Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է։ Փաշինյանն այցելել է «Սկոլկովո» ինովացիոն կենտրոն, որտեղ մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին:
Նաիրի Հունանյանի ազատության և դրա գնի շուրջ այսօր խոսել են խորհրդարանականները: «Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանը թեև հայտարարեց, որ հանրությունը և ինքը պատրաստ չեն Նաիրի Հունանյանին տեսնել ազատության մեջ, բայց նաև չբացառեց այդ շանսը, եթե Հունանյանը համագործակցի քննության հետ:
Իսկ Արսեն Բաբայանի կալանավորմանը խորհրդարանական ընդդիմությունն արձագանքեց գրեթե իշխանական լեքսիկոնով, ԲՀԿ-ականները հարցը դիտարկում են զուտ իրավական տեսանկյունից:
Խիստ չէր նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի դիրքորոշումը, Մարուքյանը մտահոգություն ունի, բայց բավարար տեղեկություն չունի և առաջարկում է դեռ սպասել:
Հայաստանի արտաքին գործերի նախարարը BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը խոսել է իր քաղաքական կարիերայի մասին: «Ես կայացրել եմ իմ որոշումը՝ դիվանագիտական կարիերայից անցում կատարել քաղաքականի, ինչը զգալի փոփոխություն է»,- ասել է նա՝ նկատի ունենալով նախարարական պորտֆելը Փաշինյանի ղեկավարարած կառավարությունում: Հետհեղափոխական օրակարգից Զոհրաբ Մնացականյանը առանձնացրել է կոռուպցիայի դեմ պայքարը, BBC-ի լրագրողը սակայն նկատել է , որ չնայած Փաշինյանը եվրոպացի պատգամավորներին հավաստիացրել էր, թե արմատախիլ են արել համակարգային կոռուպցիան, դրանից ընդամենը մի քանի շաբաթ անց լուրջ մեղադրանքներ առաջադրվեցին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին: Մնացականյանը պատասխանել է Փաշինանի բառերով, ըստ նրա՝ իրենք կարողացել են տեղ հասցնել այն ուղերձը, որ իշխանությանը ճամպրուկով փող չի բերվելու: Արտաքին ասպարեզում Հայաստանը, որ ԵԱՏՄ-ի անդամ է և ԵՄ-ի գործընկեր, արդյոք չի փորձում երկու ձի միաժամանակ նստել, լրագրողի հարցին ի պատասխան նախարարը հայտարարել է` «Մենք չենք մնում Մոսկվայի կողքին, մենք չենք մնում Բրյուսելի կողքին, մենք չենք մնում Վաշինգտոնի կամ մեկ ուրիշի կողքին: Մենք միայն Երեւանում ենք»:
Այսօր 22-ամյա հրշեջ-փրկարար է մահացել: Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված խոշոր հրդեհը մարելիս, ըստ ԱԻՆ հաղորդագրության, 2 հրշեջ ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ: Հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը տեղում մահացել է, իսկ Էդգար Իշխանի Գրիգորյանը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն: Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:
«Սիրիան լքող ամերիկյան զորքը հնարավոր է ուղարկվի Վրաստան և դառնա «հորիզոնից այն կողմ» ուժը, որը «Իսլամական պետության» վերակազմակերպման դեպքում արագ կարձագանքի»: Այսպիսի սցենար է կանխատեսել Heritage foundation հիմնադրամի վերլուծաբան Լյուք Քոֆին: Նա թվիթերյան իր էջում գրել է «ԱՄՆ-ը կարող է օգտագործել նախկին ռուսական ռազմաբազան Ախալքալաքում, որը Ռաքքայից ընդամենը 740 կմ է հեռու»՝ հավելելով այժմ Վրաստանն ավելի հուսալի է, քան Իրաքը: Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Նինո Գոգուաձեն հայտարարել է, որ ընդամենը դա փորձագետի դիրքորոշումն է: «Վրաստանի շահերից է բխում, որ երկիրն ավելի անվտանգ լինի, դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Անշուշտ, մենք ձգտում ենք, որպեսզի Վրաստանը ցանկացած ագրեսիայից էլ ավելի պաշտպանված երկիր լինի»,- ասել է Գոգուրաձեն:
Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն Բաքվում Անկարայի անհանգստությունն է հայտնել Հայաստանի վարչապետի հայտարարության վերաբերյալ, թե Արցախը Հայաստան է և վերջ: Նա կրկին հավաստել է, որ իրենք մշտապես լինելու են Ադրբեջանի կողքին. «Ադրբեջանի բռնազավթված հողերի ազատելու համար անելու ենք մեր ձեռքից եկած ամեն բան»,- ասել է նա: Չավուշօղլուն նաև Էրդողանի դիրքորոշումն է փոխանցել՝ հայտարարելով «մեր նախագահը Պուտինի հետ հանդիպմանը նշել է, որ իրականում այս խնդիրը չի լուծվի Մինսկի խմբի շրջանակում և Ռուսաստանը միայն կարող է այն լուծել»: Չնայած հերքվել են լուրերը, թե Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի կազմում կռվում են հայեր, այնումենայնիվ Չավուշօղլուն հիշատակել է նաև այս մասին, ընդ որում՝ կեղծիքը խորացնելով հայտարարել, թե դեռ տարիներ առաջ ահաբեկչական Քուրդիստանի աշխատավորական կուսակցության շարքերում եղել են հայ զինյալներ, որոնք սպանել են թուրք դիվանագետների: