կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-29 09:06
Առանց Կատեգորիա

Ինչո՞ւ Արա Բաբլոյանին չկալանավորեցին. «168 ժամ»

Ինչո՞ւ Արա Բաբլոյանին չկալանավորեցին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի 1-ին մասով (իշխանության յուրացում) եւ ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Այս հոդվածը նախատեսում է  խիստ պատիժ՝ 10-15 տարի ազատազրկում, եւ սովորաբար նման խիստ մեղադրանքը ենթադրում է նաեւ խիստ խափանման միջոց՝ կալանավորում, ինչը, սակայն, Արա Բաբլոյանի դեպքում երեկ չկիրառվեց:

Արա Բաբլոյանն այս «մեղադրանքով» շարունակելու է գտնվել ազատության մեջ, քանի որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել Հայաստանից չհեռանալու մասին ստորագրությունը։  Փաստաբան Միհրան Պողոսյանը, օրինակ, այս որոշման մասին իր բացատրություններն ունի: Ըստ նրա՝ եթե անձին այս հոդվածով փորձեին կալանավորել, ստիպված էին լինելու դատարանում ապացուցել հանցագործության հիմնավոր կասկածի առկայությունը՝ սկսած նրանից, որ իբր իշխանության յուրացման դեպք է եղել, վերջացրած նրանով, որ Ա. Բաբլոյանն առնչություն ունի հանցագործության հետ:

«Սակայն ակնհայտ է, որ մեղադրանքի այսչափ գեղարվեստական լինելու պարագայում, իր առջեւ ունենալով «հանցակից» լինելու հեռանկարը, նույնիսկ «ամենավԸնգԸստացող» դատարանը չէր հաստատելու՝ արձանագրելով մեղադրանքի սին լինելը։ Ու քանի որ մենք նախկինից տեղյակ ենք, թե ՀՔԾ-ի համար ինչքան կարեւոր է «դատարանի կողմից հիմնավոր կասկածին չկպնելը» (հիմք՝ պետերի գաղտնազերծված խոսակցությունը), ուստի որոշում է կայացվել խափանման միջոցի հարցը դատարանի քննարկման առարկա չդարձնել՝ այդպիսով խուսափելով «դրան կպնելու« հավանականությունից…»:

Երեկ լրագրողների հետ զրույցում Արա Բաբլոյանն ասել է, որ այս պահին շատ մանրամասներ չի կարող հնչեցնել, սակայն չի ընդունում առաջադրված մեղադրանքը.

«Կարող եմ ասել, որ բացառապես համաձայն չեմ այդ մեղադրանքի հետ եւ հայտարարել եմ, որ այն ապօրինի է: Ինչ որ արել եմ, արել եմ Սահմանադրությամբ եւ օրենքների սահմաններում, որեւէ նախնական պայմանավորվածություններ չեն եղել եւ ամեն ինչ եղել է ճիշտ այնպես, ինչպես միշտ աշխատել է Ազգային ժողովը»:

Մինչ այդ նա ասել էր. «Ամսի 1-ին Գագիկ Հարությունյանը ստորագրել է իր հրաժարականը, եւ ամսի 2-ին այդ փաստաթուղթը եղել է իմ սեղանին: Հիմա արդեն, երբ որ ծանոթանում ենք փաստաթղթի հետ, տեսնում ենք, որ փաստաթուղթը ոչ միայն ամսի 1-ով ստորագրված, ամսի 1-ով եւ՛ կնիք կա Սահմանադրական դատարանի կանցելյարիայի, եւ՛ կնիք կա ամսի 2-ով Ազգային ժողովի: Բայց ամենակարեւորը, որ աշխատակիցները, որոնք պատրաստել են բոլոր այն փաստաթղթերը, որոնք այդ դիմումի հիման վրա ես ստորագրել եմ, նրանք ասում են, որ մենք դա իրականացրել ենք ամսի 2-ին: Եվ այդ, ինչ որ ես հայտարարությամբ հանդես եմ եկել, այդ ամենը տեղադրված է Ազգային ժողովի կայքում հենց ամսի 2-ով»:

«168 Ժամի» թղթակցի հետ զրույցում Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը եւս նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքն իր պաշտպանյալը չի ընդունում:

«Արա Բաբլոյանը որեւէ կապ չունի ոչ իշխանության յուրացման, ոչ էլ պաշտոնեական կեղծիք կատարելու հետ: Նա փաստաթուղթ չի կեղծել, բռնությամբ կամ այլ խախտումով էլ չի տիրացել ո՛չ պետական իշխանության ճյուղերից որեւէ մեկին, ո՛չ էլ Սահմանադրական դատարանի լիազորություններին: Նրան առաջադրված մեղադրանքները բացարձակապես անհիմն են»,- ասել է  պաշտպանը:

Հարցին, թե, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Հատուկ քննչական ծառայությունը հանդես չեկավ կալանքի միջնորդությամբ, Արամ Վարդեւանյանը պատասխանել է, որ իր պաշտպանյալի վարքագիծը պատշաճից շատ ավելի բարձր է եղել, եւ հավանաբար հենց այդ պատճառով էլ կալանքի միջնորդություն չի եղել:

«Արա Բաբլոյանը ցուցմունք տվել է, նախաքննական մարմնի հրավերով ներկայացել է, չի օգտվել լռելու իր իրավունքից: Այդ պարագայում ինչի՞ց ելնելով՝ կալանք տային»,- ասել է Արամ Վարդեւանյանը:

«Ես այս պահին ունեմ մի նպատակ, որ ժողովուրդն ինչպես ինձ հարգել է, այնպես շարունակի ինձ հարգել, ես կմնամ այս երկրում, ոչ մի տեղ չեմ գնա, ես մինչեւ վերջ կպայքարեմ, որ հաստատեմ, որ ես արդար եմ եւ որեւէ ապօրինություն չեմ արել»,- երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ա. Բաբլոյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։