
«Քրդերի և Սիրիայի կառավարության միջև շատ ավելի գլոբալ բանակցությունների մասին տեղեկություններ չկան, սակայն կան պայմանավորվածություններ, որոնք ի հայտ կգան Սիրիայի Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքների ժամանակ: Ինչ վերաբերում է քրդերի ինքնավարությանը, ապա քրդերն արդեն իսկ զրկվել են դրանից հյուսիսում: Իսկ ավելի հարավ նրանց հետագա կարգավիճակի հարցը կքննարկվի վերոնշյալ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում: Այսինքն՝ կարող ենք ենթադրել արդեն, որ քրդերը կզրկվեն սիրիական պատերազմում ձեռք բերած բոլոր նվաճումներից»,- նշեց արաբագետը:
Մեր հարցին՝ ԱՄՆ-ի վերջին գործողությունները (օր., ըստ New York Times-ի, ԱՄՆ-ը 900 զինվոր է թողնելու Սիրիայում) Սիրիայում նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ-ն իրեն պարտված է զգում և չի ցանկանում ձեռնունայն հեռանալ Սիրիայից՝ հաշվի առնելով նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը Հայոց ցեղասպանության ճանաչման և Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման մասին, Արմեն Պետրոսյանը պատասխանեց, որ թեև դժվար է բոլոր գործողությունները կապել մեկը մյուսի հետ, այնուհանդերձ, այս ամենը ցույց է տալիս թուրք-ամերիկյան հարաբերությունների վիճակը: «Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը չունի հստակ դիրքորոշում այդ տարածքների վերաբերյալ, սակայն փորձելու է որոշակի դերակատարություն ունենալ Սիրիայի առանձին հատվածներում, հատկապես՝ հարավում (կապված իսրայելական գործոնի հետ) և նավթային գոտիներում»,- հավելեց նա: