կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-29 23:50
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրն՝ ամփոփ. 29.10.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այսօր հաստատեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն օրակարգ մտցնելու հարցը: Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 223, դեմ՝ 191-ը։ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևով՝ պետք է ոգեկոչվի Հայոց ցեղասպանությունը՝ այն պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու միջոցով:


Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործը։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորությունները առերեւույթ չարաշահելու վերաբերյալ՝ այն ժամանակահատվածում, երբ նա Արդարադատության նախարար էր: Ըստ այդ տվյալների՝ Թովմասյանն ուղղակիորեն մասնակցել է առերևույթ հանցագործության, մասնավորապես՝ աճուրդով օտարված Բաղրամյան պողոտայի մի տարածքի ձեռքբերմանը:
Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմը այս ամենը որակեց որպես հերթական ապօրինի ճնշում Սահմանադրական նախագահի նկատմամբ՝ պնդելով, որ Քննչականի հայտարարությունը հիմնազուրկ է և քաղաքականապես ուղղորդված: Ըստ պաշտպանների ՝ Հրայր Թովմասյանը  չի ունեցել որևէ լիազորություն տարածքի օտարման կամ սեփականաշնորհման գործընթացի նկատմամբ, ավելին, չունի և չի ունեցել ուղղակի կամ անուղղակի որևէ առնչություն այդ տարածքին:
ՍԴ-ն առանց Թովմասյանի տեսնելու իշխանական ջանքերը մտահոգել են նաև Վենետիկի հանձնաժողովին, որի պաշտոնական կայքում հրապարակվել է հանձնաժողովի նախագահի խիստ արձագանքը: Ջիանի Բուքիքիոն նշել է, որ ժողովրդավարական երկրում պետական բոլոր պետական կառույցները պետք է ընդունեն ու հարգեն մյուս գերատեսչություններին: «Եթե դա չի արվել, եթե չկա ժողովրդավարական մշակույթ և հասունություն, պետական ինստիտուտների գործառույթները խաթարված են, և վտանգվում է հասարակության ժողովրդավարական, քաղաքացիական և տնտեսական առաջընթացը»,- ասել է նա՝ կոչ անելով ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն` մտահոգիչ իրավիճակը լիցքաթափելու և վերահաստատելու Սահմանադրության բնականոն գործողությունը:

Անցանկալի ևս մեկ պաշտոնյա է հայտնվել իշխանությունների սև ցուցակւոմ, և առաջին քայլը դարձյալ ստանձնել է պատգամավոր Արման Բաբաջանյանը, նա, որի դիմումով ՀՔԾ-ն գործ է հարուցել ՍԴ նախագահի լիազորությունները յուրացնելու մեղադրանքով: Պատգամավորը երեկ դիմել էր վարչապետին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով: Ըստ Բաբաջանյանի՝ Հանրային խորհրդի նախագահը ընդգծված քաղաքական կողմնակալություն է ցուցաբերում: Վազգեն Մանուկյանը մամուլի միջոցով արձագանքել էր այս դիմումին՝ հայտարարելով, որ եթե մեկը պատերազմի ժամանակ ասեր, որ ինչ–որ մի դասալիք իրեն մեղադրանք է ներկայացնելու, ծիծաղը կգար: Օրենքը թույլ չի տալիս մեկ տարին չանցած Հանրային խորհրդի նախագահ փոխել, բայց Մանուկյանը ասել էր, որ կթողնի պաշտոնը, եթե Փաշինյանը իրեն բաց տեքստով դիմի՝ առանց բարդ կոմբիանցիաների: Այս վեճում իշխող թիմի համակրանքը բացահայտորեն անկախ պատգամավորի կողմն է:

Դաշնակցության հիմնադրման 129-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են: Հերթականը Վեդիում էր. անդրադարձ եղավ նաև քաղաքական զարգացումներին և վտանգավոր սցենարներին: ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը իշխանական քաղաքականությունը գնահատեց որպես մերժող և ոչինչ չառաջարկող, քանի որ գաղափարախոսության փոխարեն գործի է դրվել վրեժխնդրությունը:

Երևան է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Հայ պաշտոնակցի հետ առանձնազրույցից հետո կնքվել է երկու նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագիրը, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ներառում է  լայն օրակարգ: Այնուհետեւ նախարարները մասնակցել են նոր ռազմամարզական վարժարանի հիմնարկեքի արարողությանը: Այն բավականին մեծ տարածք է ընդգրկելու՝ մոտ 46,000 քմ., կկառուցվի միջազգային չափանիշով, տեխնոլոգիական լուծումներով: Սերգեյ Շոյգուին ընդունել է նաև վարչապետ Փաշինյանը: Կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են դաշնակցային հարաբերությունները զարգացնելու հարցեր:

Ցուցարարներ էին հավաքվել Կառավարական առանձնատների մոտ: Նրանք Եկմալյանի նախկին բնակիչներն են՝ մոտ 30 ընտանիք, որ արդեն 15 տարի է` պայքարում է իրենց քանդված տների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Հանրային գերակա շահ ճանաչված այդ տարածքում 3 բարձրահարկ է կառուցվել, որոնցից ոչ մի քառակուսի մետր բնակիչներին բաժին չի հասել՝ չնայած նախապես պայմանագրեր էին կնքել: Նրանց մեծ մասը վարձով է ապրում, իսկ մի քանիսը Եկմալյանի` դեռ չքանդված, խարխուլ տներում: Այսօր, նրանք փորձել են վրաններ խփել կառավարական առաձնատների մոտ, բայց ոստիկանները թույլ չեն տվել:

Գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի բժշկական փորձաքննության արդյունքները հրապարակվեցին այսօր դատական նիստի ժամանակ։ Ըստ այդ եզրակացության՝ գեներալի հիվանդությունները համատեղելի են կալանքին, և նա կարող է մասնակցել դատերին: Դատարանն էլ որոշեց դիմել քաղաքացիական հիվանդանոց, որպեսզի հաջորդ նիստերին ապահովվի Գրիգորյանի ներկայությունը: Նրա պաշտպանները սակայն գրավ կիրառելու միջնորդություն ներկայացրին՝ պնդելով, որ գեներալի կյանքին վտանգ է սպառնում:

Կես տարի պահանջվեց, որպեսզի Փաշինյանը հրաժարվի իր սկանդալային որոշումից: Ապրիլին մաքսատուն այցելած վարչապետին նյարդայնացրել էր երիտասարդ աշխատակցի կեցվածքն ու փոշոտ եռագույնը, և նա անմիջապես որոշել էր, որ Հայկ Մարտիրոսյանը չպետք է այլևս աշխատի համակարգում: Փաշինյանի այս բռնկումը քննադատվեց, բայց առանց հետևանքի. չնայած դրոշը ժառանգվել էր շենքի նախկին տերերից, վրայի փոշին էլ շատերն էին տեսել, պետական խորհրդանիշ չհարգելու մեղքը մնաց երիտասարդի վրա. նա կորցրեց աշխատանքը: Այսօր՝ կես տարի անց, Փաշինյանը միտքը փոխել է և ֆեյսբուքյան իր էջում գրել, թե հրահանգել է ՊԵԿ նախագահին Հայկ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել: Իհարկե համաձայնության դեպքում:

Երևանում սահմռկեցուցիչ սպանություն է բացահայտվել 14 տարի անց: Ոստիկանները պարզել են, որ 2005 թվականի սեպտեմբերին Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկում սպանվել էր 82-ամյա մի կին, որը ժամանակավոր բնակվում էր ազգականի տանը։ Դեպքի օրը կնոջ եւ 47-ամյա ազգականի միջեւ վեճ էր ծագել։ Տղամարդը խեղդելով սպանել էր ազգականուհուն։ Հանցագործությունը թաքցնելու նպատակով էլ դին նկուղում թաղել էր։ Ոստիկանները նկուղում հայտնաբերվել են մարդու ոսկորներ ու հագուստի մնացորդներ։ Տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել ու ձերբակալվել։

Լիբանանի վարչապետը հրաժարական է ներկայացրել: «Պաշտոնները գնում-գալիս են, կարևորը երկրի ապահովությունն է».- հայտարարել է Սաադ Հարիրին: Հիշեցնենք, որ վարչապետը հեռանալու որոշման մասին հայտարարել է մոտ տասն օր շարունակվող հակակառավարական բողոքի ակցիաների ֆոնին: Ցույցերը սկսվել էին սոցիալական պահանջներով, ապա վերաճել քաղաքականի, տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում են իշխանությունների հրաժարականը: