Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ԱԺ հանձնաժողովներում սկսվել են 2020 թվականի բյուջեի քննարկումները: Նախագծի փաթեթով խորհրդարան էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց, որ տնտեսական աճի կանխատեսումն այսօր շատ ավելի մեծ է, բայց կառավարությունն առաջնորդվում է պահպանողական սցենարով: Այսինքն՝ հնարավոր էր ավելին, բայց բավարարվում են ոչ ռիսկային քչով, ու թեև կանխատեսվող թվերը հեղափոխական չեն, ըստ Փաշինյանի՝ երկրի տնտեսական տրամադրությունը բարձր է:
Բյուջեի թվերը փաստորեն բավականին զուսպ են արձագանքել վարչապետի հայտարարած տնտեսական հեղափոխությանը: Արդեն ֆինանսների նախարարի հետ քննարկմանը ընդդիմադիր ֆրակցիաներից հիշեցրին ուշացող հեղափոխության մասին:
Իսկ «Լուսավոր Հայաստանին» բոլորովին չէր տպավորել ՀՆԱ-ի 4,9 տոկոս ակնկալվող աճը, ըստ Մանե Թանդիլյանի՝ ինքնահոսի թողնելով, այսինք՝ ոչինչ չանելով էլ այն կարելի էր ապահովել:
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի համար: Այս մասին տեղեկացնում են հատուկ քննչական ծառայությունից: Բաբլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ինքը Բաբլոյանը պատրաստվում է մինչեւ վերջ պայքարել՝ հաստատելու, որ արդար է:
Հիշեցնենք, որ այս հոդվածներով մեղադրանք է առաջադրվել նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին, որը կալանավորվել է: Ըստ մեղադրանքի, կեղծ հիմքեր են ստեղծվել Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ նշանակելու համար: Պաշտոնական մեկնաբանությունները, սակայն, կասկածի տակ են դնում մի շարք իրավապաշտպաններ և քաղաքական գործիչներ՝ համարելով, որ իշխանությունը քաղաքական պատժիչ գործողություն է սկսել՝ ամեն կերպ փորձելով Հրայր Թովմասյանին հեռացնել ՍԴ-ից:
ՍԴ նախագահի հորն ու դուստրերին հարցաքննության հրավիրած կառույցի ղեկավարը լրագրողներին այսօր խնդրել է քաղաքական ենթատեքստ չփնտրել իրենց գործողություններում: Իսկ գույքի այդ գործում բացառված չէ, որ ներգրավեն նաև Հրայր Թովմասյանին, դեռևս նախաքննություն է ընթանում:
Արդեն կարելի է ասել կասկած չկա, որ իշխանությունները կանդրադառնան Հոկտեմբերի 27-ի գործին: Այսօր, հայտնի դարձավ, որ այդ ուղղությամբ ԱԱԾ-ն գործողություններ կիրականացնի, եթե անհրաժեշտություն լինի, իսկ ըստ տնօրենի պաշտոնկատարի՝ անհրաժեշտություն հաստատ կլինի:
Նաիրի Հունանյանը ազատ չի արձակվի, Քրեակատարողական ծառայությունը բացասական զեկույց է ներկայացրել նրան պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ: Մի քանի օր առաջ էլ Պրոբացիայի ծառայությունն էր մերժել Հունանյանի խնդրագիրը: Այսպիսով, 27-ի ոճրագործության պարագլխի դիմումը, կրկնակի մերժում ստանալով, չի հասնի վարչապետին: Այսպիսի խնդրագիր, ըստ օրենքի, նա կարող է կրկին ներկայացնել 1 ու կես տարի անց:
Իսկ Արթուր Վանեցյանի դեմ նոր օպերացիա կարծես չի սպասվում, նրան ձերբակալելու մասին մամուլի լուրերը ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը ստահոդ անվանեց:
BBC-ի «Ծանր զրույց» հաղորդմանը մասնակցելուց հետո Արտաքին գործերի նախարարին շատ քննադատեցին երբեմն իներտ, երբեմն չհնչած պատասխանների համար: Այսօր բուլղար պաշտոնակցի հետ ասուլիսին լրագրողները հարցրին նրա բացթողումներից մեկի մասին. ինչո՞ւ նախարարը չարձագանքեց, երբ BBC-ի հաղորդավարն ասաց՝ «Արցախը Հայաստան չէ»: