Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանն առաջանցիկ կերպով թույլ չտվեց, որ այլ խաղացող ներգրավվի ղազախական գործընթացում.Yerkir.am-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանը` անդրադառնալով Ղազախստանում կատարվող գործընթացներին:
Ղազախական դեպքերն ինչպիսի՞ ազդեցություն կունենան թուրքական աշխարհի հետագա ճակատագրի վրա: Փորձագետի կարծիքով` դրանք որոշակիորեն դանդաղեցրին թուրքական բևեռի ձևավորման գործընթացը։
«Չենք կարող պնդել, թե թուրքական բևեռի ձևավորման նախագիծը ձախողվեց։ Որոշ ժամանակ անց կտեսնենք թուրքական քաղաքականության ակտիվացում, հատկապես՝ փափուկ ուժի կիրառմամբ սեփական ազդեցությունը տարածելու, ինչպես նաև թուրքական աշխարհին նախկին ներուժով ինտեգրելու գործընթացներ»,- ասաց նա։
Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձում է հասկացնել Ռուսաստանին, որ չի ընդունում Ղազախստանում կատարվածը, թեև Թուրքիան և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, որոնք կառուցում են բազմաբևեռ աշխարհ, մերժում են աշխարհի արևմտակենտրոն պատկերը՝ ճանաչելով միմյանց ազդեցության գոտիներն ու շահերը: Ռուսաստանի գործողությունները Ղազախստանում ցավոտ հարված էին Մեծ Թուրան կառուցող Թուրքիային: Հարցին՝ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, կարո՞ղ ենք ընդունել որպես Թուրքիայի պատասխան Ռուսաստանին, փորձագետն արձագանքեց, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները գործընկերային և մրցակցային են։
«Տարբեր տարածաշրջաններում, տարբեր հիմնախնդիրներում Ռուսաստանը և Թուրքիան մրցակիցներ են, խաղում են տարբեր դիրքերից, նրանց մրցակցության տիրույթում գտնվող որևէ հիմնախնդրի ակտիվացմանը, դերակատարներից որևէ մեկի դիրքերի բարելավմանը մյուսը փորձում է հակադարձել մեկ այլ հիմնախնդրի ուղղությամբ հստակ գործողություններով»,- ասաց փորձագետը։
Արմեն Պետրոսյանի խոսքով` սա պատմական իրողություն է։ «Ես չէի պնդի, թե Արցախում տեղի ունեցածը Թուրքիայի պատասխանն էր Ռուսաստանին, բայց, իհարկե, նշված իրողությունները հաշվի առնելով, կարող ենք նման գնահատական հնչեցնել։ Կարծում եմ, որ Թուրքիայի առաջարկած նախագծերն իրենց ներուժով և առաջադրված խնդիրներով ու նպատակներով առայժմ այնքան չէին հասունացել, կայացել, որ Թուրքիան ընդունակ լիներ այդպիսի միջամտություն ցուցաբերել»,- ասաց փորձագետը։
Ըստ նրա` Ռուսաստանը Ղազախստանում տեղի ունեցող գործընթացներին միջամտեց ոչ թե ուղիղ ձևով, ինչը կթիրախավորեր Մոսկվային, հատկապես՝ աշխարհաքաղաքական հակառակորդների կողմից, այլ իր իսկ նախաձեռնությամբ ձևավորված ՀԱՊԿ-ով, իսկ Թուրքիան առայժմ չունի նման կառույց, որը կկարողանար իրավական հիմնավորումներով, իրավական ընթացակարգով ապահովել Թուրքիայի ներխուժումը թուրքական աշխարհի անդամ որևէ երկիր։
«Չէր բացառվում, որ, եթե չլիներ Ռուսաստանի արագ արձագանքը, Ղազախստանում գործընթացները ծավալվեին քաղաքացիական պատերազմի տրամաբանությամբ: Նշեմ, որ Թուրքիան նման ձևաչափով վերջին շրջանում գործել է իր համար կարևորություն ներկայացնող գրեթե բոլոր հակամարտություններում. սիրիական հակամարտությունը վերածվեց քաղաքացիական պատերազմի թուրքական ռազմավարության արդյունքում»,- նշեց Պետրոսյանը։
Ըստ փորձագետի` Ռուսաստանին հաջողվեց Ղազախստանին դուրս բերել ինչպես թուրքական, այնպես էլ չինական ազդեցության տակից։ «Մեկ կարևոր իրողություն էլ կա, որ մենք պետք է հաշվի առնենք. ականատես ենք լինելու Ղազախստանի ներկայիս իշխանությունների կողմից ռուսական տիրապետությունից աստիճանաբար ազատվելու փորձերի, և չի բացառվում, որ այդ փորձերի արդյունքում դարձյալ նույն Ղազախստանը գնա դեպի թուրքական աշխարհը, քանի որ արդեն տեսնում ենք Թուրքիայի կողմից այս ուղղությամբ հավելյալ ակտիվացում, որը ղազախական կանխատեսվելիք քաղաքական ուղեգծի համար ստեղծելու է հնարավորություններ»,- նշեց Ա. Պետրոսյանը։
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա բանագնացների՝ մոտ օրերս սպասվող հանդիպմանը` փորձագետն ասաց, որ Թուրքիան փորձում է, Ադրբեջանի հետ համագործակցելով, օրակարգ բերել բոլոր խնդիրները, որոնք պետք է լուծվեին պատերազմից հետո, սակայն այդ խնդիրները տարբեր պատճառներով լուծված չեն։
«Ադրբեջանի և Թուրքիայի միջև տեղի է ունեցել հստակ դերաբաշխում, և այսօր առաջին ջութակի դերում Թուրքիան է` փորձելով դիվանագիտական, քաղաքագիտական հարթություններում լուծել մինչև այժմ չլուծված խնդիրները։ Վստահ եմ, որ թուրքական կողմը Հայաստանի հետ առաջին հանդիպման ժամանակ առաջ կբերի սահմանների բացման հնարավորությունը։ Իր կողմից Թուրքիան կկատարի այնպիսի քայլեր, որոնք զիջում էլ չեն, թուրքական կողմը կփորձի վաճառել այդ քայլերը Հայաստանի վրա»,- ասաց Պետրոսյանը։
Փորձագետի կարծիքով` հենց այստեղ է, որ պետք է դիվանագիտական ճկունություն ցուցաբերել և թույլ չտալ, որ այն բոլոր քայլերը, որոնք Թուրքիան պարտավոր է անել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, փորձի վաճառել Հայաստանի վրա և դրա դիմաց պահանջի ոչ հավասարազոր գործողություններ։
«Թուրքիան աստիճանաբար փորձում է գործընթացից դուրս թողնել բոլոր այն խաղացողներին, որոնք փորձում են դերակատարում ունենալ այս գործընթացում։ Խոսքը Ռուսաստանի մասին է, որտեղ, ըստ էության, առաջին հանդիպումն է տեղի ունենալու։ Սա բնական է, որովհետեւ Ռուսաստանը քաջ գիտակցում է, որ Թուրքիան, պատերազմից հետո լիարժեք չվերադառնալով տարածաշրջան, փափուկ ուժի միջոցով փորձում է մտնել Հարավային Կովկաս` օգտագործելով Հայաստանի հնարավորությունները։ Տրամաբանական է, որ Թուրքիան աստիճանաբար ձգտելու է Ռուսաստանին դուրս թողնել այս գործընթացից։ Հայաստանի համար շատ կարևոր է, որ այս գործընթացի վրա վերահսկողություն ունենա արևմտյան որևէ դերակատար, որը դաշնակցային հարաբերություններ կունենա Թուրքիայի հետ և ազդեցություն։ Այս համատեքստում ամենապատեհ դերակատարն ԱՄՆ-ն է»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։
Լենա Կարապետյան